Այսօր Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզպետների և այդ մարզերի՝ համահայկական խաղերին մասնակցող քաղաքների ղեկավարների մասնակցությամբ:
Քննարկվեցին Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմակերպմանն ու անցկացմանն ուղղված հարցեր:
Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ համահայկական 6-րդ ամառային խաղերը կանցկացվեն օգոստոսի 2-ից 13-ը: Կոմիտեի նախագահը նշեց, որ այս տարի համահայկական խաղերը կլինեն աննախադեպ, թե՛ մասնակիցների քանակով, թե՛ քաղաքների աշխարհագրությամբ: Խաղերը կանցկացվեն Երևանում, ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում, Աբովյանում, Գյումրիում, Վանաձորում, Արտաշատում:
Քանի որ Արտաշատը և Աբովյանը այս տարի նաև հյուրընկալող քաղաքներ են, Իշխան Զաքարյանը հանձնարարեց մինչև խաղերի մեկնարկը կարգի բերել քաղաքների մարզադահլիճները և ապահովել քաղաքների տոնական տեսքը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով համահայկական խաղերի ջահի վառման արարողությանը՝ կոմիտեի նախագահն ասաց, որ այն լինելու է հատուկ տոնակատարություն: Ջահի դիմավորման արարողություն կլինի Սարդարապատում: Համահայկական խաղերի ջահը անցնելով Հայաստանի մարզերով և աշխարհի հայաշատ քաղաքներով՝ հայրապետական օրհնանքը կստանա Ս. Էջմիածնում և օգոստոսի 2 –ին կմտնի համայն հայության մայրաքաղաք՝ Երևան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ