Լրահոս
Օրվա լրահոսը

Սաքունց. Պատահական չէ, որ ՀԱՊԿ նիստը Ռիգայի գագաթաժողովին զուգահեռ էր կատարվում

Մայիս 27,2015 17:33

«Ռիգայի գագաթաժողովը Հայաստանին բան չտվեց, որովհետեւ Հայաստանը պատրաստ չէր բան վերցնելու»,- մայիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Վանաձորի հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի նախագահ Արթուր Սաքունցը:

Նա նկատեց, որ Վիլնյուսի գագաթաժողովից առաջ, հասարակությունը գիտեր, որ Հայաստանը չի ստորագրելու Ասոցացման համաձայնագիրը եւ Հայաստանը նախօրոք նախապատրաստվել էր, իսկ մայիսի 22-ին Ռիգայում տեղի ունեցած գագաթաժողովի ընթացքում նախապատրաստվածություն չկար:

«Մենք իրավիճակից բացի արձանագրեցինք նաեւ մեր մտահոգությունները: Պետք է ասեմ, որ կարմիր թելով անցկացված էր հետեւյալը, որ հիմնական մարտահրավերը Ռուսաստանի Դաշնությունն է իր քաղաքականությամբ: Այսինքն՝ մինչեւ Եվրոպական միությունը Արեւելյան գործընկերության ծրագրի իրականացման տեսակետից չձեւակերպի անելիքները ռուսական մարտահրավերների հետ կապված, մենք որեւէ հաջողություն չենք ունենա: Կարեւոր եմ համարում, որ առնվազն ֆորումում արձանագրվեց քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջը, սա շատ կարեւոր էր: Սովորաբար, հիմնական ուշադրությունը դարձվում էր Բելառուսին ու Ադրբեջանին, եւ չնայած մեր ջանքերին հետին պլանն էր մղվում Հայաստանում քաղբանտարկյալների խնդիրը, բայց փառք աստծո այս անգամ արձանագրեցին»,- ասաց նա:

Իրավապաշտպանը նկատեց, որ գագաթաժողովին զուգահեռ գործընթացներ էին տեղի ունենում. «Առաջին անգամ քաղաքացիական հասարակության ֆորումում բոլորի կողմից միատեսակ եղավ այդ ռուսական լրատվական միջոցների քարոզչության դերը, նախկինում այդ ընկալում չկար: Այսինքն՝ ռուսական լրատվական միջոցները ապակողմնորոշում են, ավելին՝ դա վտանգ է ներկայացնում առանձին երկրներում: Երկրորդ՝ այդ օրերին Տաջիկստանում տեղի է ունենում Հավաքական անվտանգության պայմանագրի երկրների անվտանգության մարմինների նիստ: Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարում է, որ հանձինս ՆԱՏՕ-ի եւ եվրոպական երկրների մենք ունենք մեր սպառնալիքները եւ մեր դաշնակիցները: Սա պատահական չի, որ այդ գագաթաժողովին զուգահեռ է կատարվում, ավելին՝ նույնիսկ հայտարարում են, որ այդ սպառնալիքները պետք է կանխել, եւ մենք կկատարենք մեր պարտականությունները ոչ միայն Ռուսաստանի նկատմամբ, այլ նաեւ մեր դաշնակիցների նկատմամբ այդ սպառնալիքները կանխելու ուղղությամբ, այդ թվում՝ նաեւ Հայաստանի եւ Բելառուսի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031