Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Տիգրան Սարգսյանի բարոյականությունը 1 միլիոն է, ապա…». Փայլակ Հայրապետյան

Մայիս 27,2015 19:33

Սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանը մամուլից է տեղեկացել՝ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանն իրեն դատի է տվել:

Հիշեցնենք, որ ըստ հայցադիմումի` Փայլակ Հայրապետյանը 2015թ. մարտի 24-ին shamshyan.com լրատվամիջոցում Տիգրան Սարգսյանի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող  սուտ տեղեկություններով զրպարտչական հայտարարություն է արել: Մասնավորապես,  Փայլակ Հայրապետյանը նշել է, որ  «Տիգրան Սարգսյանը պետք է գա քննություն տա ու պարզաբանի 7 մլն և 500 հազար դոլարը, որ իր հաշվին նստել է, այդ գումարներն ի՞նչ է արել…»:

Գործարարը Aravot.am-ի հետ զրույցում չհրաժարվեց իր այդ հայտարարությունից, նորից կրկնեց ու ասաց՝ այդ մասին միայն ինքը չի ասել. «Ամբողջ աշխարհն է ասել, ես էլ եմ ասել, ինչ  է եղել… այդ գումարները Աշոտ Սուքիասյանի եւ Կճոյանի հաշիվներին է նստել, ճիշտ է հիմա կեղծում են, թե նման բան չկա, բայց ես ոչինչ ինձնից չեմ ասել, փաստաթղթերից ելնելով եմ ասել: Աշոտ Սուքիասյանն է ասել, որ այդ բաներն արել է, որ վարչապետն ու այդ կրոնականը դառնան իր տանիքը:  Թող ինքն ապացուցի, որ այդպես չէ, ես էլ կլռեմ»:

Մեր հարցին՝ շատ չէ նախկին վարչապետի պահանջած մեկ միլիոն դրամը՝ զրպարտության համար, գործարարն ասաց. «Դե եթե նրա բարոյականությունը մեկ միլիոն է, իհարկե, շատ չէ: Մեկ միլիոն դրամն ինչ փող է որ բարոյականության համար: Դեռ չեմ ստացել դատարանի ծանուցագիրը, սպասում եմ դրան»:

Հիշեցնենք, որ 2009-ին էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում-խորհրդակցություն էր կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, որի ժամանակ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Փայլակ Հայրապետյանն առաջարկել էր գրավադրել իր 33 մլն դոլար արժողությամբ ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլարը տվել Աշոտ Սուքիասյանին, որն էլ վերցնելով գումարը՝ փախել էր երկրից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031