Էջմիածնի ճանապարհին գտնվող գազալցակայանը հիմնավորման օրվանից՝ մոտ 3 տարի փորձաքննություն չէր անցել: Բայց դա փաստորեն առիթ չէր դարձել, որ լցակայանին զրկեն թույլտվությունից: Տեխնիկական անվտանգության եւ հակահրդեհային տեսչությունը ընդամենը երկու շաբաթ առաջ էր եղել այնտեղ եւ 1մլն դրամով տուգանել ընկերությանը՝ փորձաքննությունից խուսափելու համար: Իրենց հավաստմամբ՝ անգամ արձանագրություն էր կազմվել եւ արգելվել էր կայանի շահագործումը: Բայց, երեւում է, արգելքն այնքան ազդեցիկ չի եղել: Մինչդեռ այդքան տարիներ օրենքը խախտելու դեպքում վաղուց գազալցակայանը պետք է կնքված ու փակված լիներ:
Մեկ ամսվա ընթացքում երեք դժբախտ դեպքը աղաղակող է եւ վկայում է, որ գազալցակայաններում լուրջ խնդիրներ կան, որոնք էլ նման պատահարների ու մարդկային կորուստների պատճառ են դառնում:
Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ ՎԼԱԴԻՄԻՐ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ հավաստիացմամբ, նման խնդիրներ իսկապես կան, հարկավոր է ծրագրված միջոցառումներ իրականացնել այդ խնդիրները վերացնելու եւ հետագա դժբախտ դեպքերը կանխելու համար:
Վլադիմիր Հովսեփյանի տեղեկացմամբ՝ պայթյունները մեծ մասամբ տեղի են ունենում սպառողների ու գազալցակայանների աշխատողների կողմից տեխնիկական անվտանգության կանոնները խախտելու հետեւանքով. «Հաճախ մեքենաների սեփականատերերը իրենց մեքենաների մեջ տեղադրում են բալոններ, որոնք նախատեսված չեն գազի համար: Այդպես, ճիշտ է, ավելի մատչելի է, սակայն տվյալ դեպքում վարորդը իր եւ ուրիշների կյանքի հետ է խաղում:
Կարդացեք նաև
Պատճառներից մեկն էլ այն է, որ վարորդները հավելյալ թեյավճարով գազալցակայանի աշխատողին պարտադրում են նախատեսվածից ավելի շատ գազ լցնել բալոնի մեջ: Եթե բալոնի տարողունակությունը 200 մթնոլորտ ճնշում է, երբեմն դրա մեջ 230-240 մթնոլորտ ճնշմամբ գազ են լցնում, եւ եթե բալոնը քիչ թե շատ մաշվածություն կամ թերություն ունեցավ՝ չի դիմանա այդ ծանրաբեռնվածությանը»:
Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում