Այսօր՝ մայիսի 27-ին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ ներկայացրեց «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի մեկնարկի միջոցառումը:
Ծրագրի տեւողությունը 24 ամիս է, այն նախատեսվում է ավարտին հասցնել գալիք տարվա դեկտեմբերի 31-ին:
ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը խոսելով ծրագրի կարեւորությունից, մի ասացվածք մեջբերեց՝ «Ամեն ինչ կարելի է գնել փողով»: Ապա հավելեց, որ այս մտայնությունը կա շատ երկրների համալսարաններում: Հղում անելով Transparency International կազմակերպությանը, ԿԳ նախարարի տեղակալը հավելեց 2011-ին մի շարք երկրներում անցկացված հարցումներով կրթության ոլորտը համարվել է ամենակոռումպացվածը՝ տվյալ երկրի բնակչության 30 %-ի կարծիքով, ինչ վերաբերում է Հայաստանին, այն 2011-ին 94-րդ տեղում է եղել՝ 175 երկրների թվում, իսկ այս տարվա տվյալներով՝ 105-րդ տեղում:
Տիկին Հարությունյանը նշեց, որ ներկայումս Հայաստանում մեծ առաջընթաց կա կոռուպցիայի մակարդակը նվազեցնելու ուղղությամբ, բայց միաժամանակ անհրաժեշտ են նոր մեթոդներ՝ կոռուպցիան կանխարգելելու համար: Այդ ամենի հանրագումարում բարձրագույն կրթության ոլորտում 3 հարց կլուծվի՝ հավասարություն, մատչելիություն եւ որակ: Նա մի հոդված մեջբերեց միջազգային մամուլից, որտեղ նշված էր, թե Հայաստանը լինելով Եվրոպական տարածքում ամենափոքր երկրներից մեկը, գտնվելով անկայուն տարածաշրջանում՝ հաջողությամբ ընդունել եւ կառավարել է Բոլոնիայի գագաթաժողովը եւ ապահովել բոլոր երկրների նախարարների, այդ թվում՝ Թուրքիայի նախարարի մասնակցությունը:
Կարդացեք նաև
Երեւանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան փաստեց, որ կոռուպցիան գոյություն ունի բոլոր անդամ երկրներում:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան էլ նշեց, որ ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել ԵՄ/ԵԽ Արեւելյան գործընկերության երկրներում 2015-2017 թթ՝ ծրագրային համագործակցության շրջանակի ներքո: 2014թ դեկտեմբերին ստորագրվել էր 33,8 մլն արժողությամբ համագործակցության պայմանագիր՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը Արեւելյան գործընկերության 6 երկրներում՝ ներառյալ Հայաստանը, խթանելու նպատակով: Նրա ձեւակերպմամբ ծրագրի նպատակը միայն կոռուպցիայի դեմ պայքարը չէ, այն կօժանդակի ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության 2015-2018 թթ միջոցառումների ծրագրի արդյունավետ իրականացմանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ