Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունները՝ Երկրորդ համաշխարհայինի տարիներին»

Մայիս 27,2015 14:30

Երկրորդ աշխարհամարտի ընթացքում՝ 1941-1942 թվականներին, թուրքական իշխանությունները երկրի ոչ մուսուլման քաղաքացիների` հայերի, հույների, հրեաների շրջանում հապճեպ զորակոչ հայտարարեցին: Այն հայտնի է «20 դասակարգի զորակոչ» անվամբ: Պարզելու համար, թե ինչ էր այն իրականում, զրուցեցինք թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ:

– «20 դասակարգի զորակոչը» Թուրքիայի պատմության ամենամութ դրվագներից մեկն է, որի մանրամասները վերջին տարիներին են միայն ի հայտ գալիս: Թուրքական հասարակությանն էլ այս փաստն անհայտ է: Խնդիրն այն է, որ պատերազմի տարիներին՝ 1941 թվականի ապրիլին, թուրքական իշխանությունները հայտարարեցին, այսպես կոչված, «գաղտնի զորահավաք», որը վերաբերել է բացառապես ոչ մուսուլմաններին` հայերին, հույներին եւ հրեաներին:

Այդ զորահավաքով բանակ են զորակոչվել 18-65 տարեկան հայ, հույն, հրեա տղամարդիկ: Նրանց չի տրվել զինվորական կրթություն, նրանք չեն կրել զինվորական համազգեստ, այլ հավաքվել են 500 հոգանոց աշխատանքային ճամբարներում: Անգամ չեն ապրել շենքային պայմաններում, այլ ապրել են վրաններում եւ զբաղվել բացառապես շինարարական աշխատանքներով, ճանապարհաշինարարությամբ, երկաթգծի եւ այլ շինարարական հարցերով: Իրականում նպատակը ազգային փոքրամասնություններին ոչնչացնելն էր: Այս մասին անգամ չեն ժխտում թուրք պաշտոնյաները:

Եթե Թուրքիան պատրաստվում էր մտնել Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ, ապա այն խնդիր ուներ ոչնչացնելու հայերին, հույներին, հրեաներին՝ իբրեւ ոչ վստահելի տարրի՝ այդպիսով խուսափելով Խորհրդային միության հնարավոր սատարողներից:

– «20 դասակարգի զորակոչի» շրջանակներում ակնհայտ կերպով թաքցնում էին այն մարդկանց թիվը, ովքեր զոհ էին դարձել այդ ծրագրին: Ի՞նչ պայմաններում էին նրանք մահանում:

– Զինվորների շրջանում տարածվում էին վարակիչ հիվանդություններ՝ կապված սանիտարահիգիենիկ պայմանների հետ, քանի որ նրանք օգտվում էին ոչ թե մարդկանց համար նախատեսված խմելու ջրից, այլ ճամբարներին կից գոյություն ունեցող ջրային աղբյուրներից, որոնք կարող էին լինել արտեզյան` խառնված կոյուղաջրերին: Նմանատիպ խնդիրների հետեւանքով տարածված հիվանդություններից էին տիֆը, դիզենտերիան, թոքախտը, տուբերկուլյոզը եւ այլն: Երկրորդ խնդիրը եւ նրանից ծագող հիվանդություններն առաջանում էին ձմռան ցրտի պայմաններում: Նաեւ չմոռանանք, որ զորակոչվել էին 18-65 տարեկան տղամարդիկ: 60 տարին լրացած մարդկանց մոտ կային տարատեսակ հիվանդություններ, որոնք այդ պայմաններում էլ ավելի էին սրվում` առաջ բերելով մահացության դեպքեր: Զորակոչվածների թվում կային նաեւ հաշմանդամության խնդիր ունեցող մարդիկ:

Պաշտոնական տվյալներ չկան, թե քանի մարդ է մահացել այդ ընթացքում: Թուրքական արխիվները գաղտնի են պահվում` թաքցնելով Ազգային ժողովի կողմից ընդունած որոշումը զորակոչ անցկացնելու վերաբերյալ: Ըստ կիսապաշտոնական աղբյուրների` զորակոչի արդյունքում մահացել է մոտ 20-30 մարդ, սակայն ոչ պաշտոնական աղբյուրները եւ ականատես-վերապրողները շատ ավելի մեծ թվեր են նշում, եւ, ըստ էության, այն պատված է գաղտնիության քողով: Չմոռանանք նաեւ, որ զորակոչը տեւել է մինչեւ 1942 թվականի կեսերը, դրանից հետո այդ կիսահիվանդ, կիսահաշմանդամ մարդիկ, վերադառնալով Ստամբուլ, շատ հաճախ այդպես էլ չեն բուժվել եւ ի վերջո՝ մահացել զորացրվելուց մեկ-երկու ամիս անց:

-Ո՞րն էր հետապնդվող իրական նպատակը: Ազգային փոքրամասնություններին արդեն 30 տարի անց տնտեսական կյանքից կրկի՞ն հեռացնելը:

– «20 դասակարգի զորակոչը» ուներ երկու կարեւոր նպատակ: Առաջինն այն էր, որ Թուրքիան լրջորեն պատրաստվում էր մտնել պատերազմի մեջ` ֆաշիստական ճամբարի կողմից: Թուրքական Գլխավոր շտաբի տարբեր պաշտոնյաներ, ելնելով զինվորական անհրաժեշտությունից, առաջարկում էին ապահովագրել իրենց Խորհրդային միության հնարավոր կողմնակիցներից, քանի որ պատերազմի ժամանակ Թուրքիայում ապրող հայերը կարող էին մասնակցել պատերազմին, օրինակ` օգնելով Խորհրդային Հայաստանում ապրող իրենց ազգակիցներին: Թուրքական իշխանությունները, ռազմավարական շահերից ելնելով, փորձում էին ապահովագրել իրենց:

Թուրքիայում այդ տարիներին ակտիվացել էին ազգայնամոլական տրամադրությունները, եւ թուրքական իշխանությունները նպատակ ունեին ավարտին հասցնել երիտթուրքերի սկսած գործը` ոչնչացնելով քրիստոնյա համայնքները, մասնավորապես՝ տղամարդկանց, ինչպես ցեղասպանության տարիներին:

Մյուս պատճառն ավելի ուշ ի հայտ եկավ. Թուրքիան ձեռնպահ մնաց պատերազմի մեջ ուղղակի ներքաշվելուց` հետապնդելով ազգային փոքրամասնություններին տնտեսական կյանքից դուրս մղելու եւ մեկուսացնելու քաղաքականություն` դրանով տղամարդկանց ենթարկելով պարապուրդի:

-Թուրքիայում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ազգային փոքրամասնությունների նկատմամբ ի՞նչ քաղաքականություն է տարվում:
– Կարծում եմ, որ Թուրքիայում ազգային փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքն այս պահին երկակի բնույթ է կրում: Մի կողմից՝ նրանց նկատմամբ ավելի մեղմ քաղաքականություն վարելով եւ ինչ-որ հայտարարություններ անելով` փորձում են ազգային փոքրամասնությունների ձայները շահել, որոնք իրականում վճռորոշ չեն կարող լինել գալիք խորհրդարանական ընտրություններում: Նպատակը ազգային փոքրամասնությունների նկատմամբ Թուրքիայի հանդուրժողական վերաբերմունքը միջազգային տարբեր կառույցներին ցույց տալն է: Թուրքիայում ներկայացված բոլոր կուսակցություններն էլ, որոնք պայքարում են խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար, մարտնչում են թուրքական հասարակության ազգայնամոլական հատվածի քվեները շահելու ուղղությամբ, եւ այդ քվեները շահելու գործում նրանց նպաստում է այն կոշտ քաղաքականությունը, կոշտ հայտարարությունները, որոնք արվում են ազգային փոքրամասնությունների նկատմամբ:

ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031