Մայիսի 25-ին Պրահայի Սուրբ Սիմոնի և Սուրբ Հուդայի եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Լույս ի լուսո» հատուկ համերգը՝ Տիգրան Համասյանի և Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ: Համերգը կազմակերպել էր Չեխիայում ՀՀ դեսպանությունը՝ Չեխիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող «Ապրիլ-24» կոմիտեի աջակցությամբ և «Կարդինալ» սրահի, «Գեներալ» հյուրանոցի, «Արաքս» ընկերության և հայ համայնքի ներկայացուցիչների հովանավորությամբ:
Համերգին ներկա էին Չեխիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի բազմաթիվ ներկայացուցիչներ, պատգամավորներ, կառավարության և նախագահի աշխատակազմի աշխատակիցներ, երաժշտական հաստատությունների, նվագախմբերի ղեկավարներ, երաժշտագետներ, լրագրողներ, Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչներ:
«Լույս ի լուսո»-ն Տիգրան Համասյանի յուրօրինակ նախագիծն է դաշնամուրի և երգչախմբի համար: Այդ նոր երաժշտական նախաձեռնությունը նորովի մեկնաբանում է 5-ից 20-րդ դարերի հայկական հոգևոր երաժշտությունը: Երգացանկում ներառված էին Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Նարեկացու, Գրիգոր Պահլավունու, Ներսես Շնորհալու, Մխիթար Այրիվանեցու, Մակար Եկմալյանի և Կոմիտասի ստեղծագործությունները:
Նախագիծը հայկական հոգևոր երաժշտության մի յուրովի ներկայացում է, որի միջոցով երաժիշտներն իրենց երախտագիտությունն են հայտնում դրա հիմնադիրներին` հնչեցնելով նրանց աշխատանքները աշխարհի հին եկեղեցիներում և վանքերում, որտեղից էլ այն իր սկիզբն է առել:
Կարդացեք նաև
Համերգին բացման խոսքով հանդես եկավ Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը` ներկայացնելով հայ ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանին և Հարություն Թոփիկյանի ղեկավարած Երևանի պետական կամերային երգչախումբն, ինչպես նաև բուն նախագիծը:
Հայ երաժիշտներն իրենց կատարումներով արժանացան բազմաթիվ հայ և օտարազգի ներկաների ջերմ ընդունելությանը:
ՀՀ ԱԳՆ