Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայէլցանցերի «ճոխ-ճոխ» ծախսերի համար չպիտի սպառողը վճարի

Մայիս 27,2015 20:33

Aravot.am-ը տնտեսագետ Վիլեն Խաչատրյանից հետաքրքրվեց, թե արդյոք վնասով աշխատող, վարկերի տակ «ճռռացող» ընկերությունը կարող է իրեն թույլ տալ աշխատակիցների համար թանկարժեք բնակարաններ վարձակալել Հյուսիսային Պողոտայում, պատվիրակությունների համար թանկ-թանկ նվերներ գնել կամ շքեղ ավտոմեքենաներ վարձույթով վերցնել եւ այլն, այն դեպքում, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցերում» աուդիտ անցկացրած ընկերությունները, ՀԷՑ-ի ֆինանսական վիճակը հաշվի առնելով, իրենց եզրակացություններում նշել են` նպատակահարմար չէ, որպեսզի միջազգային կառույցները, առեւտրային բանկերը Հայէլցանցերին վարկեր տրամադրեն:

ՀԷՑ-ի կատարած ուռճացված ծախսերին հասարակությունը  ծանոթացել է ընկերության`Հանրային ծառայությունների հանձնաժողովին ներկայացրած հայտից, որով էներգամատակարար ընկերությունը փորձում է հիմնավորել, թե ինչու պետք է բարձրացնի էլեկտրաէներգիայի սակագինը: Պարոն Խաչատրյանի կարծիքով, երեւույթը, որպես այդպիսին, բացասական է եւ աուդիտորական ընկերություններն  իրենց եզրակացության մեջ պետք է նշեին, որ նման ծախսերը պետք է կրճատվեն եւ բերվեն ավելի համեստ նորմատիվների դաշտի մեջ. «Նման տարբերակներ միշտ էլ գոյություն են ունենում, բայց այնուամենայնիվ, վերահսկողություն պետք է սահմանել, որպեսզի սակագներն այդքան չբարձրանան»:

Տնտեսագետի կարծիքով, նման ծախսային քաղաքականությունը մտցնել սակագնի մեջ ճիշտ չէ. «Եթե դա դիտարկվեր, օրինակ` աշխատողներին տրվող աշխատավարձի տեսքով եւ այն էլ այդ աշխատավարձն ունենար դիվերսիֆիկացված բաշխվածություն, եւ ստորին աշխատողների եւ վերին` թոփ մենեջերների աշխատավարձերի միջեւ տարբերությունը լիներ փոքր, ապա դա կլիներ բնական, բայց աշխատավարձերի բարձր լինելը նաեւ հիմնավորվում է նրանով, որ ավելի շատ թոփ մենեջերներն են ստանում բարձր աշխատավարձ այլ ոչ թե սովորական աշխատողները: Նման տիպի գործոնները ձեւավորում են ընդհանուր պատկերը, իսկ եթե մենք ներառում ենք այդ ծախսերը սակագնի մեջ, ստացվում է, որ որոշակի շռայլությունների համար պետք է վճարի սովորական սպառողը, որն անընդունելի է»:

Իսկ, թե նման դեպքում ինչ պետք է անի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, Վիլեն Խաչատրյանն ասաց. «Հանձնաժողովը, նախեւառաջ, պետք է ՀԷՑ-ի հայտը մանրադիտակի տակ ուսումնասիրի, որպեսզի նման յուրաքանչյուր կետ չվրիպի  նրա ուշադրությունից եւ ծախսերի հիմնավորվածությունը եւ սակագնի մեջ ներառվող ծախսային բաղադրիչների հետ կապված հստակություն մտցվի եւ  սահմանվի  որոշակի առումով նորմատիվներ: Օրինակ` դրամաշնորհային ծրագրերը, երբ տրվում են, սահմանվում են նորմատիվներ, ասենք` տեխնիկային ուղղվող այսքան ծախս, խորհրդատվությանն ուղղվող այսքան ծախս, աշխատավարձին` այսքան, այսինքն` եթե դասակարգում մտցվի նման խնդիրներ չեն առաջանա, կտեղավորվեն այդ սանդղակի չափանիշների մեջ»:

Վիլեն Խաչատրյանը ՀԷՑ-ի`հանձնաժողով ներկայացված հայտի վերաբերյալ մի դիտարկում էլ ուներ. «Երբ հայտի ներկայացման աղյուսակը կազմում են, թող ներկայացնեն նաեւ ըստ աստիճանական դասակարգման, ըստ ծախսերի մեծության, որպեսզի մարդը հերթով նայելով կարողանա պատկերացնել, թե ինչ է կատարվել ընկերության ծախսային քաղաքականության հետ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031