Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օլիգարխներ, դադարե՛ք եկեղեցիներ կառուցելը

Մայիս 28,2015 12:00

Դրանով դուք ձեր հոգին չեք փրկի

Աշխատանքիս բերումով ես հաճախ եմ հանդիպում մարդկանց, որոնք ինձ պատմում են, թե ինչ «կարեւոր ազգային գործեր» են նրանք արել: Նրանց մի մասը փոքր-ինչ տարօրինակ մարդիկ են, որոնք գրպանում պահում են «ազգը փրկելու մասին» երկարաշունչ եւ բավականին մաշված իրենց «տրակտատի» էջերը: Այդ մարդկանց, իհարկե, պետք է կարեկցել, բայց սովորաբար նրանք չեն ուզում, որ մենք՝ լրագրողներս, նրանց օգնենք մեր մասնագիտության շրջանակներում, այսինքն՝ հրապարակում պատրաստենք իրենց «գյուտերի» մասին (իսկ երբ հրապարակում ենք, սովորաբար դժգոհ են լինում՝ «ինչու այդքան կարճ»): Այդ մարդիկ, որպես կանոն, ուզում են, որ մենք «վերեւների» առաջ միջնորդենք, որ «այնտեղ» ուշադրություն դարձնեն իրենց գործունեության վրա: Իրականում մենք այս դեպքում մեզ վրա ենք վերցնում հոգեբանական օգնության գործառույթը՝ այդ մարդիկ պարզապես կարիք ունեն, որպեսզի նրանց որեւէ մեկը լսի:

Բայց խոսքս ոչ թե այդ «կոնտինգենտի» մասին է, այլ հակառակը՝ ընդունված պատկերացումների համաձայն «հաջողակ» մարդկանց մասին՝ հայտնի մտավորականների, պաշտոնյաների, օլիգարխների, որոնք նույնպես սիրում են գլուխ գովել իրենց «ազգային» գործերը ներկայացնելով: Ինչո՞ւ է պետք է համեստ լինել եւ որքան հնարավոր է քիչ խոսել եւ անգամ՝ քիչ մտածել քո «քաջագործությունների» եւ «բարեգործությունների» մասին: Ես մի կողմ եմ դնում այն դեպքը, երբ դա քաղաքական PR է կամ պարզապես ընտրողներին կաշառելու միջոց: Դիտարկենք ինքնագովասանքի ավելի բարդ եւ դրանով իսկ՝ ավելի վտանգավոր հոգեբանական մեխանիզմը:

Մենք սիրում ենք ինքներս մեզ «պարգեւատրել» մեր ունեցած կամ երեւակայած հաջողությունների, առաջընթացի համար: Եթե մենք երկու ժամ անցկացնում ենք մարզասրահում, ապա հաճախ կարծում ենք, որ դրանից հետո կարելի է խմորեղեն ուտել: Եթե մենք ամբողջ օրն աշխատել ենք, ապա մտածում ենք, որ կարելի է դրանից հետո մի-երկու ծխախոտ կպցնել կամ համացանցում ժամեր կորցնել: Եթե մենք հաջողությամբ ավարտում ենք ինչ-որ մի նախագիծ, ապա մեզ թվում է, որ կարելի է գնալ թանկանոց խանութ եւ անիմաստ գումարներ ծախսել: Մի դեպքում բարձր ինքնագնահատականի արժանանալով (թեկուզ եւ միանգամայն վաստակած)՝ մենք թուլացնում ենք մեր զգոնությունը եւ կարծում ենք, որ արժանի ենք անելու ինչ-որ մի բան, որի համար այլ հանգամանքներում ինքներս մեզ ցածր գնահատական կտանք: Եվ այդ առաջին արարքով կարծես թե արդարացնում ենք երկրորդը, բայց իրականում «վատով» առնվազն չեզոքացնում ենք «լավը»: Մեջբերված դեպքերը մանր, կենցաղային թուլություններ են, մեծ մեղքեր չեն, պարզապես մարդկային հոգեբանության առանձնահատկությունների օրինակներ են:

Դառնալով «ազգային մեծ գործեր արած» մեծահարուստներին եւ բարձրաստիճան պաշտոնյաներին (նրանք, ինչպես հայտնի է, Հայաստանում նույն մարդիկ են)՝ պատկերացնենք, որ նրանք ինչ-որ՝ ազնիվ կամ անազնիվ ճանապարհով հաջողության են հասել եւ անում են, իրենց կարծիքով, բարի գործեր: Դա բարձրաձայնելու կամ «մտքում պահելու» դեպքում շատ ուժեղ «արդարացում է» ծայրահեղ անբարո պահվածքի համար, առաջին հերթին՝ հարկեր չմուծելու, մանր սեփականատերերին սնանկացնելու եւ կաշառք վերցնելու: Ես չեմ ասում, իհարկե, որ բարի գործեր պետք չէ անել, անհրաժեշտ է անել ավելի շատ, քան արվում է, բայց դրա մասին պետք չէ խոսել եւ մտածել, որպեսզի դա չդառնա «չար գործերի» արդարացում:

Ինչը հաստատ պետք չի անել՝ դա նոր եկեղեցիների կառուցումն է, ինչը ցուցամոլության, կեղծ բարեպաշտության եւ խոշոր մեղքերի արդարացման հիմքն է: (Այդպես է ժամանակակից Հայաստանում, ոչ թե «ընդհանրապես»): Երեսպաշտության այդ շքերթին, իհարկե, նպաստում է նաեւ օլիգարխիայի հետ սերտաճած բարձրաստիճան հոգեւորականությունը: Որքան մեծ եւ բարձր ես «բռնացնում» քո «բարեգործությունը» (իսկ ի՞նչը կարող է ավելի բարձր լինել, քան Աստծո տուն կառուցելը), այդքան շատ են արդարացումներն ու «հիմնավորումները» առօրյա կյանքում գարշելի մեղքեր գործելու՝ «բա դու գիտե՞ս՝ ես ինչ ազգային գործեր եմ արել»: Փոխաբերական իմաստով ասած՝ մի եկեղեցի կառուցողը միանգամայն արդարացված է համարում նաեւ 10 «բորդել» կառուցելը:

Եկեղեցիների քանակը Հայաստանում, կարծում եմ, միանգամայն բավարար է՝ մնում է դրանց հաղորդել իրական բովանդակություն:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Վահան says:

    Ընտիր վերնագիր է եւ շատ ընտիր կոչ, Հարգելի Արամ!
    – “Իրենք հաց չունին ապրելու համար յոթը վանք են սարքել, խելքի ա-շե-ցե-եք”

  2. Ջիվան Նադարյան says:

    Միանգամայն իրավացի եք հարգելի Աբրահամյան:

  3. Աբո says:

    Այո անիմաստ ծախսեր են, որովհետև ՝ դրանից աղանդավորների քանակը, կամ երկիրը լքողների քանակը չի քչանում:
    Ավելի լավ կլիներ եթե այդ գումարները, աշխատավարձի տեսքով վճարվել, իրենց ձեռքի տակ աշխատողներին: Եթե մարդկանց աշխատավարձը բարձացնեին մի տասը հազար դրամ, մարդիկ 17 դրամի համար դուս չեն գա փողոց: Նման դեպքերում ՝ պետությանը պարտավոր է համապատասխան տոկոսով բարձրացնել ժողովրդի թոշակները և աշխատավարձը (իմ կարծիքով սա պետք է պահանջել պետությունից, իսկ պետությունն էլ ՝ էլ.ցանցի հետ թող լեզու գտնի):

  4. Hovakim Harutyunyan says:

    Այստեղ կրկին խոսեց Հ.Թումանյանը.
    Տկարից խլեց,խեղճից գողացավ,
    Հարուստի առաջ ծառա ձևացավ,
    Իշխանավորի ոտքերը լիզեց
    Ու ոսկի դիզեց:

    Կեղծավոր դեմքով,շողոքոթ խոսքով
    Հռչակեց իրան մարդոց սրտացավ,
    Իսկ երբ որ մեռավ՛ դառն արտասվեցին,
    Կանգնեցրին արձան անվախճան փառքի:

  5. ominac says:

    Յուսամ, Օլիգարխները երբեք եկեղեցի կառուցելէ չէն դադրիր։ Սովետը ամեն ինչ ալ ունէր, պարզապէս ծրագրաւորումը սխալ էր։ Հիմա որ կը վերակառուցուի եւ հիմնապէս կը վերածրագրաւորուի, ամենէ շատ եկեղեցիին պէտք ունինք։ Եկեղեցին միակ հաստատութիւնն է որ մարդու ծրագրաւորումով կը զբաղուի։ Եկեղեցին մարդու վրայ ճնշում կը դնէ որպէսզի պարկեշտ շարժի։ Այս իր հերթին շատ աւելի օգուտ կուտայ մեր ազգին քան թէ գործարան բանայ։ Կրնայ ըլլալ որ այդ եկեղեցի կառուցողը ինչ որ յետին մտքեր ունի։ բոլոր դէպքում մէկ մարդ է։ Բայց եկեղեցիի ներկայութիւնը հազարաւոր մարդկանց պիտի ճնշէ արդարացի ըլլալու համար։ Դարը շատ փոխուած է։ Եթէ մենք աշխարհին պիտի ներկայանանք, առանձին կամ մի քանի հոգիով չենք կրնար ներկայանալ։ Գոնէ 100 , 500 կամ 1000 հոգինոց ըներութիւններով է որ պիտի ներկայանանք։ Եւ այդ ընկերութիւններուն ողն ու ծուծը արդարամտութիւնը, պարկեշտութիւնը, արժանապատուութիւնն է։ Ուսումնական հաստատութիւնները միայն գիտելիք կուտան։ Արդարամէտ շարժելու համար եկեղեցին կրնայ օգնել։ Օրուան վերջը մեր բոլոր նեղութիւններուն հիմքը մեր մշակոյթն է։ Տաքգլուխութիւնը, կաշառակերութիւնը, խաբէութիւնը, եւայլն, բոլորին եկեղեցին կրնայ հասցէագրել ։ Ընկերութիւն մը որպէսզի յաջողի պէտք է մշակութապէս զարգացած ըլլայ, Անգամ մը որ մի քանի հարիւր յաջող մեծ ընկերութիւններ ունենաք , ուր որ մարդիկ կրնան աշխատանքի երթալ, այն ժամանակ այդ ընկերութիւնները կրնան ըլլալ մշակույթի տարածման օրրանը։ Բայց մինչ այդ եկեղեցին իր տեղը ունի այսօրուայ Հայաստանի մէջ։
    Ինչքան ես գիտեմ, հայոց կաթողիկոսը անբարոյական մարդ է, բայց պէտք չէ այդ անձը եկեղեցիին հետ շփոթէք։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031