Հայտնի երգչուհու և նվագախմբի համերգը տեղի կունենա հուլիսի 3-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Համերգի կազմակերպիչը One Production ընկերությունն է, որի տնօրեն Վարդուհի Դավթյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Բեթ Հարթին Հայաստան հրավիրելու մտահղացումն իրենն է եղել: «Լինելով երաժիշտ՝ ես ուզում եմ, որ Հայաստանում լավ երաժշտություն հնչի: Դիմեցի Սերգեյ Սմբատյանին, նա համաձայնեց մասնակցել համերգին, երգչուհին էլ մեծ սիրով ընդունեց առաջարկը: Կարծում եմ, որ բացառիկ համերգ է լինելու, որովհետև Բեթ Հարթը երբեք հանդես չի եկել սիմֆոնիկ նվագախմբի հետ»,- ասաց Վ. Դավթյանը:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանն էլ է կարծում, որ համերգն այս իմաստով իսկապես բացառիկ է. «Մենք միշտ պատրաստ ենք ելույթ ունենալու որակյալ երաժիշտների հետ: Երիտասարդական նվագախումբն ընդհանրապես շատ տարբեր ձևաչափերում է փորձում ներկայանալ, և կարծում եմ, որ դա մեզ հաջողվում է»,- հավելեց նա:
Կարդացեք նաև
Դառնալով Բեթ Հարթին ու նրա այցին մեր երկիր՝ Ս. Սմբատյանն ասաց. «Նոր սերունդը նոր բան լսելու ցանկություն ունի, և Հարթը նաև այդ սերնդի սիրելին է: Նա աշխարհում հայտնի և թրենդ ստեղծող երգչուհի է: Արտիստ է, որին սոցցանցերում միլիոնավոր մարդիկ են հետևում: Եվ եթե նա գալիս է Հայաստան առաջին անգամ սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ համերգ ունենալու ու դա ներկայացնում է որպես երաժշտական, այլ ոչ թե որպես կազմակերպչական, շուկայական ձեռքբերում, ապա ես կարծում եմ, որ մեզ համար դա հաջողություն է»:
Նշենք, որ սա երգչուհու առաջին այցն է մեր երկիր: Նա Երևան կժամանի հուլիսի 1-ին, բայց Ս. Սմբատյանի փոխանցմամբ, արդեն գործիքավորվել են այն երգերը, որոնք Բ. Հարթը ցանկանում է, որ կատարվեն հայաստանյան համերգի ժամանակ:
Նշենք նաև, որ համերգի տոմսերի գներն սկսվում են 7 000 դրամից:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ