Այսօր՝ Ստեփանակերտում, ԼՂՀ Գերագույն դատարանում, սկսվել է անցած տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Դիլհամ Ասքերովի եւ Շահբազ Գուլիևի վճռաբեկության կարգով դատական նիստը, որը վարում էին դատավորներ Արսեն Հայրապետյանը և Գայանե Գրիգորյանը՝ Վոլոդյա Հովսեփյանի նախագահությամբ:
Զեկուցող դատավոր Արսեն Հայրապետյանի կողմից նախ ընթերցվել են այն հոդվածներն, ըստ որոնց, մեղադրվում են Դ. Ասկերովն ու Շ. Գուլիեևը, այնուհետև ամբաստանյալների փաստաբաններ՝ Էրիկ Բեգլարյանը և Արկադի Իսրայելյանը ներկայացրել են բողոքարկման հետ կապված այն հիմնավորումները, ըստ որի, ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների կայացրած որոշումները չեն բավարարում իրենց պաշտպանյալներին։
Մասնավորապես՝ Ասքերովի դատապաշտպան Է. Բեգլարյանը նշել է, որ առաջին ատյանի դատարանի վճիռը իր պաշտպանյալ Ասկերովի մասով ենթակա է մասնակի բեկանման, իսկ մեղավորությունն ամբողջությամբ ապացուցվելու դեպքում դատապաշտպանը խնդրել է մեղմացնել պատիժը: Շ. Գուլիևի դատապաշտպան Ա. Իսրայելյանը պնդեց, որ իր պաշտպանյալի մասով վճիռը պետք է ամբողջությամբ բեկանվի և կայացվի արդարացման վճիռ։
Նիստի ընթացքում, Դ. Ասկերովը եւ Շ. Գուլիեւը, ներկայացնելով իրենց բողոքները, մասնավորապես նշել են, որ համաձայն չեն ԼՂՀ նախորդ դատական ատյանների կայացրած որոշման հետ, քանի որ նրանց պնդմամբ ղարաբաղա- դրբեջանական սահմանը հատելիս իրենք չեն գիտակցել, որ այն անում են ապօրինաբար, լրտեսություն չեն կատարել և սպանության մեջ իրենց մեղավոր չեն ճանաչում։ Երկու դատապարտյալներն էլ նշել են, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ ոչ մի կապ չեն ունեցել: Դ. Ասքերովը ժխտել է նաև իր մեղավորությունը սպանված պատանու՝ Սմբատ Ցականյանի գրպանից գումար հափշտակելու մասով:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք Artsakhpress.am-ի կայքում