Լրահոս
Օրվա լրահոսը

Նամակ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին. դժվար է ապրել, երբ քեզ ամբողջ աշխարհն է հանդիմանում

Մայիս 27,2015 14:36

Թուրքիայի հանրապետության վարչապետ

պարոն Ահմեդ Դավուդօղլուին

 

Հարգելի պարոն վարչապետ,

Ոչ ոք չի կարող առարկել, որ  պետք է «հարգանքով վերաբերվել օսմանյան բոլոր քաղաքացիների հիշատակին և խղճին», քանի որ 100 տարի առաջ նրանք «կիսել են ուրախությունը, վիշտն ու ընդհանուր ճակատագիրը», և ամեն մեկը յուրովի է դարձել այդ ճակատագրի զոհը։ Սակայն մեզ` ներկայիս սերնդի հայերին ու թուրքերին, առաջին հերթին միավորում է այն, որ «մենք ունենք ընդհանուր պատասխանատվություն՝ ամոքելու մեզ բաժին հասած 100-ամյա վերքերը և կրկին հաստատելու մարդկային կապերը»: Այդ առնչությամբ մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, անհրաժեշտ ենք համարում արձագանքել «Օսմանյան կայսրության անկման ժամանակաշրջանում օսմանյան հայերի կորստյան առթիվ» ապրիլի 24-ի նախաշեմին արված Ձեր ուղերձին (https://www.basbakanlik.gov.tr/Forms/_Article/pg_Article.aspx?Id=94b50d52-8d03-4b42-ad15-f8ceba401572):

Օսմանյան կառավարության կողմից 100 տարի առաջ իրականացված հիրավի զանգվածային բռնաճնշումները ոչ միայն խաթարեցին հայ ժողովրդի բազմահազարամյա գոյությունն իր պատմական հայրենիքում, այլև թուրք ժողովրդին դարձրին մարդկության դեմ գործած ծանրագույն հանցագործության մեջ մեղադրանքի պատանդը: Ձեր ուղերձում Դուք ասում եք, որ այսօր «հնարավոր է բացահայտել կատարվածի պատճառներն ու մեղավորներին», բայց «իրավական ու բարոյական տեսանկյունից վիճահարույց է ամեն ինչ հանգեցնել մեկ բառի և ընդհանրացնելու միջոցով ողջ պատասխանատվությունը բարդել միայն թուրք ժողովրդի վրա՝ այն շաղկապելով ատելության հետ»։

Ժողովրդի խղճի մարմնավորումը նրա պետության Սահմանադրությունն է, ուստի մենք 1876 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունված Սահմանադրությունը կարևոր ուղենիշ ենք համարում Օսմանյան կայսրության պատմության մեջ։ Քաղաքական այդ սկզբունքին համապատասխան՝ մենք օսմանյան քաղաքացիների պատմական թշնամիների շարքն ենք դասում բոլոր նրանց, ովքեր քամահրանք են ցուցաբերել այդ Սահմանադրության և նրա կողմից պաշտպանվող հանրային արժեքների նկատմամբ, որոնցից գլխավորը օրենքի առջև օսմանյան քաղաքացիների հավասարությունն էր համարվում։

Մենք կարծում ենք, որ պատմական իրադարձությունների գնահատման «հասուն և արժանապատիվ մոտեցումը» պետք է սպառիչ պատասխան տա մեզ հուզող հարցին. ինչո՞ւ թղթի վրա մնաց օսմանյան քաղաքացիների կամքը՝ համերաշխ ապրելու ընդհանուր բազմազգ տան մեջ՝ պահպանելով իր էթնիկ, հոգևոր և մշակութային  ինքնությունը։

Օսմանյան քաղաքացիների իրավահավասարության գաղափարին վերջ դրած ողբերգական իրադարձություններից 100 տարի անց այս հարցը իր քաղաքական հրատապությունն առայսօր պահպանում է ոչ միայն օսմանյան հայ քաղաքացիների հետնորդների, այլև այն թուրքերի համար, ովքեր զգում են, որ իրենց լիարժեք մարդկային անհատականությունը սահմանափակված է գոյություն ունեցող պետական համակարգի կողմից:

Ձեզ՝ որպես գիտնական մարդու, անշուշտ հայտնի է, թե ինչպիսի արգելքների բախվեց օսմանյան քաղաքացիների իրավահավասարության գաղափարը և որքան մարդ կյանքից զրկվեց այդ գաղափարի հակառակորդների կողմից: Դրա համար մենք վստահ ենք՝ Դուք կհամաձայնեք, որ Օսմանյան կայսրության քաղաքական կյանքի մյուս կարևոր ուղենիշը 1908 թվականին սահմանադրական կարգի վերականգնման համար մղվող պայքարում երկրի քաղաքական ուժերի միավորումն է:

Այսօր մենք Իթթիհադի առաջնորդներին դատապարտում ենք ոչ միայն նրանց կողմից առաջ քաշված՝ օսմանյան մյուս քաղաքացիների հանդեպ թուրք ազգի հեգեմոնիայի ռասիստական գաղափարի համար: 1913 թվականի հունվարին Իթթիհադը պետական հեղաշրջում իրականացրեց, որն իրավական տեսանկյունից իշխանության բռնազավթում էր՝ ծանր հանցագործություն ողջ ժողովրդի դեմ, իսկ  բարոյական տեսանկյունից՝ ուխտադրուժ դավաճանություն քաղաքական դաշնակիցների, օսմանյան բոլոր քաղաքացիների և համընդհանուր հավասարության սկզբունքի հիման վրա ազգային միասնության գաղափարի հանդեպ։

Խաբված քաղաքացիների կողմից անխուսափելի պատժի դեմհանդիման՝ անօրինական իշխանությունն իր համար արտաքին հովանավորություն գտավ և երկիրը ներքաշեց պատերազմի մեջ։ Այլ կերպ չէր էլ կարող լինել. միայն պատերազմը կարող էր հնարավորություն տալ զրպարտության լայնածավալ ալիք բարձրացնել ընդդեմ օսմանյան խաբված քրիստոնյա քաղաքացիների՝ ապօրինի իշխանության դեմ ցանկացած ապստամբություն ճնշելու նպատակով։

Մենք կարծում ենք, որ բոլոր այդ ժողովուրդներին ոչնչացնելու ուղղությամբ հետագա գործողությունները միայն օսմանյան ղեկավարների անազնիվ ընտրության հետևանքն էին։ Որոշեցին վերացնել դավաճանության վկաներին՝ քրիստոնյաներին։

Սակայն դրանով գործը չավարտվեց. պետք էր ջնջել այդ դավաճանության վերջին վկայի` թուրքական ծագման օսմանյան քաղաքացիների խիղճն ու հիշողությունը: Կարծում ենք կհամաձայնեք, որ գործի այդ մասն արդեն իրականացրեց Թուրքիայի հանրապետական կառավարությունը՝ օրինականացնելով թուրքական ազգայնականությունը որպես պետական քաղաքականություն, ներշնչելով թուրք քաղաքացիներին, թե երկրում տեղի ունեցածը միայն «հերոսություն էր հանուն ազգի»։ Թուրք ժողովրդի ներկայիս վիճակի պատասխանատվությունն ամբողջովին ընկնում է հանրապետական Թուրքիայի վրա: Եվ թուրք քաղաքացիների ողբերգությունը դարձավ այն, որ մեծամասնությունը միայն հարյուր տարի հետո սկսեց գիտակցել, թե ինչպիսի անպատվություն է եղել իրենց ապրած կյանքը։

Հենց դրանում է նախկին օսմանյան քաղաքացիների հետնորդների այսօրվա հիմնախնդիրը։ Այստեղ պատմաբաններ պետք չեն. բավական են խիղճ և բանական ու անաչառ հայացք։ Դավաճանության վկայությունը մարդկանց հոգիներում է, այլ ոչ թե պատմության փաստաթղթերում։

Այսօր օսմանյան քաղաքացիների հետնորդների համար «միմյանց հակասող հիշողությունների բախումների» էությունը այդ դավաճանության հանդեպ ձևավորված տարբեր մոտեցումներով է պայմանավորված։ Ուստի, եթե ցանկություն կա բուժելու մեզ բաժին հասած հարյուրամյա վերքերը և կրկին հաստատելու մարդկային կապեր, ապա օսմանյան քաղաքացիների հետնորդների միջև ցանկացած խոսակցության իմաստը պետք է հանգի այդ Մեծ Դավաճանության նկատմամբ միասնական վերաբերմունքին։

Կարելի է հուսալ, որ թուրքերի ներկա սերունդը դա լավ է հասկանում, քանի որ դժվար է հավերժ ապրել անպատվության պայմաններում։ Հատկապես դժվար է ապրել, երբ քեզ ամբողջ աշխարհն է հանդիմանում այդ անպատվության մեջ և առաջարկում ապաշխարել հանուն ինքդ քեզ: Ընտրությունն իրենցն է, քանզի օսմանցի քաղաքացիների մյուս հետնորդներն այլևս ոչինչ չունեն կորցնելու:

 

Մանվել Սարգսյան

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն

 

Հարություն Կարապետյան

Գիտության եւ առաջավոր տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի տնօրեն

 

Ստեփան Դանիելյան

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հասարակական կազմակերպության ղեկավար

 

Անդրիաս Ղուկասյան

Քաղաքագետ

 

Սարո Սարոյան

Քաղաքագետ

 

Վարդան Ջալոյան

Հրապարակախոս

 

27.05.2015, Երևան, Հայաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031