Մայիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում մեկնարկեց «Եկեղեցի և պետություն Կիլիկյան Հայաստանում (հայացք ներսից և դրսից)» միջազգային գիտաժողովը` նվիրված Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանցի ծննդյան 150-ամյակին:
Եռօրյա գիտաժողովը կազմակերպվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի համատեղ ջանքերով: Գիտաժողովին մասնակցում են 23 գիտնականներ Հայաստանից և արտերկրից:
Գիտաժողովը բացվեց Մայր Աթոռի Հրատարակչական և Պաշտոնական մամուլի բաժինների տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե վարդապետ Անանյանի խոսքով: Առաջին նիստը նախագահեցին դոկտոր, պրոֆեսոր Կլոդ Մութաֆյանը և ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Չուգասզյանը:
Կարդացեք նաև
Նիստի ընթացքում զեկույցներով հանդես եկան Հայր Աթանաս Շառլ Ռենուն («Երգ երգոցի մի ընթերցում Կիլիկյան ճաշոցում»), ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ պ.գ.թ. Արամ Հովհաննիսյանը («Կիլիկյան Հայաստանի և Իկոնիայի սուլթանության հարաբերությունների պատմությունից (ԺԳ դարի 40-ական թվականներ)»), ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտից պ.գ.թ. Վահե Թորոսյանը («Թագադրման ծեսը Կիլիկիայի հայկական թագավորությունում»), Գերմանիայից դոկտոր Փիթեր Հալֆթերը («Եկեղեցական միության վերականգնման փորձեր Հայաստանի և Հռոմի միջև») և ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտից պ.գ.թ., դոցենտ Դավիթ Թինոյանը («Հեթում Ա-ի հոգևոր և աշխարհիկ գործունեությունը»):
Երկրորդ նիստի համանախագահներն էին պ.գ.դ. Ազատ Բոզոյանը և դոկտոր Փիթեր Հալֆթերը: Նիստին իրենց զեկույցները ներկայացրեցին արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Չուգասզյանը («Թորոս Ռոսլինի նկարազարդած ձեռագրերի փորձություններն ու փրկությունը»), ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտից պ.գ.թ. Զոհրապ Գևորգյանը («Անանուն ջենովացու պոեմը և Հեթում Պատմիչի «Ժամանակագրությունը» Այասի ափերին 1294 թ. Տեղի ունեցած Վենետա-ջենովական ծովամարտի մասին») և ԵՊՀ Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնից Էմմա Չուգասզյանը («13-րդ դարի Կիլիկիայի հայկական մանրանկարչությունը և իտալական արվեստը»):
Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Ս. Էջմիածին