Սյունիքի մարզի մի շարք գյուղերում այս սեզոնին բնակիչները դաշտից բանջար, սունկ են բերում եւ վաճառում: Շատ գյուղեր մեծ տարածքներով արոտավայրեր չունեն՝ անասնապահությամբ զբաղվելու համար, մշակովի բույսերի համար էլ ոռոգման ջրի խնդիր ունեն:
Շինուհայր համայնքի բնակիչները եւս ունեն այս խնդիրները, նրանք խանութից գնումներ են անում հիմնականում պարտքով: «Առավոտ»-ի հետ զրույցում խանութի վաճառողը, որը նաեւ խանութի սեփականատերն է, ցույց տվեց հաստափոր պարտքի տետրը եւ ասաց, որ շատ քչերն են կանպիկ գումարով առեւտուր անում. «Մարդիկ կան՝ տարիներով պարտք են ու չեն էլ կարողանում վճարել, ի՞նչ անես, մարդը փող չունի»,- նշեց վաճառողը, որը չցանկացավ ներկայանալ: Խանութի հաճախորդներից մեկը մեր ներկայությամբ նվերի համար ափսեներ գնեց եւ պարտքի ցուցակում ավելացրեց պարտքի չափը: «Աշխատանք չկա, փող չկա, մասնագիտությամբ հոգեբան եմ, բայց դպրոցում տեղ չկա, ի՞նչ անեմ, ինչպե՞ս ապրեմ, ստիպված պարտքով եմ ապրում»,- ասաց նա: Խանութում էր նաեւ գյուղի դպրոցի ուսուցիչներից մեկը, որը խոսելով գյուղի խնդիրների մասին՝ ասաց, որ արտագաղթի պատճառով ունեն նաեւ աշակերտների թվի նվազում՝ 530 աշակերտից մնացել է 460-ը:
«Այսօրվա երեխայի պատկերացումները տարբեր են. դպրոցում այլ բան ենք սովորեցնում, կյանքում այլ բան են տեսնում»,- նշեց ուսուցչուհին, որը եւս չցանկացավ ներկայանալ: Նա նշեց, որ այսօր երեխան մտածում է ուսանող լինելու մասին, ոչ թե մասնագետ դառնալու. «Բարձրագույն կրթությունը ստանում են, հետո գնում նորից վարսահարդար են սովորում, որ կարողանան գոնե իրենց գոյությունը պահել»:
Համայնքների խոշորացման վերաբերյալ էլ ուսուցչուհին ասաց. «Քանի որ մեր գյուղն է կենտրոնը լինելու, մենք այնքան էլ վատ չենք տրամադրված: Ես ցավ եմ ապրում այն բանի համար, որ այն գյուղերում, որ փոքր են եւ պետք է միավորվեն, կլինեն կրճատումներ: Այդ գյուղերում արտագաղթը ավելի շատ կլինի, կթողնեն կհեռանան, կդատարկվի»: Նա նշեց, որ Հայաստանում ոչ թե արտագաղթը պետք է շատանա, այլ ներգաղթը, եւ խոշորացումն էլ գոնե այնպիսի պայմաններ ստեղծի, որ 2 տարի հետո այդ հարցին շատ ուրախ կարողանան պատասխանել:
Կարդացեք նաև
ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.05.2015