Գարունն արդեն մոտենում է ավարտին, սակայն Քաշաթաղի շրջանում գարնանացանի աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են: Եթե հարավային թևում արդեն սկսվել են հացահատիկի բերքահավաքի նախապատրաստական աշխատանքները, ապա հյուսիսային թևում դեռ կատարվում է հացահատիկի և այլ մշակաբույսերի ցանքս:
54 համայնքներից միայն հինգում ցանքսի համար հերկ չի կատարվել, իսկ ընդհանուր կատարված 4725հա-ից 700հա կատարվել է պետական պահուստային ֆոնդի(ՊՊՖ) տարածքներում: Ընդհանուր կատարվել է 3645 հեկտարից քիչ ավելի գարնանացան:
Քաղաքային համայնքներից գարնանացանի նպատակով ամենաշատ՝ 400հա, հերկ կատարվել է Միջնավանի քաղաքային համայնքում: Սակայն ցանքս կատարվել է 251,5 հեկտարի վրա, որից գարի՝ 71,5հա, եգիպտացորեն՝ 120հա, հատիկաընդեղեն՝ 50հա, բանջարաբոստանային այլ մշակաբույսեր՝ 10հա:
Գարնանացան ցորեն ընդհանուր կատարվել է 97հա՝ ընդամենը 6 համայնքում: Գարու գարնանացան կատարել են 23 համայնքում՝ 1015հա և ՊՊՖ-ում՝ 265հա: Հյուսիսային համայնքներից առայժմ միայն Աղավնոյում և Հակում է գարու ցանքս կատարվել՝ տասական հեկտարով:
Կարդացեք նաև
Հարավային թևում ամենաշատ գարի ցանել են Ծաղկաբերդում՝ 200հա: Այստեղ ընդհանուր կատարվել է 410հա հերկ, որի վրա ցանվել է նաև 150հա հաճար, 35հա կորնգան և քիչ քանակությամբ այլ մշակաբույսեր:
Հաճարի ցանքս կատարվել է 20 համայնքում՝ 1133հա և 650հա՝ ՊՊՖ հողերում: Հյուսիսային թևի համայնքներից հաճարի ցանքս կատարել են Աղավնոյում՝ 42հա, Լեռնահովիտում՝ 150հա, Հակում՝ 120հա և Մոշաթաղում՝ 47հա: Համայնքներից ամենաշատը՝ 190հա, հաճարի գարնանացան կատարվել է Ձորափում, որտեղ կատարվել է նաև ցորենի և գարու երեսունական հեկտար գարնանացան:
Ընդհանրապես եգիպտացորենի ցանքս հիմնականում կատարվում է գարնանը: Մայիսի 26-ի դրությամբ եգիպտացորեն ցանել են ընդամենը 4 համայնքում՝ Միջնավան (120հա), Կումայրիիում (5հա), Հայկազյանում(10հա), Մամարքում(10հա). ընդհանուր՝ 145հա: Այս մշակաբույսի ցանքսը դեռ շարունակվում է:
Թեկուզ քիչ մակերեսով՝ կարտոֆիլի ցանքս կատարել են գրեթե բոլոր համայնքներում, մոտ՝ 39հա: Վերջին տարիներին կարևորվում է նաև անասնակեր-խոտաբույսերի ցանքսը՝ կապված անասնագլխաքանակի ավելացման հետ:
Այս գարնանը կատարվել է առվույտի և կորնգանի ցանքս համապատասխանաբար 115(32հա՝ մաքուր, 83հա՝ ենթացանքս) և 346 (34հա մաքուր, 312հա՝ ենթացանքս) հեկտարով: Առվույտ ցանել են ընդամենը 7 համայնքում. ամենաշատը՝ 65հա՝ Կերենում: Իսկ կորնգան ցանվել է 19 համայնքում, այդ թվում հյուսիսային թևից՝ Աղավնոյում՝ 42հա, Լեռնահովիտում՝ 26հա (13հա-ը՝ մաքուր), Հակում՝ 40հա (ենթացանքս), Մոշաթաղում՝ 10հա (ենթացանքս):
Շրջանում ընդհանուր կատարվել է նաև մոտ 90հա հատիկաընդեղենի, 94հա բոստան-պարենային և 55հա բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքս: 1270 հեկտարի վրա կատարվել է պայքար մոլախոտերի դեմ (500հա՝ ՊՊՖ տարածքներում):
Մկնանման կրծողների և այլ վնասատուների դեմ պայքար ընդհանուր կատարվել է 10040 հեկտարի վրա, որից 3000-ը՝ ՊՊՖ տարածքներում: 900 հեկտարի վրա կատարվել է սնուցման աշխատանքներ (155հա՝ ՊՊՖ տարածքներում):
Շուտով կսկսվեն ոռոգման աշխատանքները:
Գարնանացանին զուգահեռ՝ սկսվել է բերքահավաքը ժամանակին և անկորուստ սկսելու և ավարտելու աշխատաշրջանը: Այս տարի ցանքատարածքների հարևանությամբ մեծ քանակությամբ փուշ ու տատասկ է աճել, որն էլ իրենից հրդեհի մեծ վտանգ է ստեղծել: Այդ կապակցությամբ արդեն ստեղծվել են հակահրդեհային 3 կետ՝ Թովմասարում, Որոտանի տարածքում և Կովսականի սարահարթում:
Արաքսամերձ շրջանում շուտով կսկսվի բերքահավաքը:
Շրջանի ղեկավարությունը, համայնքների ղեկավարները, հրշեջ ծառայությունը, ոստիկանությունը, այլ կազմակերպություններ շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ մշտապես ցանքատարածքներում են, որպեսզի բերքահավաքը սկսվի ժամանակին, խուսափենք հրդեհներից: Շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանը տեղեկացրեց, որ ցանքատարածքների եզրերին, որոշ մասերում կատարվում են հերկի աշխատանքներ: Աշխատանքներ են տարվում համապատասխան քանակի կոմբայնների ձեռքբերման համար: Հուսանք՝ ամեն ինչ կընթանա ի նպաստ հողօգտագործողների ու մեր ժողովրդի:
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ