Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվեց խորթ հորը՝ Էվիլյա Գյումուշթեքինի սպանության մեջ կասկածվող Մաքսիմ Բաքոյանի դատավարությունը: Հիշեցնենք, որ սպանությունը տեղի էր ունեցել Գյումրու Մուշ թաղամասում, Էվիլյա Գյումուշթեքինը Թուրքիայի քաղաքացի էր, որը ամուսնանալով Մաքսիմի մոր, ազգությամբ եզդի Մայայի հետ ու համատեղ կյանքից երկու զավակներ ունենալով, տեղափոխվել էր բնակության Գյումրի: Սակայն, նախորդ տարի Թուրքիայում, Էվիլյայի եղբայրը անչափահաս երեխայի աչքի առաջ սպանել էր իրենց տանը հյուրընկալած Մայային, որի պատճառով էլ վերջինիս Գերմանիայում գտնվող որդին՝ Մաքսիմը, վերադարձել էր Գյումրի ու վրեժ լուծել խորթ հորից՝ սպանելով նրան:
Այսօրվա դատական նիստը արտառոց էր վկաների պահվածքով: Երկուս ու կես ժամ տեւած դատավարության ընթացքում քննվեցին բազմաթիվ վկաներ: Հարցաքննվող հարեւանուհիները, տեսնելով ամբաստանյալի կարգավիճակում հայտնված Մաքսիմին, միաբերան գովաբանում էին նրան, նշում, որ յուրահատուկ երեխա է, երբեք նրա ձայնը լսած չկան: Իսկ նրանց ընտանիքը, ըստ վկաների, համերաշխ էր, ոչ մի անախորժություն չկար:
Հարեւանուհիներից մեկը՝ Շուշանիկ Մուրադյանը, նշեց, որ Մայայի՝ Թուրքիայում սպանվելուց հետո իրենք խուսափել են նրա ամուսնուն՝ Էվիլյային բարեւելուց: Մյուս հարեւանուհին՝ Սուսաննա Մարտիրոսյանը եւս գովաբանեց Մաքսիմին ՝դատարանին հասկացնելով, որ չարժե նրա նկատմամբ խիստ լինել: Տիկինն ամեն անգամ կրկնում էր. «Մաքսիմը յուրահատուկ երեխա է, դեպք է, պատահել է, սխալվել է»:
Կարդացեք նաև
Հարեւաններին սկզբում թվացել է, թե Էվիլյային մեքենայի տակ են գցել, սակայն հետո շոկի մեջ են ընկել՝ իմանալով, որ նրան խփել է Մաքսիմը: Սուսաննա Մարտիրոսյանը պատմեց, որ ինքը ներքեւ իջնելով՝ արնաթաթախ Էվիլյային հարցրել է, թե ի՞նչ է պատահել, մեքենայի տակ են գցե՞լ, սակայն վերջինս պատասխանել է, որ Մաքսիմն է խփել, ու սա եղել է նրա վերջին խոսքը: Շտապօգնության մեքենայի մեջ Էվիլյան մահացել է:
Հարցաքննվեց նաեւ այս տիկնոջ որդին՝ Տիգրան Համբարձումյանը, որը Մաքսիմի ընկերն է: Նա թույլ չտվեց իրեն տեսաձայնագրել: Վերջինս հայտնեց, որ լոսելով Մաքսիմի ձայնը, մտածել է , թե նա կռիվ է անում ու շտապել է դուրս: Ըստ վկայի, դեպքի վայրից ինքն է հեռացրել Մաքսիմին, քանի որ նա շատ վատ վիճակում է եղել, շնչահեղձ էր լինում, սրտթափոց ուներ: Ինքն էլ նրան տաքսի է նստեցրել ու տարել է Բուլվարային թաղամաս: Քանի որ նախորդ դատական նիստին հարեւանուհիներից մեկը վկայություն էր տվել, թե իրենք են Մաքսիմին դեպքի վայրից հեռացրել իրենց անձնական մեքենայով, դատարանին ու դատախազներին անհայտ մնաց, թե ի վերջո ո՞ր մեկի խոսքն է ճիշտ:
Երբ դատախազը հետաքրքրվեց, թե հիմա ո՞վ է հեռացրել Մաքսիմին տարածքի՞ց՝ դո՞ւք, թե՞ Մայա Ղազարյանը, վկան ասաց. «Ցավդ տանիմ, ես ինչ կհիշեմ, դա եմ ասում»: «Ցավս մի տար, դու ճիշտն ասա»,-նեղվեց դատախազը:
Հրապարակեցին նաեւ այս վկայի նախաքննական ցուցմունքները, որտեղ նա պատմում է, որ ինքը, հայրը, մայրը խոհանոցում նստած հեռուստացույց են նայել, երբ դրսից լսել է իր ընկերոջ՝ Մաքսիմի ձայնը, թե թողեք գնամ, սպանեմ, պրծնեմ: Երբ ինքը ներքեւ է իջել շենքի իրենց բնակարանից, տեսել է Մաքսիմը նստած է Էվոյի վրա, նրա գլուխը բռնած վերեւ է հանում ու իջեցնում ու բղավում է՝ սպանեմ, գիշերը հանգիստ քնեմ: Այդ ընթացքում ինչ-որ մեկը շտապօգնություն է կանչել, Մաքսիմը իր հերթին վազել է դեպի մոտակա դպրոց, տաքսի է կանգնեցրել, ինքն էլ վազել է Մաքսիմի հետեւից:
Մաքսիմն ասել է՝ գնանք, տեսնենք սատկեց, թե՞ կենդանի է: Տաքսու վարորդը, տեղեկանալով, որ նրանք իրենց մոտ գումար չունեն 50 մետր հեռավորության վրա՝ Բուլվարային թաղամասում նրանց իջեցրել է: Մաքսիմի ընկերը իր նախաքննական ցուցմունքում նաեւ նշել էր, որ իր վրա արյուն է եղել այն պատճառով, որ ինքը փորձել էր Մաքսիմին գրկելով հեռու քաշել Էվոյից: Ըստ այս վկայի, նախաքննական ցուցմունքի, Մաքսիմը դեպքի վայրում գոռացել է՝ ո՞վ վերցրեց դանակս ու հայհոյել է: Նա ասել է ՝ տվեք դանակս, գնամ, մորթեմ, գամ: Ի դեպ, Բուլվարային թաղամասից ոստիկանությունը Մաքսիմին նրա այս ընկերոջ հետ է բերման ենթարկել:
Դատարան էր հրավիրվել նաեւ այս երիտասարդի հայրը, որը զայրացել էր այդ փաստից: Երբ դատավորը ընթերցում էր, թե դուք պարտավոր չեք ցուցմունք տալու ձեր մերձավոր ազգականի դեմ, նա դատարանին ասաց, որ ոչ մի պարտավորություն էլ չունի ոչ մեկի հանդեպ: Վկան կամակորություն էր անում դատարանում ՝ նշելով, որ չի ստորագրելու ոչ մի փաստաթղթի տակ, հերիք եղավ, իրեն ոստիկանությունում էլ խաբելով են ստորագրել տվել: Վկան, համոզված լինելով, որ իրեն անիրավացիորեն են դատարան հրավիրել, ինքը այս ամենի մասին ոչինչ չգիտի, ասաց. «Ինձ դատի տվեք, ես եմ սպանել»: Դատավորը ի սրտե զայրացավ վկայի կամակորություններից:
Վկաներից մեկն էլ բացարձակապես հայերեն չէր խոսում, դատավորը դատախազից հետաքրքրվեց, թե այդ ինչպե՞ս եղավ, որ նրան քննիչը քննել է ռուսերեն լեզվով: Դատախազն ասաց, որ քննիչը ոչ մի նշում չի արել, որից հասկանային, թե վկան ռուսախոս է, սակայն ասաց, որ համապատասխան գնահատական կհնչեցնեն այս փաստին: Դատը հետաձգվեց , մյուս դատական նիստին թարգմանիչ կհրավիրեն այս վկայի խոսքերը թարգմանելու համար: Նշենք, որ հարցաքննված վկաներից մեկն էլ Ալեքսան Ղազարյանն էլ իր հերթին էր պնդում, որ ինքն է Մաքսիմին տարածքից հեռացրել իր մոր հետ՝ իրենց անձնական մեքենայով, նրան տարել է Բուլվարային թաղամաս, որպեսզի չշարունակի խփել Էվիլյային: Այս վկան թեեւ դատարանին տված ցուցմունքում նշեց, որ Մաքսիմը վատ էր, իր տված ոչ մի հարցի չէր պատասխանում, սակայն իր նախաքննական ցուցմունքում նշել էր, որ նրան տարածքից հեռացրել են հարեւանների խնդրանքով, քանի որ նա բացականչում էր՝ «Թողեք, գնամ, տեսնեմ, սատկավ, թե՞ չէ»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ