Հյուրերի համար դուռը սովորաբար բացում է տանտերը։ Պարտադիր չէ, որ տանտիրուհին ամեն զանգի ժամանակ դուրս գա նախասենյակ, բացառությամբ այն դեպքի, երբ ընդունելու է պատվավոր հյուրի։
Տանտերը հյուրերին օգնում է հանել վերնահագուստները եւ ուղեկցում է դեպի հյուրասենյակ։ Տանտիրուհին, եթե նստած է, տեղից վեր է կենում եւ ընդառաջ է գնում հյուրերին։
Բոլոր դեպքերում անհարմար է հյուրերին տնային մաշիկներ առաջարկել։ Դա կարելի է անել միայն այն դեպքում, երբ հյուրերից որեւէ մեկը խնդրում է այդ մասին։ Տնային մաշիկները կարող են փչացնել հյուրերի արտաքին տեսքն ու տրամադրությունը։ Ընդունելով հյուրերին՝ տանտերերը նույնպես տնային մաշիկները փոխում են կոշիկներով։ Հյուրերին ընդունելիս, առհասարակ, թե՛ տանտիրոջ, թե՛ տանտիրուհու արտաքին տեսքը պետք է խնամված լինի։ Չափազանց տգեղ է, երբ տանտիրուհին հյուրերին ընդունում է տնային հագուստով, գոգնոցով եւ թափթփված մազերով, իսկ տանտերը հրավերքի ողջ ընթացքում շրջում է մարզական հագուստով։
Տանտերը պարտավոր է բոլոր հյուրերին ծանոթացնել միմյանց հետ։ Մինչեւ հյուրերը չնստեն, տանտերը չի նստում։ Նոր հյուրեր ներս մտնելիս բոլոր տղամարդիկ տեղից վեր են կենում եւ նստում են այն ժամանակ, երբ նստում են նոր եկած կանայք եւ տարեց տղամարդիկ։
Ցանկալի է, որ այս կանոնին հետեւեն նաեւ երիտասարդ աղջիկները։ Երբ տարեց կին է ներս մտնում, նրան ողջունելու համար կանգնում են նաեւ երիտասարդ կանայք, իսկ տարեկիցներին կանայք ողջունում են նստած։
Տանտերերը հոգ են տանում, որպեսզի բոլոր հյուրերի համար հաճելի եւ հարմար լինի եւ բոլորին վերաբերվում են միեւնույն ուշադրությամբ։
Տանտիրուհին հյուրերին ցույց է տալիս իրենց տեղերը սեղանի շուրջ եւ սիրալիր հյուրասիրում նրանց։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
27.05.2015