Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Անդրեասյանին մեղադրում են, որ ընտանիք է քանդում

Մայիս 27,2015 11:47

Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ներկայացրեց 2014-ի բյուջեի կատարողական հաշվետվությունը:

Նա մանրամասն, կոպեկ առ կոպեկ զեկուցեց, թե ինչ է արել բյուջեով իրեն հատկացված գումարը, ընդհուպ մինչեւ անդրադարձավ իր աշխատավարձին: Նա ասաց, որ 2014-ին արագ արձագանքման ծառայության վրա ծախսվել է 20 մլն դրամ: Եղել է 6 աշխատող, որոնց տարեկան աշխատավարձը կազմել է 13 մլն-ից ավելի: Այդ գումարից վճարել են կոմունալ վճարումների, գործուղումների եւ տրանսպորտային ծախսերի համար:

Արդյունքը եղել է այն, որ կատարել են 275 արագ արձագանքում Երեւանում եւ մարզերում, հիմնականում՝ հոգեբուժական հաստատություններ, ոստիկանական բաժանմունքներ, կալանավայրեր, զինկոմիսարիատներ, հավաքներ եւ այլն:

Կարեն Անդրեասյանն ասաց, որ իրենց արագ արձագանքման խումբը չունի ազդանշանային համակարգ, որ շտապօգնության պես կարողանան խցանումների մեջ չընկնել եւ հնարավորինս արագ արձագանքել:

Բռնությունների կանխարգելման համար ծախսել են 26 մլն դրամ: 153 այցելություն են կատարել կալանավայրեր, որից 125-ը եղել է պլանավորված, 58 այցելություն խնայողությունների հաշվին ավելի են արել:

Այցելություններից հետո կալանավայրերում, ըստ Կարեն Անդրեասյանի, բարեփոխումներ են եղել, օմբուդսմենի 10 առաջարկ ընդունվել է: Խցերի գերբնակեցման, սանիտարական պայմաններին պահպանման ուղղությամբ եղել է բարեփոխում. «Հոգեբուժարանների հետ կապված անցյալ տարի քննադատություններ եղան մամուլում, թե ինչպիսի խայտառակ վիճակում են դրանք: Առողջապահության նախարարությունը առաջին ամիսներին սվիններով ասում էր, որ նման բան գոյություն չունի, հիմա տեսնում են աստիճանական աճ»:

Ինչ վերաբերում է Կարեն Անդրեասյանի աշխատավարձին, նա ասաց. «Ներկայացնեմ, թե իմ վրա ինչքան է ծախսվել՝ որպես մարդ: Անցյալ տարի իմ աշխատավարձեր եւ իմ ծախսերը իրար հետ, որի մեջ մտնում են գործուղումները եւ տրանսպորտային ծախսերը, կազմում է 20 մլն դրամ, որն ամսական անում է 1 մլն 660 հազար դրամ: Այդ 1 մլն 660 հազար դրամն էլ է սուղ վիճակում շատ, բայց համարում ենք, որ դա նաեւ բավական միջոց է՝ մեր աշխատանքն արդյունավետ կատարելու համար»:

ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարցրեց. «ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն իր տարեկան զեկույցում անդրադարձել է ՀՀ-ում ընտանեկան բռնությանը: Նա հարցրել է ինձ՝ ձեր օմբուդսմենը ստանո՞ւմ է կանչեր ընտանեկան բռնության եւ քանի՞ կանչ է ստանում տարեկան: Ես տվյալներ չունեի, գիտեի, որ կալանավայրերում բռնությունների արձագանքում եք, բայց ընտանիքներում, կանանց հանդեպ լինում են բռնություններ»:

Կարեն Անդրեասյանը պատասխանեց, որ շուրջ 1 տասնյակ արձագանք են ունեցել այս տարի. «Կանանց իրավունքների եւ երեխաների իրավունքների իրավապաշտպաններ ունենք գրասենյակում: Տարբեր երկրներում կան հատուկ կացարաններ, բայց բռնություն ստացած կանանց մենք չէինք կարողանում պետական կացարաններ տեղավորել, տարել ենք մի քանի հասարակական կազմակերպությունների, մեր ընկերների կացարաններում երեխաներին արագ տեղավորել ենք, որպեսզի բռնությունը չշարունակվի»:

Կարեն Անդրեասյանը կոչ արեց ընտանեկան բռնության ենթարկվածներին, որ զանգահարեն 116 թեժ գծին եւ եթե չեն վստահում ոստիկաններին, մտածում են, որ իրենց կծաղրեն, թեժ գծով գաղտնիությունն ապահովված է. «Եղել են առանձին դեպքեր, երբ ոստիկանը քմծիծաղ է տվել: Ցավոտ հարց է, ոստիկանը կարող է այնպես անել, որ բռնության ենթարկված կինը վերադառնա ընտանիք եւ շարունակի բռնության ենթարկվել երեխայի հետ»:

Կարեն Անդրեասյանն ասաց, որ, կան մարդիկ, որ համարում են, որ սա ազգային արժեքների դեմ միջամտություն է. «Ես չգիտեմ, այդ մարդիկ որտեղ են տեսել, որ սեփական երեխային կամ կնոջը ծեծելը ազգային արժեք է, բայց երբ մենք փորձում ենք այդ խնդիրը բարձրացնել՝ հետադիմական հայացքներ ունեցողներ դրա մեջ տեսնում են ընտանիք քանդելու դրսեւորումներ: Ամենեւին ոչ»:

Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ որոշ ժամանակավոր ապաստարաններում ավելի վատ վիճակ է. «Նրանցից մեկում մենք գիտենք, թե ինչ «Տեր Թոդիկյան» մեթոդներ են կիրառվում: Անունը կճշտեմ, կասեմ, այնտեղ ավելի վատ են վերաբերվել կանանց, քան իրենց ընտանիքներում: Թույլ չեն տվել լողանալ, թույլ չեն տվել հագուստ փոխել: Եթե այլընտրանքը դա է լինելու, ապա չենք կարող ասել, որ դա արդյունավետ լուծում է»:

Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, լսելով, թե ինչպես են այդ կացարանում վարվել կանանց հետ, ապշել էր: Իսկ Կարեն Անդրեասյանը վստահեցրեց, որ իրենց տեղավորած կացարաններում այդպիսի բռնություններ չկան, իրենք ստուգում են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031