Ըստ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի` «այսօր որոշ պաշտոնյաներ եւ օլիգարխներ Հեյդար Ալիեւի, Ասադի կամ Կիմ Իր Սենի հետ նույն հարթության վրա են»
– Պարոն Մեհրաբյան, նախ ամփոփենք «Արեւելյան գործընկերության» Ռիգայի գագաթնաժողովի արդյունքները Հայաստանի մասով: Ի՞նչն էր մեր պետության համար դրական, ինչը` բացասական:
– Նախ՝ տեղի ունեցավ ամենակարեւորը. Հայաստանի առջեւ ԵՄ դռները չփակվեցին, այլ հակառակը՝ բացվում է նոր հնարավորություն մեր պետության համար, եւ դա ամրագրվեց փաստաթղթով: Այլ է հարցը, թե ինչպես եւ ինչ արդյունավետությամբ այն կօգտագործվի: Շատ կարեւոր ձեռքբերում էր նաեւ այն, որ Հռչակագրով ԵՄ-ն իր աջակցությունը հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման ջանքերին՝ ձեռնպահ մնալով ինչ-ինչ կանխորոշիչ ձեւակերպումներից: Փաստորեն, Մոսկվայի, Անկարայի եւ Բաքվի համատեղ ջանքերը Մինսկի խմբին հեղինակազրկելու եւ նրա մանդատը կասկածի տակ դնելու ուղղությամբ հօդս ցնդեցին: Ձեռքբերում էր նաեւ այն, որ մասամբ ցրվեց Ղրիմի հարցով մեր երկրի շահերի եւ արժանապատվության վրա կախված վտանգավոր ստվերը, եւ այդ մասին խոսեց Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն:
Սակայն ընդհանուր իրավիճակը մնում է խիստ մտահոգիչ: Ուշագրավ է Դոնալդ Տուսկի հայտարարությունը, որ գագաթնաժողովն անցնում է ահաբեկման եւ ագրեսիայի պայմաններում՝ իհարկե, նկատի ունենալով Ռուսաստանին: Եվ դրա ռազմավարական պատասխանը ԵՄ կողմից առայժմ ուրվագծված չէ, Ռիգայի գագաթնաժողովն էլ, այդուամենայնիվ, այդ հարցը թողեց առկախված: Հայաստանի պարագայում դա նշանակում է, որ մեր անվտանգության սպառնալիքները չեն նվազում, քանի որ Կրեմլի կայսերապաշտ եւ ռեւիզիոնիստ բռնապետությունն առայժմ իրեն զգում է անպատիժ: Եվ նույնիսկ Վաշինգտոնի հայտարարությունը՝ ԵՄ եւ ԱլԳ երկրների մերձեցմանը վճռական աջակցության վերաբերյալ, Մոսկվայի համար բավականաչափ համոզիչ չէ: Սակայն պետք է ասել, որ սա բարդ եւ դինամիկ գործընթաց է, գլխավոր զարգացումները դեռ առջեւում են: Կարեւոր է, որ Եվրոպան, փաստորեն, հրաժարվում է ճանաչել Ռուսաստանի՝ իբր «օրինական շահերը» հետխորհրդային երկրներում, այն է՝ անպատիժ թալանելու եւ փչացնելու «իրավունքը»: Սա չափազանց անհրաժեշտ է, սակայն շատ հեռու է բավարար լինելուց:
Կարդացեք նաև
– Հայաստանի նախագահը իր ելույթում նշեց, որ Հայաստանը հանձնառու է ԵՄ գործընկերների հետ քայլեր ձեռնարկել՝ ձեւավորելու մեր հարաբերությունների իրավական նոր հիմքը, որը համատեղելի կլինի մասնավորապես՝ ԵՏՄ-ին մեր երկրի անդամակցությանը: Դուք հնարավո՞ր եք համարում գործնականում «համատեղելիությունը»:
– Սեպտեմբերի 3-ի «վթարից» հետո Հայաստանը նոր հնարավորություն է ստացել ինտեգրվելու քաղաքակրթությանը: Սակայն խնդիրն այն է, որ ինչպես եւ սեպտեմբերի 3-ից առաջ, իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում, որպեսզի բարձրացնեն պետության դիմադրողականությունն ընդդեմ հնարավոր ռուսական ճնշումների: Հաշվի առնելով իշխանության «հիվանդության պատմությունը»՝ դժվար է պատկերացնել, որ դա կարվի առաջիկայում: Ի՞նչ է անելու Սերժ Սարգսյանը, երբ, ասենք, Մոսկվայի քիմքին դուր չգա նոր իրավական հիմքը ՀՀ-ԵՄ հետագա հարաբերությունների համար: Այդ՝ «համատեղելիության» մասին խոսակցություններն, իհարկե, ընդամենը հռետորաբանություն են: Բոլորն են հասկանում, որ դա ուղղակի անհամատեղելի է: Հնարավոր չէ համատեղել, ասենք, բիզնեսի եւ քաղաքականության տոտալ սերտաճումը դրանց խիստ տարանջատման հետ, անկախ դատարանը՝ իշխանության դակիչ դատարանի հետ, հասարակությանը հաշվետու իշխանություն ունենալու հրամայականը՝ կրիմինալ օլիգարխիայի անսահմանափակ իշխանության պահպանման անհրաժեշտության հետ եւ այլն: Համատեղելի չէ՛ սկզբունքորեն: Դա ուղղակի ալքիմիայի ոլորտից է:
Հնարավոր չէ մերձենալ Եվրոպայի հետ՝ «տանը» հանդուրժելով կիսագրագետ, անպատասխանատու, կրիմինալ-օլիգարխիկ խավի եւ նրանց հետ ընկերացած՝ ռուսական պետական կազմակերպությունների կամայականությունները: Ռուսական ՀԷՑ-ի հետ կապված խայտառակությունը դրա վառ օրինակն է: Այդ ընկերությունը տարիներով զբաղվել է Հայաստանի էներգահամակարգի պարզ եւ անսահմանափակ թալանով՝ կուտակելով մոտ քառորդ միլիարդ դոլարի պարտք: Հարցի լուծումը մակերեսին է՝ կա՛մ այդ ռուսական պետական ընկերությունը պետք է հատուցի իր դուստր ձեռնարկության գործած սխալների կամ հանցագործության համար, կա՛մ՝ «գույք պարտքի դիմաց», այն է՝ գույքը եւ ակտիվները հետ հանձնի Հայաստանի կառավարությանը եւ չքվի այստեղից: Կգնա՞ դրան իշխանությունը: Կգնա՛, եթե ստիպի հասարակությունը:
Այսօր մի շարք նախարարներ հրապարակայնորեն հայտարարում են, որ իրենք անզոր են կամ լծակ չունեն իրենց իսկ ենթակա ոլորտներում տիրող աղաղակող անօրինականության դեմ պայքարելու համար: Եվ դա ասում են առանց կարմրելու: Իսկ վարչապետը նույնիսկ գլուխ է գովում, որ «քաղաքականության համար խելք պետք չի»: Այսօր որոշ պաշտոնյաներ եւ օլիգարխներ, իրենց պատկերացնելով Հեյդար Ալիեւի, Ասադի կամ Կիմ Իր Սենի հետ նույն հարթության վրա, իրենց տան սիրելի «Իլհամին», «Բաշարին» կամ «Կիմ Չեն Իրին» տեղավորում են տարբեր նշանակովի կամ նույնիսկ ընտրովի պաշտոններում: Սա է՞լ է համատեղելի: Այս հոռի երեւույթին իշխանությունը ոչ միայն չի հակադրվում, այլեւ ցուցաբերում է քաղաքական-կուսակցական աջակցություն:
Քաղաքակրթությունն ուղղակի անհամատեղելի է վայրենության եւ ցինիզմի հետ: Այնպես որ՝ Հայաստանի նախագահի հավաստիացումներն ապացույցի խիստ կարիք ունեն գործնական դաշտում: Եվ պետք է խնդիր դնել ոչ թե համատեղելու անհամատեղելին, այլ պետությանը վերադարձնել իր ֆունկցիաները, վերականգնել ընտրությունների ինստիտուտը, պաշտպանել պետականությունն իշխանությունից ու ճանապարհ հարթել այս «եվրասիական» քարանձավից դուրս գալու համար: «Եվ-եւ» չկա՛, Եվրոպայի հետ կարող է համատեղելի լինել միա՛յն Ազատ եւ Անկախ Հայաստանը, հետեւաբար՝ Ռուսաստանից ազատ եւ անկախ, իսկ մնացյալը կա՛մ խաբեություն է, կա՛մ ինքնախաբեություն:
– Ռիգայի գագաթնաժողովի օրերին հատկապես եվրոպացի պաշտոնյաները կրկնում էին, որ «Արեւելյան գործընկերությունը» ուղղված չէ ընդդեմ Ռուսաստանի: Դուք այս փուլում ԵՄ-ի եւ ՌԴ-ի միջեւ դիրքորոշումների մեղմացում նկատո՞ւմ եք, եթե այո, դա ինչի՞ կհանգեցնի:
– Պետք է փաստել, որ, իրոք, ԵՄ-ն, Արեւելյան գործընկերությունն ուղղված չեն, սկզբունքորեն եւ օբյեկտիվորեն ուղղակի չեն կարող դեմ լինել Ռուսաստանին կամ որեւէ մեկ ուրիշին: Ինքնին ԵՄ մոդելը դեմ է հակամարտություններին, այն հենց ստեղծվել է հակամարտությունները, պատերազմները, նույնիսկ համաշխարհային պատերազմները բացառելու նպատակով, եւ 1945թ. հետո կյանքը ցույց տվեց այդ մոդելի թե՛ կենսունակությունը, թե՛ անհրաժեշտությունը: Դրանով իսկ հասկանալի է դառնում Կենտրոնական Եվրոպայի ձգտումը՝ ինտեգրվելու այդ՝ խաղաղության, ազատության եւ բարեկեցության ընկերակցությանը ԽՍՀՄ փլուզումից հետո: Նույնը, ավելի ուշ՝ դարերով կոնֆլիկտների տակ կքած Բալկաններում, այնուհետեւ՝ Արեւելյան Եվրոպայի, այն է՝ հետխորհրդային երկրների նույնպիսի բնական ձգտումը, նույնիսկ եթե այդ ուղղությամբ արվում են առաջին, սխալներով եւ թյուրիմացություններով լի քայլեր: Այլ հարց է, որ Մոսկվան ասում է կամ պատկերացնում հակառակը: Ավելին, հետխորհրդային երկրների եւ Արեւմուտքի քաղաքական դասի կոպտագույն ռազմավարական սխալների հետեւանքով մենք գործ ունենք մի փաստի հետ, որ Արեւելյան գործընկերության երկրների ինքնիշխանությունն իրականում սահմանափակված է Ռուսաստանի կողմից: Կրեմլի ազդեցությունն այդ երկրներում չափազանց մեծ է եւ դրսեւորվում է համակարգային թունավորման էֆեկտով: Կոռուպցիա, գանձագողություն, կրիմինալ, օլիգարխիա՝ սրանք Ռուսաստանի հենարաններն են հետխորհրդային տարածքում, եւ այս ամենն ամենացցուն ձեւով դրսեւորվում է մեր երկրում: Այս ֆոնին տպավորությունը, թե նկատվում է մեղմացում ՌԴ-Արեւմուտք հարաբերություններում, կարծում եմ՝ կեղծ է: Ավելի շուտ առկա է մարտավարական դադար, որի կարիքն ունեն թե՛ Մոսկվան, թե՛ Արեւմուտքը՝ իհարկե, տարբեր նկատառումներից ելնելով: Դիմակայության գլխավոր պատճառը վերացված չէ, այն պահպանվում է: Այդ պատճառը «Ռուսական աշխարհի» ֆաշիստական գաղափարն է, որն ուրվականի պես բնակվում է Կրեմլի եւ Լուբյանկայի միջանցքներում եւ այդ կաբինետներում բազմածների ուղեղներում:
– Այն, որ Ռիգայի գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ կետում չհիշատակվեցին կարգավորման հիմնարար սկզբունքները, որն էլ, թերեւս, Բաքվի դժգոհությունն առաջացրեց, կարելի՞ է հայկական դիվանագիտության որոշակի ձեռքբերում համարել:
– Մասամբ՝ այո: Սակայն այս կարեւոր զարգացումը պայմանավորված չէ միայն հայկական դիվանագիտության ջանքերով: Իհարկե, սա ուղղակիորեն բխում է Հայաստանի շահերից, բայց դրանից բացի՝ նաեւ տարածաշրջանի եւ միջազգային անվտանգության շահերից: Կյանքը ցույց կտա, թե որքան հեռու կգնա այս խիստ դրական միտումը, որը պաշտոնական Բաքվին կվերադարձնի կառուցողական հուն եւ կհեշտացնի տարածաշրջանում պատվավոր խաղաղության հասնելու՝ կենսական կարեւորության գործը:
– Եթե համեմատելու լինեք վերջին ամիսներին Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ Արեւմուտքի վերաբերմունքը, Դուք տարբերություններ նկատո՞ւմ եք: Թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ԵՄ-ի երկրների կողմից Ադրբեջանը շատ հաճախ քննադատության է ենթարկվում վերջերս: Ինչո՞վ եք դա բացատրում, եւ այս իրավիճակում Հայաստանն ի շահ մեր պետության ի՞նչ լրացուցիչ քայլերի կարող է դիմել:
– Եվրոպական քաղաքականության մեջ կարեւոր միտում է ուրվագծվում: Կարծես, «մեկ քայլ առաջ» կոչվող անպատասխանատու աչքփակոցին, որը բազմաթիվ անեկդոտների եւ եվրոպական արժեքների վարկաբեկման առիթներ էր տալիս, իր տեղը որոշ չափով սկսել է զիջել իրերն իրենց անուններով կոչելու պրակտիկային: Խիստ ուշագրավ են Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հայտարարությունները, որ բռնապետությունները Եվրոպայում տեղ չունեն, եւ որ Բելառուսն ու Ադրբեջանն իրենց ներքին կառուցվածքով չեն համապատասխանում եվրոպական արժեքներին: Ուշագրավ է նաեւ, որ Հայաստանը բացակայում է այդ «պատվավոր» ցուցակում: Սակայն այստեղ մենք գործ ունենք մի հսկայական «ավանսի» հետ, եւ եթե իրական բարեփոխումները շարունակեն դոփել տեղում, ինչպես այսօր է, ապա հեշտությամբ կհայտնվենք նրանց կողքին:
Այստեղ խիստ կարեւոր է նաեւ, որ եւ Բելառուսում, եւ Ադրբեջանում, ինչպես նաեւ Ղազախստանում եւ, իհարկե, Ռուսաստանում գործում են դաժան օրենքներ ընդդեմ ՀԿ-ների, ինչը, գոնե առայժմ, Հայաստանում բացակայում է: Հենց սրանից են խիստ բորբոքված «ընկերներ» Վոլինկինը, Կոսաչովը, Կիսելյովը, Բորդյուժան եւ հայ ժողովրդի մնացյալ «բարեկամները»: Եվ ամենեւին էլ չի բացառվում, որ Հայաստանի իշխանության առաջ Մոսկվայից պահանջ դրվի «ռուսական փորձի» կիրառմամբ պայքարել ընդդեմ «նարնջագույն վտանգի», ասենք՝ «Յանուկովիչի փաթեթ» բերեն Մոսկվայից եւ ստիպեն այն ընդունել: Հայաստանի քաղաքացիական հասարակությունը պետք է պատրաստ լինի այս մարտահրավերին եւ թույլ չտա վերածելու երկիրը Լուկաշենկոյի կոլխոզի կամ Ալիեւ-Պուտինի չեկիստական խանության:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.05.2015