Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոգու մոլորության» պտուղները

Մայիս 27,2015 10:00

«Աշխարհը բավականաչափ մեծ է, որպեսզի բավարարի բոլորի պահանջմունքները, բայց չափից դուրս փոքր է` մարդկային ագահությունը բավարարելու համար»: Մահաթմա Գանդիի այս խոսքերը, կարծում եմ, ոչ միայն բարոյական, այլեւ ցանկացած բանական մոտեցման հիմքն են: Մարդը չի կարող քնել միաժամանակ երկու անկողնում, միաժամանակ քշել մի քանի մեքենա, ուտել որոշակի կալորիաներից ավելին պարունակող ուտելիք: Բայց նրա մեջ ապրում են իռացիոնալ կրքեր, որոնցից ամենապարզունակներն են շատակերությունը, թմրամոլությունը, խաղամոլությունը եւ ալկոհոլիզմը: Մնացած կրքերը, որոնք մոլեգնում են մարդկանց եւ հատկապես աշխարհի կառավարիչների հոգիներում, ավելի վտանգավոր են:

Կարո՞ղ է արդյոք Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն ապրել առանց իր 21 մետրանոց ոսկեպատ արձանի: Ըստ ամենայնի, կարող է՝ արձանը ոչինչ չի ավելացնում ոչ նրա առողջությանը, ոչ էլ անգամ հարստությանը կամ իշխանությանը: Սակայն ոչ բանական կրքերը դրդում են նրան ստանալու «ժողովրդական սիրո» շոշափելի նշաններ, եւ գուցե նա կարծում է, որ այդպիսով ամրապնդվում է իր իշխանությունը, կամ` որ այդ արձանը հավերժ է կանգնելու: Էլ չգիտի, որ նման արձաններն «իրավիճակի փոփոխությունից» հետո հատկություն ունեն գահավիժելու 21 չէ, 100 մետրանոց բարձրությունից:

Ցանկացած ոչ բանական բնազդի` ագահության, փառամոլության, նախանձի, խանդի բավարարումից հետո գալիս է հիասթափություն` անհատական եւ խմբակային, կյանքի օրոք, թե հետմահու: Հարբեցողը երազում է օղու շշի մասին, կարծում է, որ խմելուց հետո կհասնի հաճույքի բարձունքներին, իրականում հայտնվում է ճիշտ հակառակ վիճակում, որն ուղեկցվում է բազմաթիվ ֆիզիկական եւ հոգեւոր ցավերով: «Առաջնորդը» մահանում է, կամ նրան հեռացնում են իշխանությունից, գալիս է մյուս «առաջնորդը» եւ զարմանում է` «նա ո՞վ էր, որ նրա արձանն էիք դրել` այստեղ պետք է լինի ի՛մ արձանը»:

Ցանկացած այդպիսի «հոգու մոլորություն» (եթե այստեղ կիրառելի է նման արտահայտություն) իր գինն ունի: Ալկոհոլիզմի դեպքում դա «սպիտակ տենդն է», անձի պաշտամունքի համար, որպես կանոն, վճարում են հաջորդ սերունդները, անզուսպ, չտես պաշտոնյաների եւ օլիգարխների հաճույքների գինն է մնացած քաղաքացիների աղքատացումը, բնության անխնա շահագործման արդյունքն է բոլոր բնական եւ, հետեւաբար, մարդկային ռեսուրսների կրճատումը: Չկա որեւէ սահման՝ դուք ուրիշին եք վնաս տալիս, թե ինքներդ ձեզ՝ դա նույնն է, մարդկությունը մեկ միասնական օրգանիզմ է:
Հաճախ մարդիկ (ազգերը, պետությունները) կործանարար կրքով ձգտում են բաների, որոնք նրանց պետք չեն: Ընդ որում, բանական մակարդակով բոլորը գիտեն, թե ինչն է իրենց օգտակար, իսկ ինչը՝ վնասակար: Ենթադրենք, մենք գիտենք, որ ամեն օր մաքուր օդին զբոսնելը մեզ պետք է, իսկ ֆեյսբուքում ժամերով նստելը պետք չի: Բայց օգտակար բան անելը մեզանից որոշակի ճիգեր է պահանջում, իսկ վնասակարը ինքն է փաթաթվում մեր վզին, եւ մեզ թվում է, որ առանց դրա չենք կարող ապրել:

…Ռուսաստանն, օրինակ, կարող է շատ լավ ապրել եւ զարգանալ՝ չլինելով կայսրություն:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Լրիվ ընկա «Հոգու մոլորության» մեջ՝ էս ինչի մասին եք խոսու՞մ: Ռուսաստան, կայսրություն… Ակամա հիշեցի անմահ Շվեյկի բառերը, թե ինչ պետք է ունենար նրա մորաքույրը քեռի լինելու համար: Բայց երևի դա էլ «Հոգու մոլորության» պես մի բան էր:

  2. Սամվել Մարգարյան says:

    Եթե Ռուսաստանը դադարի կայսրություն լինելուց՝ շատ շուտով կվերանա։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031