Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ պատահեց «Զվարթնոց» օդանավակայանում, երբ մի հայ մարդ 60 տարի անց առաջին անգամ այցելեց Հայաստան

Մայիս 28,2015 11:30

«Այսօր ուրբաթ է: Սա իմ վերջին աշխատանքային օրն է գրասենյակում: Ես պատրաստվում եմ իմ առաջին պատմական այցելությանը դեպի հայրենիքս` Հայաստան: Ես շատ խանդավառ եմ ու անհանգիստ՝ «Զվարթնոց» օդանավակայան իմ ժամանման համար: Ես շատ հուզված եմ, ափսոսում եմ ու ինձ մեղավոր զգում անցյալ 60 տարիների համար, որ սպասել են իմ առաջին ճամփորդությանս դեպի իմ սիրելի երազի երկիր Հայաստան: Օհ, Աստված իմ: Շնորհակալություն Տեր»: Այս տողերն է երկու շաբաթ առաջ իր Ֆեյսբուքի էջին գրել իմ լավ բարեկամ Լեւոն Բաղդասարյանը Հյուսիսային Կարոլինայի Շարլոտ քաղաքում՝ Հայաստան իր առաջին այցելությունից մի քանի օր առաջ: Գեղեցիկ է, հուզիչ ու անկեղծ: Չէ՞ որ առողջական խնդիրների պատճառով Լեւոնը չի քայլում ու տեղաշարժվում է սայլակի օգնությամբ: Բայց նա 4 ժամ քշեց հասավ Ատլանտա, այնտեղից թռավ Փարիզ ու Փարիզից՝ Երեւան: Ընտանիքն էլ իր ետեւից, իր առաջնորդությամբ, երեք շաբաթվա համար: Այս երկու պարբերության մեջ արդեն այնքան ազնվություն ու նվիրում կա, որ կարծես բավական էր մի կարճ պատմության համար: Բայց սա ընդամենը պատմելիք պատմությանս մի կողմն է: Այն գնալով ավելի հետաքրքիր է դառնալու:

Մեր հին ընդհանուր բարեկամներից մեկը՝ Գասպարյան Գագիկը, ով առաջ բնակվում էր Շարլոտում ու հիմա տեղափոխվել է Հայաստան, տեսավ մեր Լեւոնի այս անկեղծ ֆեյսբուքյան գրառումն ու ինձ հարցրեց, թե՝ «Լեւոնենք ո՞ր թռիչքով են գալիս, ուզում եմ ուրախ անակնկալ մատուցել ու օդանավակայանում իրենց դիմավորել»:
Գագիկը Երեւանից դուրս է բնակվում: Նա 1996 թվականի Ատլանտայի Պարաօլիմպիական խաղերի մասնակից է ու առողջական դժվարության պատճառով նույնպես տեղաշարժվում է սայլակի օգնությամբ: Մարդը ուրախ սրտով ու ծաղիկներով եկավ օդանավակայան ու դիմավորեց Լեւոնենց ընտանիքին: Լեւոնն ասում է՝ տեսնես մի ինչ ուրախացանք ու ինչ անսպասելի անակնկալի եկանք՝ Գագիկին այդքան տարիներից հետո օդանավակայանում ծաղիկները ձեռքին տեսնելով… Մնացածն արդեն գիտեք, ժողովուրդ ջան: Իրար հետ Հայաստանով դես ու դեն ման գալ, հաց կիսել, տեսնել մեր գեղեցիկ երկիրն ու վայելել նրա օրհնությունը:

Ինչո՞ւ որոշեցի գրել այս կարճ պատմությունը:

Ես շատ եմ սիրում այսպիսի բաներ, երբ պարզ ու փոքր բաների մեջ, մարդը ցանկանում է մի այլ մարդու հասարակ ուրախություն պատճառել: Քեֆս բերում է: Մարդն առաջին անգամ գալիս է հայրենիք, մյուսն էլ պատահական իմանում է ու ասում՝ ե՞րբ է գալիս, իմանանք, գնանք դիմավորենք, թող լավ զգա իրեն մարդը, թող առաջին տպավորությունը հայրենիքից կրկնակի ու անսպասելի ուրախություն լինի, թող ուրախ գա մարդը: Իսկական անշահախնդիր մարդկային սեր ու հոգատարություն:

Ինչքան է մեր հասարակության մեջ պակասում սա: Ինչքան է մեր շրջապատում պակասում այս տեսակի վերաբերմունքն իրար նկատմամբ: Կամ՝ թերեւս կա, ու մենք, ջղաձգված ու պրկված լինելով մեր կրքերով ու մոլուցքներով, չենք կարողանում տեսնել ու հավուր պատշաճի տոնախմբել այս տեսակ սերն իրար նկատմամբ: Պետք է սա իրար:

Սիրելի ընթերցող, ուզո՞ւմ ես փոփոխություն քո կյանքում: Մեր քրիստոնեական հավատքից եմ ասում, ամեն առավոտ, երբ աչքերդ բացես ու փառք տաս Աստծուն լույսի համար, թող քո հաջորդ միտքը լինի՝ «Քանի՞ մարդու կարող եմ ես այսօր օգնել, քանի՞ մարդու կարող եմ ես այսօր ուրախացնել, քանի՞ մարդու կարող եմ ես այսօր մխիթարել»: Հավատա՛ երիտասարդ փորձառությանս ու հազարավոր տարիների պատմական փորձին՝ այսպիսի մտածողությամբ դու ավելի կշահես, քան թե կտաս, քեզ ավելի կգա, քան թե քեզանից կգնա:

Ու դու գոգդ լեփ-լեցուն կվերցնես՝ դիմացինին ուրախություն ու մխիթարություն հասցնելով: Բարի օր ձեզ, սիրելի մարդիկ:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ
Քննարկումների համար գրեք Ֆեյսբուքի իմ էջին` https://www.facebook.com/armen.hareyan?fref=ts

 

«Առավոտ» օրաթերթ
27.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գալուստ Ենոքյան says:

    Շնորհակալ եմ…իսկապես ուրախացա

  2. Armen Hareyan says:

    Ամենայն սիրով Գալուս ջան: Շատ ուրախ եմ, որ լավ տրամադրություն ստեղծեց: ՄԻ քանի օրից էլ, Աստված կամենա, այսպիսի մի նմանատիպ պատմություն կլինի մեր համայնքի մասին:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031