ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է բենզինի կեղծ կտրոններ իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ 4 երիտասարդ, նախնական համաձայնության գալով, 2014 թվականի դեկտեմբերին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների բենզալցակայաններում իրացրել են բենզինի կեղծ կտրոններ։
Քննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ կեղծվել են հիմնականում բենզինի «Ռեգուլյար» տեսակի 20 լիտրանոց եւ «Սուպեր» տեսակի 10 լիտրանոց կտրոնները, որոնցից մի քանիսն իրացվել են, իսկ հերթական խմբաքանակի իրացման փորձի ժամանակ՝ 2014 թվականի դեկտեմբերի 17-ին, բենզալցակայանի աշխատակիցների կողմից բացահայտվել է կտրոնների կեղծ լինելու հանգամանքը։
Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 4 անձի, որոնցից 3-ը ՀՀ քաղաքացիներ են, իսկ 1-ը՝ Վրաստանի, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե