Ամփոփելով արդյունքները՝ Կաննի կինոփառատոնի կայքը հրապարակել է այս տարվա կինոփառատոնի մրցանակակիրներին: Այսպիսով՝ գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արմավենու ճյուղը» բաժին է հասել ֆրանսիացի ռեժիսոր Ժակ Օդիարին՝ նրա «Դիպան» ֆիլմի համար: Գրան-պրին տրվել է հունգարացի Լասլո Նեմեշին՝ «Սաուլի որդին» ֆիլմի համար: Կինոփառատոնի այս տարվա արդյունքներով «Լավագույն ռեժիսոր» է ճանաչվել թայվանցի Հոու Սյաոսյանը՝ իր «Մարդասպանը» կինոնկարով, իսկ ժյուրիի մրցանակին է արժանացել հույն Յորղոս Լանթիմոսը՝ «Լոբստեր» ֆիլմի համար:
Պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղը» շնորհվել է ֆրանսիական կինոյի դասական, կինոռեժիսոր Անյես Վարդային: «Լավագույն տղամարդ» դերասան է ճանաչվել Վենսան Լենդոն՝ «Շուկայի օրենքը» ֆիլմում մարմնավորած դերի համար: Իսկ «Լավագույն կանացի» դերի մրցանակը կիսել են Ռունի Մարան եւ Էմանուել Բերկոն՝ «Քերոլ» եւ «Իմ արքա» ֆիլմերում մարմնավորած դերերի համար:
«Առավոտ» օրաթերթ
27.05.2015