Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է տարբեր բուհերի ուսանողների հետ, որոնք կամավորական սկզբունքով կաշխատեն համահայկական խաղերի ընթացքում: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Անանյանը, որը կորդինացնելու է համահայկական խաղերի ընթացքում կամավորների հետ տարվող աշխատանքները:
Կոմիտեի նախագահը ողջունեց հանդիպման մասնակիցներին և նշեց, որ կամավորական աշխատանքը գնահատելի և շնորհակալ գործ է: Ի. Զաքարյանն ասաց, որ կամավորները խաղերի մասնակիցներին կդիմավորեն սահմանների մոտ և օդանավակայանում ու խաղերի ողջ ընթացքում կլինեն նրանց հետ: Օդանավակայանում կգործի կանաչ գոտի անցման ուղին, ինչպես օլիմպիական խաղերի ընթացքում: Կամավորներն կաշխատեն նաև խաղերի բացման տոնակատարության ժամանակ : Նրանք մասնակից քաղաքների անվանումները կրող ցուցանակներով կառաջնորդեն շքերթին մասնակցող քաղաքների պատվիրակություններին:
Հանդիպմանը մասնակցող երիտասարդները նշեցին, որ մեծ հաճույքով են համագործակցում համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի հետ, քանի որ համահայկական խաղերը Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնության լավագույն դրսևորումներից են, և միմյանց ճանաչելու ու նոր ընկերներ ձեռքբերելու լավագույն հնարավորություն :
Մամլո հաղորդագրություն