«Եկեք մարդկանց բերելու հարցը չդնենք, մարդկանց փոխարեն որոշում չկայացնենք: Հայաստանի դռները բաց են, Սիրիայում երևի եզակի դեսպանությունն է, որը նույն մակարդակով աշխատում է, ինչպես նաև գլխավոր հյուպատոսությունը լայնամասշտաբ աշխատում է: Մաքսիմալ հեշտացված պայմաններ են ստեղծված թե քաղաքացիության ձեռք բերման, թե մուտքի արտոնագիր ձեռք բերելու համար: Նույնը կատարվում է Հայաստանի մեջ: Ով ցանկություն ունի, գալիս է, մարդկանց փոխարեն եկեք որոշում չկայացնենք»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանը:
Անդրադառնալով սիրիահայերի խնդրին ընդհանրապես՝ նա ասաց, որ Սիրիայում մնացած հայերի վիճակը շատ բարդ է:
Ըստ փոխնախարարի, Սիրիայում մոտ 15-20 հազար հայ է մնացել: Նա հիշեցրեց, որ այս օրերին այդ տարածաշրջանում է գտնվում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որը այցի ընթացքում առաջին հերթին նաև քննարկելու է հայերի անվտանգության հարցը:
Նախարարի այցի ընթացքում էլ սիրիահայերի տարհանման հարցը չի դրվելու: «Հայերի վիճակը Սիրիայում շատ տարբեր է, առայսօր այնտեղ հակահայկական ոչ մի բան չի եղել, երևի դա գնահատենք հակաքրիստոնեական: Չի կարելի ասել, որ դա միայն հայերի դեմ է, բոլորն են ծանր վիճակում: Դամասկոսում վիճակն ավելի հեշտ է, Հալեպում ավելի դժվար է: Շատ ծանր է վիճակը»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ սիրիահայերին ընդունելու մասին հարցը արտգործնախարարության տիրույթում գտնվող հարց չէ:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հայաստանի դռները բաց են, բայց ոչ ներս գալու, այլ, ցավոք, հեռանալու համար: Սրտի անհուն ցավով եմ ասում: