Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՊԱ-ն էլ ներդրվեց, բայց վարորդները դատարաններում ֆինանս, նյարդեր ու ժամանակ են վատնում

Մայիս 28,2015 15:00

Տարիներ առաջ, երբ մեր երկրում ներդրվում էր ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությունը՝ ԱՊՊԱ-ն, վարորդների դժգոհություններին ի պատասխան՝ տրանսպորտի ոլորտի պատասխանատուները՝ ճանապարհային ոստիկանությունից սկսած, վստահեցնում էին, թե վարորդները կազատվեն գլխացավանքից եւ քաղաքակիրթ ճանապարհով կլուծեն վթարների արդյունքում ծագած խնդիրներն ու վեճերը: Սակայն այսօր փորձը ցույց է տալիս, որ ԱՊՊԱ-ներն էլ որոշ դեպքերում վարորդների խնդիրը չեն կարողանում լուծել, եւ վարորդները, չնայած այն բանին, որ ապահովագրած ավտոմեքենայի համար պարտաճանաչ վճարումներ են կատարում, ստիպված են լինում դատարաններում ժամանակ, ֆինանս ու նյարդեր վատնել:

Արթուր Իչմիլյանը մոտ 1 տարի է՝ դատարանում չի կարողանում ապացուցել, որ Կոմիտասում իր եւ քաղաքացի Սահակ Պորտուգալյանի միջեւ տեղի ունեցած վթարի մեղավորը Սահակ Պորտուգալյանն է՝ չնայած որ վերջինս պետավտոտեսուչի ներկայությամբ իր մեղքն ընդունել է: Այդ մասին է վկայում նաեւ վթարի առիթով դեպքի վայր ժամանած պետավտոտեսուչի տված ելակետային տվյալների եզրակացությունը: Սակայն ո՛չ ապահովագրական ընկերության, ո՛չ փորձագետների, ո՛չ էլ դատարանի համար պետավտոտեսուչի տված եզրակացությունը հավատ չի ներշնչում: Մինչդեռ պետավտոտեսուչը տեղում լինելով՝ գծագրել է եւ եկել այն եզրակացության, որ վթարի մեղավորը Սահակ Պորտուգալյանն է, որի «Opel» մակնիշի ավտոմեքենան ապահովագրված է «Նաիրի Ինշուրանս» ընկերությունում: Հետեւաբար այս ապահովագրական ընկերությունն էլ պետք է փոխհատուցեր Արթուր Իչմիլյանին՝ մեքենային հասցված վնասի համար:

Սակայն «Նաիրի Ինշուրանս»-ը հրաժարվել է քաղաքացուն փոխհատուցել՝ պատճառաբանելով, որ վթարից հետո վարչական վարույթ չի իրականացվել: Արթուր Իչմիլյանի խոսքերով՝ իրենք Սահակ Պորտուգալյանի հետ հրաժարվել են վարչական վարույթից, քանի որ վարորդ Պորտուգալյանն ընդունել է իր մեղքը, ինչն արձանագրել է դեպքի վայրում գտնվող պետավտոտեսուչը, հետեւաբար վարչական վարույթ հարուցելու անհրաժեշտություն չի եղել: Ա. Իչմիլյանի ներկայացմամբ՝ վթարը տեղի ունենալուց հետո երկու վարորդների ԱՊՊԱ գործակալներն անմիջապես ժամանել են դեպքի վայր, նկարել եւ գնացել: Բայց քանի որ վթարը երկրորդային փողոցում է տեղի ունեցել եւ փողոցում գծանշում չի եղել, պետավտոտեսուչն է գծանշումներ կատարել ու ըստ այդմ էլ ելակետային տվյալներ տվել:

Գործն ուղարկվել է փորձաքննության, սակայն ո՛չ արդարադատության նախարարությանը կից փորձագիտական ՊՈԱԿ-ի փորձագետներն են կարողացել գլուխ հանել, թե որ վարորդն է մեղավոր, ո՛չ էլ Ֆինանսական հաշտարարի գրասենյակի մասնագետները՝ պատճառաբանելով, որ դեպքի լուսանկարները չեն համապատասխանում պետավտոտեսուչի տված գծագրին: Հենց այս հանգամանքն էլ «Նաիրի Ինշուրանս»-ի համար հիմք է հանդիսացել, որպեսզի հրաժարվի քաղաքացուն փոխհատուցելուց: Որպեսզի ազատվի փոխհատուցման պարտավորությունից՝ ապահովագրական ընկերությունը դիմել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առաջին ատյանի դատարան: Ա. Իչմիլյանը նույն դատարան է դիմել հակընդդեմ հայցով:
Գործը վարող դատավոր Լիլիթ Կատվալյանը նույնպես պետավտոտեսուչի տված եզրակացությունը բավարար ապացույց չի համարել եւ վճռել է հօգուտ «Նաիրի Ինշուրանս»-ի՝ ապահովագրական ընկերությանն ազատելով վարորդ Իչմիլյանին մոտ 600-650 հազար դրամ (քաղաքացու «BMW» ավտոմեքենային հասցված վնասն այդքան է գնահատվել) փոխհատուցելու պարտավորությունից:

Ի նշան բողոքի՝ Արթուր Իչմիլյանն իր վնասված ավտոմեքենայի հետեւի ապակուն փակցրել է՝ «Նաիրի ինշուրանսը չի փոխհատուցում» գրառումը, ինչը հարուցել է ապահովագրական ընկերության վրդովմունքը: «Նաիրի Ինշուրանս»-ն այս անգամ էլ դիմել է դատարան ընկերությանը զրպարտելու հայցով՝ պահանջելով վերացնել գրառումն ու գործարար համբավին պատճառած վնասն էլ փոխհատուցել:

Գործը կրկին լսվել է նույն դատարանում, սակայն այս անգամ դատավոր Հրաչյա Հովհաննիսյանի վարույթում: Դատավոր Հովհաննիսյանը որոշել է, որ Արթուրը զրպարտել է «Նաիրի Ինշուրանս»-ին, ինչի համար, որպես տույժ, պետք է ապահովագրական ընկերությանը վճարի 1 միլիոն 800 հազար դրամ: Թե դատավոր Հովհաննիսյանն ինչպես է որոշել, որ Ա. Իչմիլյանը ապահովագրական ընկերությանը 1 միլիոն 800 հազար դրամի վնաս է պատճառել՝ չունենալով այդ մասին վկայող որեւէ ապացույց, պարզ չէ:
«Առավոտի» հարցին, թե ընկերությունն ինչպիսի՞ ֆինանսական վնասներ է կրել, «Նաիրի Ինշուրանս» ընկերության իրավաբանական բաժնի պետ Մանե Մարտիրոսյանն ասաց, որ Քաղաքացիական օրենսգրքի այն հոդվածում, որով դատարանը որոշել է, որ ընկերության գործարար բարի համբավն արատավորված է, մատնանշվում է, որ ընկերությունը պարտավոր չէ ապացուցել իր կրած վնասի չափը, եւ որ ընկերությունը պետք է ապացուցի, որ վնասը կրել է:

«Դատարանն ապացուցեց, որ վնասն արդեն իսկ պատճառված է: Տվյալ պարագայում հաշվի առնելով, որ մենք գործ ունենք գործակալական վաճառքի հետ, եւ այլ մրցակից ընկերություններ էլ սա օգտագործել էին՝ հաճախորդների ներգրավման վրա ազդող հոդվածներ զետեղելով Ֆեյսբուքում, որոնք նաեւ դատարանին ներկայացվեցին որպես ապացույց, ապա փաստ է, որ վնասն առկա է եւ արդեն իսկ ապացուցված է: Վնասն առկա է, եւ վնասի չափը դատարանն է որոշում: Հաշվի առնելով, որ սա ֆինանսական ընկերություն է, մենք դատարանին ներկայացրել ենք հաշվետվություն այն մասին, որ ընկերությունը գովազդի նպատակով 2013-2014 թվականին միայն վաճառքի զարգացման համար 100 միլիոն դրամի ծախս է կատարել»:

Մանե Մարտիրոսյանի խոսքերով՝ Արթուր Իչմիլյանն առանց ընկերության համաձայնության օգտագործել է ընկերության լոգոտիպը, որը գրանցված է որպես ապրանքային նշան մտավոր սեփականության գործակալությունում. «Ոչ ոք իրավասու չէ իր անձնական կարիքների կամ իր մտադրությունների համար մեր լոգոտիպը եւ մեր ֆիրմային անվանումը օգտագործել, եթե չկա մեր համաձայնությունը. քաղաքացին փակցրել է ընկերության ֆիրմային լոգոն իր չվերանորոգված, պատահարից վնասված ավտոմեքենայի վրա մի քանի կողմից եւ հետեւի ապակուն գրառում է փակցրել՝ «Նաիրի Ինշուրանսը չի փոխհատուցում»:

Մենք ամենահին ապահովագրական ընկերությունն ենք, «Նաիրի Ինշուրանս»-ը գործում է 1996 թվականից, եւ միշտ բաց ենք հասարակության առաջ: Մենք դիմեցինք քաղաքացուն՝ ասելով, որ դատարանը կքննի գործը եւ կորոշի՝ ով է ճիշտ, ով է սխալ, եւ եթե մենք սխալ ենք, կփոխհատուցենք, հետեւաբար մեքենային փակցված արտահայտությունը վերցրու: Սակայն քաղաքացին հրաժարվեց՝ ասելով, որ իր բողոքը ոչ միայն իր գործով է, այլեւ ուղղված է ընկերության հասցեին:

Դրա վառ ապացույցն էին ֆեյսբուքյան էջում կատարած գործողությունները: ֆեյսբուքյան էջում մեզ մրցակից ապահովագրական ընկերության աշխատակիցներն անգամ գրառում էին կատարել, թե՝ եթե այդպես է, այդ դեպքում ընդհանրապես ինչո՞ւ եք ընտրում «Նաիրի Ինշուրանս»-ը, եկեք մեզ ընտրեք եւ այլն: Շատերը դա օգտագործել էին որպես գործիք՝ մեր առեւտրային շահին վնաս պատճառելու համար: Այդ իսկ պատճառով ընկերությունը ձեռնամուխ եղավ դատական կարգով պաշտպանության»:

Արթուր Իչմիլյանի փաստաբան Դավիթ Սրապիոնյանի խոսքերով՝ զրպարտության գործով դատարանը վճիռը կայացրել է մի շարք նյութական եւ դատավարական նորմերի խախտմամբ:

Ըստ Դավիթ Սրապիոնյանի՝ դատարանը հաշվի չի առել, որ «Նաիրի Ինշուրանս»-ը զրպարտելու մեղադրանքով հայցը դատարան է ներկայացրել ժամկետները խախտելով: Այսինքն՝ խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված մեկամսյա ժամկետը, որով սահմանվում է, որ հայցվորը իմանալու պահից մեկամսյա ժամկետում պետք է դիմեր դատարան, մինչդեռ «Նաիրի Ինշուրանս»-ը դատարան է դիմել երկու ամիս հետո:

Ըստ փաստաբանի՝ օրենքը երկու ժամկետ է սահմանում՝ կատարման եւ իմանալու. կատարման պահից 6 ամսվա ընթացքում, իմանալու պահից՝ 1 ամսվա: Եվ քանի որ կատարման պահն անհայտ է, ընկերությունն իմացել է մեկ ամիս հետո եւ դատարան դիմելու փոխարեն՝ գրառումը վերացնելու համար դիմել է ոստիկանություն, որն էլ ընկերությանն ուղղորդել է դատարան, եւ ստացվել է, որ իմանալու պահից միայն երկու ամիս անց է ապահովագրական ընկերությունը դիմել դատարան:
Չնայած սրան՝ դատարանն իր վճռում գրել է, որ կատարման պահից 6-ամսյա ժամանակահատվածում է դիմումը մուտք արվել, բայց դատարանը ոչ մի ապացույց չի ունեցել. ոչ հայցվորն է նման փաստ ներկայացրել, ոչ էլ Արթուր Իչմիլյանը:
Ընկերության իրավաբան Մանե Մարտիրոսյանը՝ հղում անելով դատավորի վճռին, ասաց. «Դատարանը գնահատեց, որ օրենքով նախատեսված 6 ամսվա ժամկետը պահպանված է, եւ ընկերությունը ոչ մի ժամկետ չի խախտել: Մինչ այդ ընկերությունը դիմել էր ոստիկանություն»:

Դավիթ Սրապիոնյանը ուշադրություն է հրավիրում նաեւ այն հանգամանքին, որ դատավորն իր վճիռը հիմնավորել է Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումով, որը վերաբերում է ԶԼՄ-ներով տարածվող տեղեկություններին: Այսինքն՝ ըստ փաստաբանի. «Առանձնահատկությունը կայանում է նրանում, որ սույն գործի փաստերի եւ վկայակոչված նախադեպային որոշմամբ հաստատված փաստական հանգամանքները էականորեն տարբերվում են նրանով, որ ԶԼՄ-ների միջոցով տարածվող տեղեկությունների տարածման պահը հնարավոր է հստակ պարզել օրինակ՝ թերթի հրապարակման ամսաթվից եւ ըստ այդմ ներկայացնել դատարան, իսկ տվյալ պարագայում, քանի որ գրառումը կատարվել է ֆիզիկական անձի կողմից իր մեքենայի հետնապակուն զետեղելու միջոցով, եւ հետեւաբար գրառումը փակցնելու պահը օբյեկտիվորեն հնարավոր չէ պարզել (նշվածի վերաբերյալ հայցվորի կողմից որեւէ ապացույց չի ներկայացվել, ուստի Դատարանը գրառման կատարման սկզբի հետ կապված չէր կարող որեւէ ողջամիտ դիրքորոշում հայտնել՝ դրա վիճելի լինելու հիմքով), ուստի այս ելակետային հանգամանքը դատարանի կողմից անտեսվել է»:

Ինչ վերաբերում է առաջին գործին, ապա Մանե Մարտիրոսյանն ասաց, որ առկա փաստաթղթերի հիման վրա է ապահովագրական ընկերությունը կրում հատուցում տրամադրելու պարտականություն, սակայն քանի որ չի եղել դեպքի վերաբերյալ հետաքննիչի կազմած փաստաթուղթը, իսկ պետավտոտեսուչի եզրակացությունից էլ պարզ չէ՝ ով է մեղավորը, ինչը վկայել են նաեւ փորձագետները, ապա ապահովագրական ընկերությունն ինքը չի կրում ապահովագրական հատուցում տրամադրելու պարտականություն:

Նշենք, որ «Նաիրի Ինշուրանս» ընկերությունում 60 տոկոս բաժնետեր է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը՝ 774 միլիոն դրամ կանոնադրական կապիտալով: Ի դեպ, չնայած նրան, որ այս ապահովագրական ընկերությունը շուկայում ամենաառաջինը ստեղծված ընկերություններից է եւ գործում է 1996 թվականից, 1000 խոշոր հարկատուների ցանկում, այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով, «Նաիրի Ինշուրանս»-ը ապահովագրական ընկերություններից իր վճարած հարկերով ամենավերջին տեղերում է:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031