Հարավարեւմտյան թաղամասից Աբովյան պուրակ կամ Աբովյան պուրակից մինչեւ Հարավարեւմտյան թաղամաս: Ճանապարհ, որ ամեն օր անցնում եմ, իսկ նա, որ մասնագիտությամբ վարորդ է, բարեւում է ինձ ու մյուս ուղեւորներին, օգնում հեշտ կողմնորոշվել քաղաքում, բարեհամբույր ճանապարհում է մեզ եւ վերջապես՝ ժպտում: Ժպիտ, որ այսօր այնքա՛ն պակասում է քաղաքային տրանսպորտում: Երեւի հենց այս ժպիտն ու բարեհամբույր վերաբերմունքն էր, որ առանձնացրին նրան մյուսներից ու սպիպեցին ինձ հարցնել.
-Իսկ դուք մասնագիտությամբ ո՞վ եք:
-Ես՝ վարորդ:
-Իսկ ուրի՞շ:
-Էլի վարորդ:
Բնավորությամբ հանգիստ, պայծառ, շփվող, կատակասեր մարդ է վարպետ Ստյոպան, որ արդեն 35 տարի երթուղայինի վարորդ է: Դժվար, պատասխանատու, հաճախ նյարդայնացնող աշխատանքը նրան չի փոխել: Գորշության մեջ հեշտ է նկատել վարորդին, որ խոսում, զրուցում է ուղեւորների հետ՝ հաճախ այս կամ այն թեմայի շուրջ նրանց կարծիքն իմանալու համար: «Չեմ սիրում լուռ ու մունջ նստել, ոչ խոսեմ, ոչ կատակ անեմ, միեւնույն է՝ կյանքս անցնում է: Երբ տեսնում եմ՝ ուղեւորներս երիտասարդներ են, հաճախ եմ կատակում, հետո հայելու միջից տեսնում եմ, որ ծիծաղում են. դա ինձ դուր է գալիս»: Վարպետ Ստյոպան հաճախ է հայելու միջից հետեւում ուղեւորներին, նա իրեն պատասխանատու է համարում իր մեքենան բարձրացած յուրաքանչյուրի համար. «Հայլիով նայում եմ՝ տեսնեմ ամեն ինչ նորմա՞լ է, ոչ մեկը մյուսին չի՞ նեղացնում, հետո հանգիստ շարունակում եմ ճանապարհս»:
Վարպետ Ստյոպան կարծում է, որ մարդիկ բոլորն էլ նույնն են, նա իրեն ոչ մեկից չի առանձնացնում. «Բոլորս նույն մարդիկ ենք, մեկի բնավորությունը ծանր է, մյուսինը՝ թեթեւ, մեկի հետ հեշտ է շփվել, մյուսի հետ՝ ոչ»: Չնայած նա փորձում է բոլոր ուղեւորների հետ բարեհամբույր լինել, չէ՞ որ մեքենայի մեջ մեկի մայրն է, մյուսի քույրը կամ աղջիկը, սակայն կարեւոր է նաեւ դիմացինի վերաբերմունքը. «Հաճախ լինում են դեպքեր, որ կանգառից դուրս իջնող ուղեւորն էլ այնպես է ինձ դիմում, որ ինձ համար էլ հաճելի է դառնում այդտեղ կանգնելը, ուղղակի, որ իր սրտով լինի»: Վարպետ Ստյոպայի մեքենան իր աշխատասենյակն է, որտեղ միշտ բարձր տրամադրություն պետք է լինի. «Տրամադրությունս, որ տեղն ա լինում, ուրեմն ամեն ինչ լավ է: Ամենաշատը սիրում եմ այն, որ Աբովյան պուրակից գամ հասնեմ ՀԱԹ, ու ոչ մեկն ինձ չջղայնացնի. դա համարում եմ ստացված օր: Հաճախ այնպիսի մարդիկ են հանդիպում, որոնց հետ ինքս էլ հաճույքով եմ ճանապարհ գնում, ժպտում ու հաջողություն ասում»:
Կարդացեք նաև
Այս մարդուն տեսնելիս, անկախ ինձանից, ծանոթի նման ուզում եմ բարեւել, այնպես, ինչպես ինքն է բարեւում ճանապարհին հանդիպած ծանոթ ու անծանոթ վարորդներին: «Այնքան երկար եմ աշխատում, որ դեմքով բոլորս միմյանց ճանաչում ենք, եւ եթե նույնիսկ անուններով էլ չգիտենք, ապա անպայման բարեւում եմ»,- ասում է նա: Ժպտում եմ, ուրախանում ու մեկ անգամ էլ կրկնում, որ նա մասնագիտությամբ վարորդ է ու «էլի վարորդ»:
ԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.05.2015