Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ըստ ղազախ քաղաքագետի՝ ԵՏՄ-ին սպասվում է «Տիտանիկի» հեռանկարը

Մայիս 27,2015 16:00

«Տապա՞ն», թե՞ «Տիտանիկ»՝ այսպես էր վերնագրել իր զեկույցը ղազախստանցի լրագրողների կողմից այդ երկրի հազվագյուտ անկախ փորձագետ գնահատված, «Ռիսկերի գնահատման» անկախ փորձագիտական խմբի ղեկավար Դոսիմ Սատպաեւը՝ Ղազախստանի «հարավային մայրաքաղաք» պատվո տիտղոսը կրող Ալմաթի քաղաքում ընթացող «Լրագրության որակը թվային դարաշրջանում» կոնֆերանսի շրջանակներում: Կոնֆերանսին մասնակցում էին Եվրասիական տնտեսական միության երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի եւ Հայաստանի լրագրողները: Նրանց մայիսի 18-22-ը մեկտեղել էին լրագրողների որակավորման բարձրացման շվեդական FOJO կազմակերպությունը, Բելառուսի լրագրողների ասոցիացիան եւ Ղազախստանի «Ինտերնյուսը»:

Եթե կոնֆերանսի առաջին մեկ-երկու օրվա ընթացքում արդեն իսկ զգացվում էր, որ Եվրասիական տնտեսական միությամբ առանձնապես հիացած չեն նաեւ մեր ղազախ գործընկերները, ապա Սատպաեւի մասնագիտական վերլուծությունից հետո ակնհայտ էր՝ ԵՏՄ-ն, համենայնդեպս՝ այսօրվա իրականության մեջ, միայն ու միայն խնդիրներ ու դժգոհություններ է հարուցում ոչ միայն այդ միության «վերջնապահ» Հայաստանի, այլեւ ԵՏՄ-ի հիմնական գաղափարախոս Ղազախստանի համար:

Ղազախ փորձագետը նշեց, որ Նուրսուլթան Նազարբաեւը շատ սուբյեկտիվ է ընկալում ԵՏՄ-ն, որովհետեւ դա իր գաղափարն է, եւ երբ բիզնեսմենները սկսում են դժգոհել, նա պնդում է՝ ոչինչ, դիմացեք: Սակայն ակնհայտ է, որ Նազարբաեւից հետո դժվար թե որեւէ մեկը այդքան սրտառուչ վերաբերմունք ունենա այս ծրագրի հանդեպ. «Նոր սերունդը չի ձգտում դեպի ԵՏՄ եւ ՌԴ, այլ կողմնորոշված է դեպի Չինաստան եւ Թուրքիա»:
Հարցին, թե որքանո՞վ է հավանական միասնական արժույթի անցնելը, Սատպաեւը պատասխանեց, որ Ղազախստանի համար միասնական արժույթը ընդունելի չէ, եւ երբ Պուտինն այդ մասին խոսեց, Ղազախստանի կողմից անմիջապես հակազդեցություն եղավ. «ԵՏՄ մասին պայմանագրի համաձայն՝ ԵՏՄ անդամ երկրները պետք է 2025 թվականին ստեղծեն ֆինանսական շուկայի կարգավորման հարցերով զբաղվող վերազգային մարմին՝ նստավայրը Ալմաթի, եւ միայն դրանից հետո կարող է խոսք գնալ համընդհանուր արժույթի մասին»:

-2-1-2

Հատված Դ. Սատպաեւի վերլուծությունից:

Ի վերջո, ԵՏՄ-ն «Տապա՞ն» է, թե՞ «Տիտանիկ», ունե՞ք արդեն որոշակի կարծիք այս մասին՝ մեր այս հարցին ի պատասխան փորձագետը միանշանակ ասաց. «Այո՛, ես ունեմ այդ հարցի պատասխանը: Եվրասիական տնտեսական միությունը «Տիտանիկ» է եւ արդեն իսկ բախվել է մի քանի սառցաբեկորների»: Իսկ այդ դեպքում ինչո՞ւ էր Ղազախստանը այդքան ջերմեռանդորեն առաջ մղում այս գաղափարը: Ըստ Սատպաեւի՝ Ղազախստանը ԵՏՄ-ի ստեղծումով մտածում էր ավելի մեծ շուկա ձեռք բերելու մասին, բայց հետո կանգնեց փաստի առաջ, որ ոչինչ, բացի հումքից, չունի վաճառելու:

ԵՏՄ-«Տիտանիկի» առջեւ խոյացած խութերի պատճառով անցած տարվա դեկտեմբերից Ղազախստանում սկսվել է հակաեվրասիական շարժում: Թեեւ Նազարբաեւը փորձում է ընդդիմանալ Ռուսաստանի մեծապետական ձգտումներին, մասնավորապես՝ հասավ նրան, որ ԵՏՄ մասին պայմանագրից հանվեցին ընդհանուր պառլամենտ, ընդհանուր արտաքին հարաբերություններ, ընդհանուր մեդիադաշտ ունենալու մասին դրույթները, սակայն Ղազախստանում վախ կա, որ իրենց երկրում էլ կարող է կրկնվել ուկրաինական սցենարը՝ չի բացառվում, որ Հյուսիսային Ղազախստանում, իհարկե՝ ոչ առանց Ռուսաստանի դրդման, սկսվի անջատողական շարժում: Ղազախական իշխանությունը ցույց է տալիս, թե չի վախենում սեպարատիզմից, սակայն քրեական օրենսգրքում խստացրեց անջատողականության համար նախատեսված պատժամիջոցները:

Հարցին՝ ԵՏՄ ստեղծման արդյունքում որեւէ օգուտ այս պահի դրությամբ Ղազախստանը գրանցե՞լ է, փորձագետը ժխտողական պատասխան տվեց. «Ոչ մի օգուտ, ճիշտ հակառակը՝ 2015թ. մարտ ամսվա տվյալներով՝ 20%-ով ընկել է ապրանքաշրջանառությունը»: Ի դեպ, հետաքրքիր է, որ Ղազախստանի խոշորագույն առեւտրային գործընկերը ոչ թե Ռուսաստանն է կամ Չինաստանը, ինչպես կարող է թվալ, այլ, ինչպես Հայաստանի դեպքում, Եվրամիությունը:

Դոսիմ Սատպաեւին հարց ուղղվեց նաեւ Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության եւ դրան Նազարբաեւի՝ ոչ այնքան ջերմ վերաբերմունքի մասին: Փորձագետը դա, բնականաբար, բացատրեց «ոչ մի անձնական բան, միայն բիզնես» տարբերակով՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը Ղազախստանի համար շատ ավելի կարեւոր գործընկեր է, քան Հայաստանը: Բայց, բացի Ադրբեջանի գործոնից, կար պարզ հաշվարկ. «Ես ինքս էլ Հայաստանի անդամակցությանը չկամությամբ էի մոտենում: Մենք մտածում ենք, թե ինչների՞ս է ԵՏՄ-ում պետք սեփական Հունաստանը, թույլ օղակը՝ հանձին Հայաստանի: Նորից եմ կրկնում՝ ոչ մի անձնական բան չկա, միայն՝ բիզնես: Պարզ է, որ թույլ երկիրը ընդգրկելով միության մեջ՝ ուժեղները պետք է նրա խնդիրները իրենց վրա վերցնեն»:

Սատպաեւի այս մտքերին ի պատասխան՝ հայ լրագրողներս սրտնեղեցինք, թե՝ բա ինչո՞ւ էիք մեզ ստիպում մտնել այդ կառույցը, եթե չէիք ուզում, եւ լսեցինք այն, ինչ ինքներս էլ շատ լավ գիտեինք՝ այդ մենք չէինք ստիպում, այլ ռուսները, որոնց համար Հայաստանի անդամակցությունը զուտ քաղաքական միավոր էր:

Փորձագետը քանիցս շեշտեց, որ Ղազախստանում անընդհատ խոսվում է ԵՏՄ-ից դուրս գալու մասին (դրա հնարավորությունը կա՝ մտադրության մասին մեկ տարի առաջ տեղեկացնելու պայմանով), սակայն մտավախություն ունեն, թե ինչպե՞ս կարձագանքի դրան պուտինյան Ռուսաստանը:

Երկրում հակաեվրասիական, հակառուսական տրամադրությունները գնալով մեծանում են, եւ դրանց ազդեցության տակ, ըստ մեր ղազախ գործընկերների, անգամ Մայիսի 9-ի տոնակատարություններին Նազարբաեւը մասնակցեց առանց Գեորգիեւյան ժապավենի, ինչը, բնականաբար, հենց այնպես չէր արվել: Երկրում, ի տարբերություն ՍՍՀՄ ժամանակաշրջանի, երբ ղազախները փոքրամասնություն էին՝ կազմում էին բնակչության 40%-ը միայն, այժմ ղազախները 61% են կազմում եւ պարբերաբար ազգային, անգամ ազգայնական պահանջներ են դնում՝ ընդհուպ ռուսերենից՝ որպես երկրորդ պետական լեզու, հրաժարվելը: Դրան Նազարբաեւն առայժմ ընդդիմանում է: Ղազախները ժողովրդագրական աճ են գրանցել ոչ միայն ծնելիության աճի շնորհիվ, այլեւ ժամանակին Նազարբաեւի կողմից պետական մակարդակով ուրալմանների՝ ղազախական ազգությունների ներգաղթի կազմակերպման հաշվին, ինչի արդյունքում տարբեր երկրներից Ղազախստան վերադարձավ ավելի քան 900 հազար մարդ, հիմնականում՝ Ուզբեկստանից, Իրանից, Մոնղոլիայից եւ Չինաստանից: Վերադարձ չի գրանցվում եվրոպական երկրներից եւ Թուրքիայից: Հարցին՝ իսկ Ռուսաստանից ինչո՞ւ չեն վերադառնում, արդյոք այնտեղ ավելի՞ լավ վիճակ է, պատասխան տրվեց, թե պատճառն այն է, որ Ռուսաստանում ղազախները հիմնականում բնակվում են իրենց բնօրրանում՝ Աստրախանում, Օրենբուրգում եւ այլն, եւ դա նրանց հայրենիքն է, ոչ թե օտար երկիր: Այնպես որ՝ ղազախներն էլ իրենց հերթին Ռուսաստանից տարածքային պահանջներ կարող են ունենալ՝ կատակեցին լրագրողները:

Նկատենք, որ ղազախները դժգոհում էին նաեւ Ռուսաստանի հանդեպ իրականացված պատժամիջոցների ազդեցությունից իրենց երկրի վրա: Նրանք չէին հասկանում, թե ինչո՞ւ իրենք պիտի տուժեն «Крым наш»-ից, եթե Ղրիմն ամենեւին իրենցը չի: Այս առումով մեր ե՛ւ բելառուս, ե՛ւ ղազախ գործընկերները գոհունակությամբ նշեցին, որ իրենց երկրները կարողացան պահպանել չեզոքությունը եւ չդառնալ Ռուսաստանի գործիքը, ավելին՝ այժմ Մինսկն ու Աստանան իրար հետ մրցում են Ուկրաինայում խաղաղություն հաստատելու գործում իրենց դերակատարության համար՝ Նազարբաեւն ու Լուկաշենկոն ուզում են իրարից խլել «խաղաղության աղավնու» դափնիները: Այս առումով հայերս խոսելու տեղ բոլորովին չունեինք…

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ալմաթի-Երեւան
Լուսանկարում` Դոսիմ Սատպաեւը (ձախից) ներկայացնում է ԵՏՄ մասին
իր դիտարկումները:

«Առավոտ» օրաթերթ
26.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031