Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ոնց որ ասեք ԿԳ նախարարությունը հավատարմագրված չէ»

Մայիս 28,2015 14:00

Որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը
տարօրինակ չի համարում իրենց կառույցի չհավատարմագրված լինելը

Որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է ՈԱԱԿ -ն իրականացնում նախնական, միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ եւ ծրագրային հավատարմագրում, երբ ինքը հավատարմագրված չէ: «ՈԱԱԿ-ը տարվա վերջին կդիմի միջազգային հավատարմագրման համար»,- պատասխանեց պարոն Թոփչյանը: Մեր հարցին՝ այդ դեպքում մի՞թե լեգիտիմ է ստացվում իր ղեկավարած կառույցի իրականացրած հավատարմագրումը, երբ ինքը հավատարմագրված չէ, Ռուբեն Թոփչյանը պատասխանեց. «Իհարկե… Ինչպե՞ս ՈԱԱԿ-ը հավատարմագրված պետք է լիներ սկզբից, երբ հավատարմագրում են արդեն կատարած աշխատանքի արդյունքների հիման վրա: Եթե ես ոչ մեկի չեմ հավատարմագրել, ինձ չեն հավատարմագրի, դա անհնար է: Մեր երկիրն ունի իր չափորոշիչներն ու մոտեցումները, եւ այդ հավատարմագրումը երկրից դուրս է: Դա նրա համար է, որ արտերկրներում ճանաչվեն արդյունքները, բայց առաջին հերթին երկրում պետք է ճանաչեն երկրի արածը: Ուրեմն այդ հավատարմագրումը բոլորովին կապ չունի նրա հետ՝ ՈԱԱԿ-ը հավատարմագրվա՞ծ է, թե՞ ոչ: Ոնց որ ասեք կրթության եւ գիտության նախարարությունը հավատարմագրված չէ, հետո՞… Ոչ մի բան: Պետությունը լիազորել է կառույցին, որ իրականացնի հավատարմագրում, մեխանիզմները, որոնք ստեղծվել են, մեր երկրի շահակիցների հավանությանն են արժանացել, չափորոշիչները պետության կողմից հաստատվել են, ուրեմն ամեն ինչ երկրում լեգիտիմ է: Եվ մեր հավատարմագրումը ոչ մի ձեւով կապված չէ մեր արած հավատարմագրման հետ: Ուղղակի Եվրոպան պահանջում է այսպիսի բան՝ ասում է, եթե դուք ուզում եք, որ ճանաչված կառույց լինել աշխարհում կամ Եվրոպայում, պետք է այսինչ չափանիշների համապատասխանեք: Մի խոսքով, տարվա վերջին դիմելու ենք հավատարմագրման համար»:

Քանի որ ՈԱԱԿ-ի anqa.am կայքում բացակայում էր 2014 թ. բյուջեի հաշվետվությունը, իսկ կառույցի վերաբերյալ կարծիք կա, որ այն «փակ» է, բնականաբար ղեկավարից հետաքրքրվեցինք՝ արդյոք դա պատահականությո՞ւն է կամ գուցե բացթողում: ՈԱԱԿ տնօրենը հավաստիացրեց, որ անցյալ տարվա հաշվետվությունը հրապարակել են մամուլում, եւ կայքում բացակայելը ընդամենը բացթողման արդյունք է:
Ռուբեն Թոփչյանից, որն, ի դեպ, 2013-ի հունիսին է վերընտրվել նույն պաշտոնում, հարցրինք՝ որքանով են հավաստի այն լուրերը, թե ՈԱԱԿ-ի հետ կապված ցանկացած տպագրություն իրեն պատկանող տպարանում է կատարվում: Մեր զրուցակիցն ասաց, որ դա իրականությանը չի համապատասխանում. «Ուղղակի հեքիաթ է: ՈԱԱԿ-ը համարյա ոչինչ չի տպագրել առայսօր, ինչ էլ տպագրել է, Համաշխարհային բանկով է արել, Համաշխարհային բանկն էլ մրցույթ է անցկացրել»:

Հավելենք, որ ՈԱԱԿ-ի մամուլի պատասխանատու Հայկուհի Բարսեղյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ հունիսի 1-ից նոր կայք կունենան՝ նոր բաժիններով ու ավելի ամբողջական, բյուջեի հաշվետվությունն էլ, ի թիվս այլ նյութերի, անպայման տեղ կգտնի այնտեղ:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ ՈԱԱԿ-ի կայքից

«Առավոտ» օրաթերթ
27.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031