Դիլիջանի պետական քոլեջում կատարված իրավախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով (« Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբակային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին(գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը):
Տավուշի քննչական բաժնից տեղեկացանք, որ քրեական գործը հարուցվել է Դիլիջանի քոլեջի տնօրեն Գրետա Թամրազյանի կողմից իր պաշտոնական լիազորությունները գերազանցելու փաստի կապակցությամբ: Նա քրեական գործում ներգրավվել է որպես կասկածյալ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ըստ տեղեկությունների՝ Դիլիջանի պետական քոլեջում յուրացրել են ուսանողների կրթաթոշակները:
Գ. Թամրազյանը Դիլիջանի պետական քոլեջը ղեկավարում է 2006 թվականի փետրվարից: Երկու երեխաների մայր, 56-ամյա Գրետա Թամրազյանը Դիլիջան քաղաքի ավագանու միակ կին անդամն է:
Տավուշի մարզային «Տավուշ» հեռուստաընկերությունը 2012 թվականին նրան նվիրված, նրան գովաբանող «Կնոջ դիմանկարը» հաղորդում է պատրաստել եւ հեռարձակել:
Կարդացեք նաև
Քրեական գործի քննությունը եւ դատաքննությունը կապացուցեն Գ. Թամրազյանի անմեղությունը կամ մեղավորությունը,կամ ունեցած մեղքի չափը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ