Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մեր  մոտ ոչ մեկը ոչ մի երթի չի մասնակցում, ինչ երթ էլ լինի». Ովքե՞ր են  Արտաշատում դեմ էլեկտրաէներգիայի թանկացմանը (Տեսանյութ)

Մայիս 27,2015 17:46

Այսօր, ինչպես Հայաստանի մի շարք համայնքներում, այնպես էլ Արտաշատ քաղաքում, նախատեսած էր  էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա:

Կեսօրին՝  ժամը 14-ին, Արտաշատի  քաղաքապետարանի դիմաց  բողոքի ակցիան մեկնարկեց եւ քիչ անց ավարտվեց: Նախաձեռնողներն ու մասնակիցները Հայ ազգային կոնգրեսի Արտաշատի տարածքային  կառույցի անդամներն էին, որոնց թիվը տասնյակի էլ չէր հասնում: Նրանք իրենց հետ բերել էին ցուցապաստառներ եւ նամակ՝ հասցեագրված Արտաշատի քաղաքապետին:

ՀԱԿ-ի  Արտաշատի տարածքային  կառույցի  ղեկավար Վիկտոր Գասպարյանը Aravot.am-ի հետ զրույցում  բողոքի մասնակիցների սակավությունը բացատրեց նրանով, որ աշխատանքային ժամ է, բացի այդ՝ երեկոյան նախատեսում են միանալ Երեւանում տեղի ունենալիք երթին: Նա ասաց, որ Արտաշատ քաղաքում  եւ շրջակա գյուղերում մարդկանց շրջանում հարցումներ են արել, եւ պարզել, որ 95 տոկոսը չի ցանկանում, որ էլեկտրաէներգիան թանկանա: Հիմա էլ եկել են այդ մասին նամակ հանձնելու քաղաքապետին՝ հույս ունենալով, որ նա բողոքը կհասցնի կառավարություն եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:

Artashat_4

Անդրադառնալով՝ ՀԷՑ-ի պատճառաբանություններին, թե ինչու է թանկանում էլեկտրաէներգիան, Վիկտոր Գասպարյանն ասաց. «Թանկացումը,  իմ կարծիքով, իրական այդ թվերը չեն համապատասխանում իրականությանը,  որովհետեւ նախորդ թանկացումն էլ, իմ կարծիքով, մի բան էլ ավել էր: Ավելի լավ կլիներ, որ նրանք կոնկրետանային, իրենք իրենց աշխատանքը տնտեսեին իրենց ներսում, ոչ թե ժողովրդի հաշվին փակեին այդ գումարները, իրենց պարտքերը»:

Մանրամասները՝ տեսանյութում.

Նամակը հանձնելուց հետո պարոն Գասպարյանից հետաքրքրվեցինք, թե ինչ են կարծում՝ ինչ վերաբերմունք ունի Արտաշատի քաղաքապետը թանկացումների վերաբերյալ: Նա  պատասխանեց,  որ կարծում է քաղաքապետն էլ է դեմ դրան եւ ընդհանրապես ոչ ոք կողմ չէ, որ էլեկտրաէներգիան թանկանա. «Մինչեւ ձեր գալը քաղաքապետարանի աշխատողներն ասում էին, մենք էլ ենք միանում ստորագրահավաքին»,- ասաց նա:

Aravot.am-ը փորձեց խոսել նաեւ Արտաշատի բնակիչների հետ՝ պարզելու  նրանց վերաբերմունքը  թանկացան վերաբերյալ:  Չնայած մենք նախկինում  արդեն նկատել էինք, որ այստեղ բոլորը խուսափում են տեսախցիկի եւ  ձայնագրիչի առջեւ խոսելուց, այնուամենայնիվ կրկին զարմացանք տասնյակից ավելի մարդկանց՝ հարցազրույց տալու մերժումը լսելիս:  Առանց ձայնագրիչների բոլորն անկեղծ էին. «Մենք ի՞նչ կարանք անենք, որ, իրենք կորոշեն, իրենք կստորագրեն, կդնեն ղրաղ»,- ասաց մեզ հանդիպած կանանցից մեկը:

«Ի՞նչ ասեմ, ո՞ր մեկն ասեմ, ոչ մեկն էլ չեմ ասի»,- ասաց մի տղամարդ ու հրաժարվեց բառ ասելուց: Տոնավաճառի կանանցից մեկին ներկայանալուց հետո, հարցրի. «Ի՞նչ կարծիք ունեք էլեկտրաէներգիա…՞»: Նա, չսպասելով մեր մտքի ավարտին, միանգամից ասաց. «Շա՜տ գոհ ենք, լուսերը նորմալ միացնում, անջատում են»: Հետո ես՝ տարակուսած. «Կո՞ղմ եք թանկացմանը»:

«Ի՞նչ թանկացմանը, հա՜, թանկացումը նկատի ունեք, իհարկե կողմ չենք, դեմ ենք, բայց ի՞նչ պիտի անենք որ»:

Տոնավաճառում հավաքված մի խմբի մոտեցանք՝ նրանցից պարզելու իրենց կարծիքին ու դիրքորոշումը հարցի վերաբերյալ: «Ճիշտ են անում,- ասաց մի երիտասարդ,- քիչ է դա դեռ»:

Կողքից մի կին էլ՝ թե կատակ է անում, աղջիկ ջան, դեմ է: «Դեմ չեմ»,-պնդեց երիտասարդը: Հավաքվածներին հարցրինք՝ գիտե՞ն, որ այսօր Երեւանում բողոքի մեծ երթ է լինելու ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման, իրենք չեն մասնակցելու՞: Երիտասարդը նախ ստուգեց արդյոք ձայնագրում ենք՝ ասելով՝  մի բան չասենք, տանեն գլուխներս խուզեն, հետո համոզվելով, որ չենք ձայնագրում՝ հարցրեց մեզ. «Դու Արտաշատի՞ց ես: Մեր  մոտ ոչ մեկը ոչ մի երթի չի մասնակցում, ինչ երթ էլ լինի, չգիտե՞ս: Ո՞վ է ձեռ քաշել իր գլխից»:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031