Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պռակատով» երեխաներ. Նաիրա Զոհրաբյանը սկանդալային հայտարարություն արեց՝ մանկատնից երեխա են վարձակալում

Մայիս 27,2015 12:09

Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ներկայացրեց 2014-ի բյուջեի կատարողական հաշվետվությունը:

Քննարկման ժամանակ սկանդալային հայտարարություն արեցին ԲՀԿ պատգամավորները:

ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը մտահոգություն հայտնեց, որ մուրացկաններ կան, որ մի քանի ամսական երեխաներին գրկներին մուրացկանություն են անում. «Ժողովուրդն ասում է՝ նույնիսկ պռակատով են վերցնում այդ երեխաներին: Ի՞նչ է անում Մարդու իրավունքների գրասենյակը այս դեպքում»,- օմբուդսմենին հարցրեց նա:

Երեխաների վարձակալության մասին լուրը նորություն էր Կարեն Անդրեասյանի համար, նա զարմացավ:

Վահան Բաբայանին լրացրեց Նաիրա Զոհրաբյանը: Նա ասաց, որ կարող է անգամ մանկատների անուններ ասել, որտեղից այդ երեխաներին վարձակալում են՝ մուրացկանության համար:

Lsumner-3Կարեն Անդրեասյանը շնորհակալություն հայտնեց եւ ասաց, որ մանկատներ այցելելու մանդատ ունեն իրենք եւ անպայման կարձագանքեն, եթե տվյալներ փոխանցեն:

Նաիրա Զոհրաբյանը պնդեց, որ օրավարձով են այդ երեխաներին վերցնում: Կարեն Անդրեասյանի դիտարկմամբ՝ «Սա հանցագործության մասին հաղորդում է, եւ պետք է իրավապահները զբաղվեն: Եթե դա ճշտվի՝ շատ շուտով դրա մասին դուք կլսեք»:

Ավելի ուշ Aravot.am-ը Նաիրա Զոհրաբյանին հարցրեց՝ ո՞ր մանկատների մասին է խոսքը: Նա ասաց, որ հիմա անուններ չի տա. «Ես ինքս Աբովյան փողոցում տեսել եմ, թե ինչպես է մի կնոջ հետ 5 տարեկան երեխա մուրացկանություն անում: Ես երեխային հարցրել եմ՝ սա քո հարազա՞տն է, սա քո մայրի՞կն է: Պատասխանել է, որ ոչ, ես մանկատնից եմ: Այդ կինը երեխային փախցրել, տարել է»:

Երբ հետաքրքրվեցինք, դրանի՞ց է եզրակացնում, որ մանկատներից վարձակալում են, որովհետեւ հնարավոր է այդ կնոջ երեխան չլինի, բայց ընդհանուր մուրացկանության ցանցից լինի երեխան՝ Վահան Բաբայանը միջամտեց. «Դուք քաղաքով չե՞ք ման գալիս, չգիտե՞ք ինչ է կատարվում»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Մենք ունենք տեղեկատվություն, որ տարբեր մանկատներից երեխաների են վերցնում՝ օրավճարով՝ հանցավոր համաձայնության գալով ասենք, միգուցե ոչ տնօրենի, այլ ավելի ցածր օղակների հետ եւ երեխային օրվա վերջում տանում հանձնում են նորից մանկատանը: Սա մեր զբաղվելու խնդիրը չի, սա օմբուդսմենի գրասենյակի, իրավապահ համակարգի պարզելու խնդիրն է: Ես քանիցս տեսել եմ, որ երբ երեխան ի վիճակի է հարցերին պատասխանել, հարցրել եմ՝ այս կինը քո մա՞յրն է, հորաքո՞ւյրն է, բարեկա՞մն է, կապ ունի՞ քո հետ, դա համատարած է Աբովյան փողոցում: Ասել է՝ ոչ ու երեխային արագ տարել են, թե ձեր փողը, ձեր օգնությունը մեզ պետք չէ: Երբ ես փորձեցի այդ խնդրով հետաքրքրվել, ասացին, որ եվրոպական տարբեր երկրներում եւս այդ մեթոդոլոգիան օգտագործում են: Ծայրամասերի մանկատներից օրավճարով, համաձայնության գալով սանիտարների հետ, օրավճարով վերցնում են երեխաների: Ես նոր եմ սկսում այդ խնդրով զբաղվել, անընդհատ տեղեկատվություն էր գալիս, որ կա այդպիսի պրոբլեմ»:

Վահան Բաբայանը հավելեց. «Դեպքեր են լինում, որ այդ երեխաներին դեղ են խմացնում, որ անընդհատ քնեն, ու փողոցում չլացեն: Ողջ օրը տեսնում ե, մի քանի ամսական երեխաներին գրկներին ման են տալիս ու փող են հավաքում, որեւէ մեկդ չի լսել, որ այդ երեխաները լաց լինեն: Սա նշանակում է, որ դեղ են տալիս»:

Կարեն Անդրեասյանը հանձնաժողովում խոսեց նաեւ երեխաների հանդեպ սեռական բռնության դեպքերի մասին: Նա ասաց, որ որոշ ծնողներ խիզախություն են ունեցել եւ այդ մասին բարձրաձայնել են, բայց թե քանի տոկոսն է դռների հետեւում թաքնված՝ հարց է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031