Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մի լումա հոսանքի թանկացում». բողոքի երթի մասնակիցները շարունակելու են հանրահավաքները, նստացույցերը

Մայիս 27,2015 23:22

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանում անցկացվեց ընդդեմ հոսանքի ապօրինի թանկացման բողոքի երթը, որին մասնակցում էին հազարավոր քաղաքացիներ: Երթին ներկա էին տարբեր քաղաքական ուժերի, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը երթին մասնակցում էր դստեր հետ:

m6

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Մարտիրոսյանը հայտարարեց, թե երթին քաղաքացիների մասնակցությունը սպասվածից ավելի էր ու շեշտեց. «Այս ակտիվությունը, որ կա, պետք է միասնականություն դարձնել, որ քաղհասարակություն, կուսակցություններ, սպառող բոլորով միասին պայքարեն: Միայն միասնական պայքարի դեպքում կլինի հաջողություն»: Մեր այն դիտարկմանը արդյոք հաջողությու՞ն կհամարվի այն, որ հոսանքը թանկանա, բայց ոչ այն չափով ինչ հայտարարվել է, մանավանդ որ այդ մասին խոսակցություններ կան, Արմեն Մարտիրոսյանն արձագանքեց. «Եթե նույնիսկ մեկ լումա թանկանա հոսանքը, դա նշանակում է, որ այս գործընթացում իշխանությունները հաղթեցին: Թանկացման տնտեսական տրամաբանություն չկա: Սա վկայում է այն մասին, որ իշխանություններն այնքան քաղաքական ուժ չունեն, որ ածանցվեն ռուսական տնտեսվարողից»:

m7

«Հարյուրամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ «այսօրվա բողոքի երթին քաղաքացիների ներկայությունը ստիպելու է, որ ռեժիմն իր որոշումը փոխի»:

m5

«Հարյուրամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանը կարևոր համարեց այն, որ ժողովուրդը ոտքի է կանգնում իր քաղաքացիական և սոցիալական իրավունքների պաշտպանության համար.

«Այն հուսահատության ու վախի մթնոլորտը, որ ստեղծված է ՀՀ-ում, դա քանդելու խնդիր կա: Ժողովուրդն իր այս փոքր հաղթանակներով պետք է ազատվի այս ապազգային ռեժիմից»:

Մեր այն հարցին՝ հոսանքի թանկացման երևույթին ի՞նչ անուն կտա, պարոն Չուգասզյանը պատասխանեց. «Թալան, սա մյուս երևույթների քույրն է: Կողոպուտ, թալան և գնալով ավելի լկտի թալան է կատարվում, սրան ուրիշ անուն տալ չի կարելի: Սա տնտեսական կեղեքում է»:

MHM96147-copy

Երգիչ Արթուր Իսպիրյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, թե միանում է պայքարին և դեմ է թանկացմանը:

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը երթի մասնակիցների թիվն աննախադեպ համարեց ու հայտարարեց, թե ժողովրդի համբերության բաժակը լցվել է:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վարդան Զեյնալյանը նշեց, թե պայքարող քաղաքացիներին բավարար չի լինի, եթե անգամ մեկ լումա թանկանա հոսանքը, այլ իրենք պայքարում են, որ հոսանքը չթանկանա, դեռ մի բան էլ էժանանա: Վարդան Զեյնալյանը շեշտեց, թե դիմելու են ցանկացած քայլի, եթե իշխանությունները չվերանայեն իրենց որոշումը: Նա չբացառեց, որ նստացույց էլ անեն:

Նաիրիտցիները ևս միացել էին բողոքի երթին: Նաիրիտի նախկին աշխատակից Նորիկ Հովհաննիսյանը անտրամաբանական համարեց հոսանքի թանկացումն այն պարագայում, որ չի թանկացել գազը: Նա մտահոգություն հայտնեց, թե թանկանալու են նաև այլ ապրանքներ: Հիշեցրեց, որ պայքարի արդյունքում հայ ժողովուրդը բազում հաղթանակների է հասել, օրինակ` արցախյան ազատամարտը, ուստի այս պայքարն էլ արդյունք տալու է:

Նշենք, որ հաջորդ բողոքի երթը տեղի կունենա հունիսի 19-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031