Ապարանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակից 8 երիտասարդների ոստիկանությունը բերման էր ենթարկել արեւածաղիկի սերմ ուտելու համար: Ոստիկանները պատճառաբանել են, թե երիտասարդները տարածքը աղտոտում են: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ վարչության անդամ Գեւորգ Գեւորգյանը:
Նրա պատմելով՝ հոսանքի թանկացման դեմ բողոքի երթը, որը Ապարանի ավտոկայանից դեպի քաղաքի հրապարակ էր լինելու, սկսվելու էր ժամը 13.00-ին, սակայն արդեն 12.45 Ապարանի ոստիկանապետն իր ենթակաների հետ հայտնվել են ու երիտասարդներին տարել բաժին:
Ապարանի ոստիկանապետը Գեւորգյանին վստահեցրել է. «Հայրապետյանն ինձ ասեց՝ տղաներին տանենք, վարչական գրենք, դաստիարակչական աշխատանքներ տանենք, որ էլ չի կրկնվելու»:
Ոստիկանությունն արդեն ազատ է թողել երիտասարդներին: Նրանք պատմել են Գեւորգյանին, որ ոստիկանական բաժնում նրանց հարցուփորձ էին անում՝ ո՞վ է կազմակերպել ակցիան, ի՞նչի համար եք հավաքվել: Իսկ խաղաղ երթը կազմակերպել է ՀԱԿ-ի տարածքային կառույցը:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ երթն արտոնվա՞ծ է եղել, պարոն Գեւորգյանն ասաց, որ դրա կարիքը չկար, քանի որ թույլտվություն եւ արտոնություն հարկավոր է ստանալ այն դեպքում, երբ 100-ից ավելի մարդիկ են հավաքվում. «Մենք 100-ից պակաս էինք: Ապարանի քաղաքապետն էլ, որ մոտեցանք մեր դիմում բողոքը հանձնելու, հարցրեց՝ թե ինչո՞ւ իրեն տեղյակ չենք պահել ակցիայի մասին: Ասացի, որ օրենքը թույլ է տալիս առանց պաշտոնական թույլտվության նման քանակի մարդկանցով ակցիա անել»:
Գեւորգյանի փոխանցմամբ՝ «Մեր դիմում-բողոքում ներկայացրել ենք, որ մենք դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանն ու այդ անօրինականություններին. տվեցինք Ապարանի քաղաքապետին, որպեսզի ինքն էլ փոխանցի ՀՀ իշխանություններին»:
Մեր այն հարցին՝ առաջիկայո՞ւմ էլ են պատրաստվում բողոքի ակցիաներ անել ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացմանը, թե ոստիկանության այսօրվա գործողությունները գուցե ապարանցիներին՝ փողոց դուրս գալու համար զսպելու քայլ էր, Գեւորգյանն ասաց. «Այդպես վախի մթնոլորտ են ստեղծում, բայց դա զսպող բան չի կարող լինել՝ քանի երկրի վիճակը վատ է, անիմաստ թանկացումներ են ու անօրինական գործողություններ են անում: Հայաստանի Հանրապետության քաղաքացին պայքարելու է, մենք էլ քաղաքացու կողքին ենք»:
Մեր այն հարցին՝ հոսանքի թանկացմանը դեմ ակցիային 100-ից պակաս մարդ հավաքվելն ինչո՞վ է պայմանավորված, քիչ չէ՞ նման լուրջ խնդրի դեմ պայքարելու համար, Գեւորգյանն ասաց. «Մարզային մասշտաբով՝ նորմալ է, բայց մյուս կողմից էլ՝ վախի մթնոլորտ են սարքում, մարդիկ խուսափում են ավելորդ անգամ քաղմաս ընկնեն»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ