Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արարատի բնակիչ. «Ռոբերտ Նազարյան, գլուխդ կջարդենք, հերիք է ժողովրդի գլխին պոպոկ ջարդեք» (Տեսանյութ) 

Մայիս 27,2015 20:05

Այսօր Արարատ քաղաքում, ինչպես Հայաստանի մի շարք այլ համայնքներում , նախատեսվում էր անցկացնել  էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա:

Նշանակված ժամին՝ 18:00-ին,  ակցիայի անցկացման հայտարարված վայրում՝ Վազգեն Սարգսյանի անվան հրապարակում, քիչ թվով տղամարդիկ էին հավաքված:    Մոտենալով նրանց՝ պարզեցինք՝ ՀԱԿ-ի Արարատի տարածքային կառույցի անդամներն են:  Նրանք ասացին, որ սպասում են՝  այլ քաղաքացիներ հավաքվեն, մատնանշեցին, որ այն կողմում էլ քաղաքապետարանի աշխատակիցներն են կանգնած՝ երեւի նրանք էլ են ուզում միանալ բողոքի ակցիային:

IMG_0026 IMG_0027 IMG_0032

Քաղաքապետարանի դիմաց  հավաքվածներից  առանձնացավ  Կարինե Ալեքսանյանը, որը մեր հետ զրույցում ասաց, որ չնայած ինքն այսօր աշխատում է քաղաքապետարանում եւ գուցե իշխանությունների կողմից «նկատողություն» ստանա, այնուամենայնիվ չի վախենում իր բողոքի ձայնը բարձրացնելուց. «Ինչու՞ պիտի վախենամ: Այդ ի՞նչ աշխատավարձ ենք ստանում, որ տանք միայն պետական վարձերը: Մենք էլ մարդ ենք, ապրել ենք ուզում, երեխեքի տեր ենք: Մենակ իրե՞նք են ապրել ուզում: Ուզում ենք ապրել: Մեր երեխեքին մենք ո՞նց պահենք. ստացած աշխատավարձը կամ տալիս ենք վարկ, կամ վարձ»:

Անդրադառնալով ՀԷՑ-ի որոշմանն ու բերած պատճառաբանումներին՝ տիկին Ալեքսանյանն ասաց. «Ես չգիտեմ՝ իրենք ինչի՞ հիման վրա են թանկացրել, բայց թերթեր կարդում ենք, գիտենք, որ պակասորդ ունեն: Թող իրենց այդ եվրոռեմոնտները չանեն: Ես իրենց կողքի հիմնարկում աշխատել եմ մեկ տարի, մենք մտել ենք, զարմացած ենք մնացել, թող չանեին: Թող մի քիչ էլ ժողովրդին խղճան»:

Մեր զրուցակիցը բողոքի ակցիային միանալու  մարդկանց պասիվությունը նախ պատճառաբանեց նրանով, որ  շատերը նախկին քաղաքապետի հոգեհանգստին են գնացել մասնակցելու, հետո էլ ավելացրեց. «Երկրորդն էլ, ոստիկանությունը երեւի թույլ չի տալիս: Չեք տեսնու՞մ պատերի տակ ոստիկաններ են կանգնած: Չեք տեսնու՞մ տարբեր տեղեր խումբ-խումբ հավաքվել են, բայց վախենում են  ժողովուրդը: Ինչի՞ համար, հո իրենցից փող չենք ուզում, ուզում ենք, որ մեր հոսանքը չթանկացնեն»:

IMG_0028

Վազգեն Սարգսյանի հրապարակում, բողոքի ակցիա այդպես էլ չկայացավ: Հավաքվածները միայն որոշ պայմանավորվածություններ ունեցան՝ հետագայում հնարավոր ստորագրահավաք կազմակերպելու համար:  Ներկաներից  ՀԱԿ անդամ Արսեն Հակոբյանը մոտեցավ, Արարատի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի հետ զրուցեց, հետո մեզ ասաց, որ պայմանավորվել են վաղը քաղաքապետի հետ հանդիպել. «Երեւի քաղաքապետը վերեւներին կասի: Վաղը քաղաքապետը ներկա կլինի, կխոսենք իր հետ, մնացածը կհասկանանք: Ժողովուրդը դեմ է թանկացմանը»,- ասաց նա:

Հրապարակում  հավաքված Արարատի բնակիչներից Մուրադ Սադոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ցավում է, որ շատ մարդ չի եկել մասնակցելու բողոքի ակցիային. «Թող բոլորը հասկանան, որ այս ամեն ինչը վերաբերում է ժողովրդին, ու՞մ են դրել էշի տեղ»,- ասաց նա: Հետո ավելացրեց, որ եկել  է  «Ռոբերտ Նազարյանի եւ իր կոլեգիայի ախոռները մաքրելու ժամանակը»:

«Թող հելնի, այնտեղից ռադ լինի, գնա, թե չէ, որ եկան ժամանակները, գլուխը կջարդի ժողովուրդը իր կաբինետի մեջ»,- ասաց Մուրադ Սադոյանը: Նա վստահ նշեց, որ ժողովուրդը կհամախմբվի, եւ թող Ռոբերտ Նազարյանը լավ իմանա, որ սա իր վերջն է: «Սա քաղաքականություն չի, սա զուտ  մեր ընտանիքների պայքարն է, որ մեր ընտանիքները կործանվում, քայքայվում, թուլանում, ծերանում եւ մի ավելորդ բեռ են դառնում ու գերեզման գնում: Այսպե՞ս է պահելու Ռոբերտ Նազարյան կոչեցյալը այս ժողովրդին, որ դատապարտված է ինքնաոչնչացման»:

Արարատի բնակիչը վստահ է, որ մի դրամ էլ չպետք է  թանկանա էլեկտրաէներգիան. «Եթե թանկանա, ինքը իր գրպանից պիտի դնի: Այդ տնօրենները, տառականները որ կան, լեքսուսներ են քշում, ջիպեր են քշում, որ հիմա դարձել է 250-300 000 միլիոն դոլար, թող իրենք բերեն այդ ժողովրդի պարտքը տան: Սա սկիզբն է, բա որ ամբողջ ժողովուրդը հելնի՞… Ռոբերտ Նազարյան, գլուխդ կջարդենք, որդի նման, հերիք է ժողովրդի  գլխին պոպոկ ջարդեք»:

Մանրամասները տեսանյութում

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031