Խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողներն այսօր կրկին հավաքվել էին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց: Նրանց պահանջը նույնն էր՝ հանդիպում Սերժ Սարգսյանի հետ:
Aravot.am-ի հետ զրույցում զոհված Արթուր Ղազարյանի մայրը` Իրինա Ղազարյանը, տեղեկացրեց, որ երեկ ինքն ու զոհված Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը գրություն են ստացել դատախազությունից այն մասին, որ իրենց նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն գործադրելու դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել: Տեղեկացնենք, որ քննիչի որոշման մեջ նշվում է, որ ոստիկանները բռնության գործադրմամբ կանանց անցկացրել են նախագահականի դիմացի մայթ, և որդեկորույս մայրերից մի քանիսը ստացել են մարմնական վնասվածքներ։
Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է` պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով:
Հիշեցնենք, որ օրեր առաջ մի խումբ ոստիկաններ նախագահական նստավայրի դարպասի մոտից քաշքշելով, հրելով և հարվածելով հեռացրել են բողոքի ակցիա անցկացնող բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին, ովքեր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպում են պահանջում։
Կարդացեք նաև
Իրինա Ղազարյանից հետաքրքրվեցինք՝ հույսեր ունի՞, որ այս անգամ արդար քննություն կիրականացվի, տիկին Ղազարյանը պատասխանեց. «Չեմ կարող վստահ ասել՝ արդար քննություն կիրականացվի, թե նորից գործը կկոծկեն: Այն ժամանակ հույս կունենայի, երբ իմ տղայի գործը բացահայտվեր: Մենք պետական ոչ մի բան չունենք ամեն ինչ սեփականություն է: Երեխայիս դեպքից հետո էլ ո՞ւմ հավատամ, ինչի՞ն հավատամ: Չգիտեմ, գուցե խիղճները մի բան խոսի՞»:
Նշենք, որ այսօր ևս նախագահականից որևէ արձագանք չեղավ զոհվածների ծնողների պահանջին, համենայն դեպս ոչ ոք չլսեց նրանց ու չխոսեց նրանց հետ: Ծնողները վրդովված էին, որ կրկին իրենց անուշադրության են մատնում: Նրանք նկատեցինք, որ փոխանակ ուշադրություն դարձնեն իրենց պահանջներին, ոստիկանների թիվն են մեծացնում ակցիայից ակցիա:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ