Ըստ Ֆրանսիայի Ռազմական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ Կայծ Մինասյանի` նոր մտածելակերպով մարդիկ են հարկավոր, խորհրդային մտածելակերպը տեղ չունի այլեւս:
– Պարոն Մինասյան, «Արեւելյան գործընկերության» Ռիգայի գագաթնաժողովն ինչպե՞ս կգնահատեք ընդհանուր առմամբ, արդարացա՞ն սպասումները:
– Ընդհանուր առմամբ այդ գագաթնաժողովը ցույց տվեց, որ Ռուսաստանի եւ Եվրոպական միության հարաբերությունները փոքր-ինչ ավելի մեղմվել են: Կա այն մթնոլորտը, քաղաքական կամքը, որպեսզի լուծեն խնդիրները, որպեսզի աղմուկ չբարձրացնեն, հանդարտվեն: Սա դրական միտում է, որովհետեւ պարզ է, որ որքան Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունները «լավ» են, այնքան լավ` Հայաստանի համար: Եթե այդ հարաբերությունները բարդանան, լարվեն` Հայաստանը ծանր դրության մեջ կհայտնվի: Ուրեմն ամփոփելով՝ ասենք, որ քանի որ ՌԴ-ԵՄ հարաբերությունները դեպի մեղմացում են գնում, Հայաստանը շահեկան վիճակում է հայտնվել՝ մանավանդ որ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ ԵՄ-ի եւ Ռուսաստանի միջեւ, քանի որ Հայաստանը ԵՏՄ անդամ է եւ ձգտում է նոր հանգրվանի հասնել ԵՄ-ի հետ: Եվրոպան ցանկանում է, որպեսզի Հայաստանը ավելի աշխույժ ձեւով աշխատի ԵՄ-ի հետ` «Արեւելյան գործընկերության» շրջանակներում:
Այս պարագայում Հայաստանն էլ հնարավորություն է ստանում իր «խաղը» խաղալ: Հենց այդ պատճառով Սերժ Սարգսյանն այցելեց Ռիգայի գագաթնաժողովին` ցույց տալու համար, որ պատրաստ է ԵՄ-ի հետ ավելի սերտ հարաբերությունների, եւ որ ներկա է՝ հակառուսական դրսեւորումներին ոչ ասելու համար: Ինչպես հայտնի է, այդպես էլ եղավ, գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության նախնական տարբերակն ընդդեմ Ռուսաստանի էր, այդ իսկ պատճառով Հայաստանի եւ Բելառուսի նախագահներն իրենց անհամաձայնությունն էին հայտնել: Այսպիսով, Հայաստանի կողմից ճիշտ քայլ էր նախագահի մակարդակով Ռիգայի գագաթնաժողովին մասնակցելը:
Կարդացեք նաև
– Սերժ Սարգսյանը մի քանի անգամ իր ելույթներում խոսել է այն մասին, որ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ: Ռիգայում Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենի հետ հանդիպմանը վերջինս ողջունել էր Հայաստանի՝ ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ կապող կամուրջ դառնալուն ուղղված քաղաքականությունը, ինչը, նրա համոզմամբ, կարող է դառնալ համագործակցության կարեւոր հարթակ։ Այստեղ Հայաստանը պարզապես մանեւրելու հնարավորություն կարո՞ղ է ստանալ, թե՞ իսկապես նման լուրջ միջնորդ դառնալու հնարավորություն եք տեսնում:
– ԵՏՄ-ին անդամակցող Հայաստանը եթե կարողանա ԵՄ-ի հետ բանակցություններ սկսել քաղաքական մասով, համաձայնագիր ստորագրել ԵՄ-ի հետ` միաժամանակ մնալով ԵՏՄ անդամ, ցույց կտա, որ հնարավոր է երկու կառույցների հետ համագործակցել: Հայաստանի օրինակով կարելի է ցույց տալ մյուս երկրներին էլ, որ հնարավոր է սերտորեն համագործակցել երկու կառույցների հետ: Այս առումով Հայաստանը կարող է կամուրջ դառնալ, որպեսզի երկրները ստիպված չլինեն ընտրել կա՛մ Ռուսաստանի, կա՛մ ԵՄ-ի կողմը: Այժմ շատ կարեւոր շրջան է. Եվրոպան իր ծրագրերն ունի Հայաստանի հետ` կապված Իրանի հետ: Հաջորդը` Հայաստանն իր դիվանագիտությամբ կամաց-կամաց իր նպատակներին հասնում է. Հայաստանն անդամակցեց ԵՏՄ-ին, ԱՄՆ-ի հետ ստորագրեց Ազատ առեւտրի համաձայնագիրը, եւ ԵՄ-ի հետ կսկսվեն բանակցություններ, ու վստահաբար կստորագրվի համաձայնագիր գոնե քաղաքական բաժնով: Հայաստանը ձգտում է ցույց տալ, որ պետք է ապրել խաղաղ աշխարհում` համագործակցելով թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ՌԴ-ի, թե՛ ԵՄ-ի հետ, պետք չեն բաժանարար գծեր Արեւմուտքի եւ ՌԴ-ի միջեւ: Հայաստանը ցանկանում է ցույց տալ, որ իր օրինակին հետեւելով՝ կարելի է լուծել խնդիրները:
– Դառնանք Ադրբեջանին, որն արեւմտյան երկրների եւ կառույցների կողմից բավական կոշտ քննադատության է ենթարկվում: Հնարավո՞ր եք համարում, որ այս իրավիճակում Ադրբեջանն ավելի թեքվի դեպի ՌԴ` ակնկալելով ԼՂ կարգավորման գործընթացում Կրեմլի աջակցությունը: Մոսկվայում օրերս քննարկվեց ԼՂ կարգավորման հարցը, Ադրբեջանի ԱԳ նախարարը նշեց, որ ԼՂ-ի հիմնախնդիրն արդեն չափից ավելի է հասունացել, եւ որ անհրաժեշտ է լուծել այն, իսկ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը ՌԴ-ի արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվում է:
– Այն, որ Ալիեւը չմեկնեց Ռիգայի գագաթնաժողովին, հատուկ պատճառ կար՝ նա չէր ցանկանում հանդիպել Սերժ Սարգսյանին, եւ եթե ներկա գտնվեր, հավանական է, որ պետք է հանդիպեր: Սա ուղղակի հարված էր ԵԱՀԿ Մինսկի խմբին: Ալիեւը փորձում է ցույց տալ, որ ՌԴ-ի հետ խնդիր չունի, ավելի ջերմ են հարաբերությունները ՌԴ-ի հետ, քան ԵՄ-ի: Ըստ պաշտոնական Բաքվի` Եվրոպան գնահատում է Ադրբեջանը նավթի եւ գազի համար, այդ իսկ պատճառով իրեն հզոր է զգում, կարծում է, թե չպետք է քննադատության ենթարկվի, Ադրբեջանի առջեւ չպետք է պահանջներ դրվեն Արեւմուտքի կողմից, մանավանդ հիմա` Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերից առաջ: Ադրբեջանը համարում է, որ ամեն ինչ ստանալու է Ռուսաստանից՝ գիտակցելով, որ ՌԴ-ն այսօր ավելի շատ է կարեւորում Ադրբեջանի հետ հարաբերությունները, քան Հայաստանի: Ադրբեջանին ավելի կարեւորություն տալը, սակայն, չի նշանակում խփել Հայաստանին եւ ճնշումներ գործադրել:
Բացի այդ, ռուս-ադրբեջանական հարաբերություններն էլ միանշանակ այդքան հարթ չեն կապված` ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հարցով: Ադրբեջանը չի ցանկանում անդամակցել այդ կառույցին, Բաքվի սկզբունքը հետեւյալն է` բոլորի հետ լավ լինեմ` առանց անդամակցության: Այդ իսկ պատճառով նրանք ցանկանում են ՌԴ-ին ապացուցել, թե` նայեք, մենք լավ աշակերտ ենք, Ալիեւը չմեկնեց Ռիգայի գագաթնաժողովին` ցույց տալու համար, որ իրենց համար դա այնքան էլ կարեւոր հավաք չէր: Իսկ ԵՄ-ն պատասխանեց Ալիեւի այդ քայլին «ապտակով»՝ գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ Ադրբեջանի ակնկալած սկզբունքը չհիշատակվեց: Կարեւոր էր այդ հայտարարությունը ԼՂ հակամարտության համար, թե ոչ` այլ հարց է, սակայն փաստ է, որ այդ «խաղը» իրականացվեց:
Ադրբեջանը պատրաստ է բոլորի հետ համաձայնության գալ` բացի Հայաստանից, ՀՀ-ից են նրա բոլոր պահանջները, Հայաստանին են ցանկանում ծնկի բերել, որպեսզի Ադրբեջանն ավելի հզոր երեւա: Բայց ավարտվել է այդ շրջանը, Հայաստանի կարեւորությունն այսօր ավելին է, քան քսան տարի առաջ: Ինչո՞ւ: Մի պարզ պատճառով. որքան Թուրքիան ու Ադրբեջանը հզորանան տնտեսապես ու քաղաքականապես, Հայաստանի դիրքերն ավելի են ամրանում, որովհետեւ աշխարհում որեւէ պետություն` Իրանը, Ռուսաստանը, Եվրոպան, Չինաստանն ու ԱՄՆ-ը, որեւէ մեկը չի ցանկանում, որ Թուրքիան ու Ադրբեջանն այդ աստիճան հզորանան: Դժբախտաբար, սակայն Հայաստանի իշխանություններն այս գործընթացներից չեն օգտվում ինչպես հարկն է:
– Իսկ հնարավո՞ր եք համարում, որ Մոսկվան վերջին պահին կրկին արգելի Հայաստանին ԵՄ-ի հետ նոր համաձայնագիր ստորագրել, թե՞ հիմա, երբ նկատվում է ԵՄ-Ռուսաստան հարաբերություններում որոշակի մեղմացում, Հայաստանի համար նույնպես բարենպաստ իրավիճակ է այս առումով:
– Նախ` ռուսներն արեցին այն, ինչ ցանկանում էին, եւ ստացան, ինչ ցանկանում էին: Բայց ՌԴ-ն էլ դեպի Եվրոպա նայող Հայաստանի կարիքն ունի, որովհետեւ եթե Հայաստանը դառնա օրինակ, Հայաստանը թե Ռուսաստանին, թե ԵՄ-ին կապացուցի, որ հնարավոր է համատեղել հարաբերությունները: ՌԴ-Արեւմուտք խնդիրները դեռ ամբողջությամբ չեն հարթվել, եւ եթե հարաբերություններն ամբողջությամբ կարգավորվեն, այդ ժամանակ Հայաստանը հանգիստ կարող է համաձայնագիր ստորագրել ԵՄ-ի հետ, մինչ այդ, սակայն, վաղ է ասել՝ ՀՀ-ն փաստաթուղթ կստորագրի՞ ԵՄ-ի հետ, թե՞ ոչ:
Հայաստանը ճիշտ վարվեց վերջին շրջանում իր քայլերով թե՛ դեպի Ռուսաստան, թե՛ դեպի ԱՄՆ, թե՛ դեպի ԵՄ եւ թե՛ դեպի Չինաստան: Հայաստանն իր դիվանագիտությամբ ցույց է տալիս, որ բոլոր գերտերությունների հետ ձգտում է աշխատել՝ միաժամանակ նկատելով, որ նրանք էլ կարեւորում են Հայաստանը: Բայց, դժբախտաբար, Հայաստանի դիվանագիտությունը ավելի առաջ չի գնում: Աշխարհաքաղաքական այս կարեւոր ժամանակաշրջանում Հայաստանի կողմից նոր գաղափարներ ու նախաձեռնություններ են անհրաժեշտ՝ նոր դեմքերով, նոր կարող ուժերով: ՀՀԿ-ն սպառել է իրեն, այդքան ժամանակ իշխանության է, դա իսկապես հոգնեցուցիչ է: Նոր մտածելակերպով մարդիկ են հարկավոր, խորհրդային մտածելակերպը տեղ չունի այլեւս, պետք է փոխվի այդ իրավիճակը ներսում, դրա ժամանակն է հասունացել:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.05.2015