Լրահոս
Օրվա լրահոսը

Քննիչը կարո՞ղ է իրացնել իր մատնանշած «լսվելու» իրավունքը

Մայիս 27,2015 14:00

Վերջերս տեղեկացրեցինք, որ Շիրակի մարզի քննիչներից մեկը դիմել է դատարան՝ դատախազի որոշման դեմ: Այն բուռն քննարկումների տեղիք տվեց համացանցում, փաստաբանների շրջանում:

Փաստաբաններից շատերը պնդում էին, թե քննիչն իրավունք ունի բողոքարկել այդ որոշումը, դուրս գալ դատախազի դեմ, իսկ ստորեւ ներկայացվող արձագանքում հակառակ տեսակետն է «Դատախազի որոշումը դատական կարգով բողոքարկման առաջին փորձը» հրապարկմանը:

-Մի քանի օր է, ինչ քննարկումներ են ընթանում այս հարցի վերաբերյալ եւ հիմնականում կարծես թե գերակշիռ մասը հավանություն է տալիս քննիչի կողմից դատախազի որոշման բողոքարկմանը:

Իմ կարծիքով՝ քննիչը չի կարող դատական կարգով բողոքարկել դատախազի որոշումը հետեւյալ պատճառաբանություններով.

1. Քրեական գործով վարույթից հեռացնելը դատախազի լիազորությունն է եւ օրենքը այդպիսի որոշում կայացնելու համար պարտադիր պայմանների առկայություն չի նախատեսում, բացի այն, որ գործի քննության ընթացքում թույլ է տրվել օրենքի խախտում, իսկ ՀՀ քր. դատ. օր-ի 17-րդ հոդվածը դրա համար լիքը հնարավորություն է տալիս դատախազին:

2. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը քննիչի կողմից դատախազի որոշումները բողոքարկելու կամ ավելի ճիշտ դատախազի նմանատիպ որոշումների դատական վերահսկողության կարգ չի նախատեսում:

3. Քրեական գործով վարույթից հեռացնելը որեւէ իրավական հետեւանք քննիչի համար չի առաջացնում ու չի կարող առաջացնել, հետեւաբար այն կարգապահական պատասխանատվության տեսակ չէ եւ անմեղության կանխավարկածի ու նման բաների մասին խոսելը նույնիսկ ավելորդ է:

4. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով նախատեսված կարգով քննիչը չի կարող համարվել դիմող, քանի որ այդպիսի որոշմամբ քննիչի իրավունքների ու ազատությունների խախտում թույլ չի տրվում (տես նաեւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 33-րդ կետը. «Դիմող` յուրաքանչյուր անձ, որը դիմել է դատարան, քրեական հետապնդման մարմնին` քրեական դատավարության կարգով խախտված իրավունքների պաշտպանության համար»):

5. Այդ որոշման կայացմամբ դատախազությունը պատասխանատվության չի ենթարկում եւ որեւէ լծակ չունի քննիչին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, բացի այն, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն ներկայացնի քննչական կոմիտեին: Իսկ այնտեղ դրա վերաբերյալ, եթե կհարուցվի կարգապահական վարույթ, ապա դրա շրջանակում էլ քննիչը կարող է իրացնել իր մատնանշած «լսվելու» իրավունքը:

6. Ի վերջո, դատախազը հսկողություն է իրականացնում հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ եւ եթե գտնում է, որ այս քննիչը չի ցանկանում կամ չի կարող արդարացի՝ լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննել տվյալ գործը (ինչն օրենքի խախտում է) ու հենց գործի շահերից ելնելով՝ կարող է նրան հեռացնել գործի վարույթից:

Ավելացնեմ, որ քննչական ստորաբաժանումների ղեկավարները տարեկան տասնյակներով, եթե ոչ հարյուրավոր գործեր են նույն պատճառաբանությունով վերամակագրում տարբեր քննիչների ու չեմ կարծում, որ որեւէ մի քննիչ թեկուզ վերադասության կարգով բողոքարկած լինի իր պետի գործողությունը:

Չեմ հասկանում նաեւ, թե քննիչն ինչով պետք է շահագրգռված լինի, որ ինքն անպայման քննի եւ ավարտի այդ գործը եւ եթե երեւակայենք, որ դատարանը բավարարել է քննիչի բողոքը, ինչն, իհարկե, անհնար է, ապա դատախազն, օրինակ, դատարանում ինչպես կարող է պաշտպանել մի գործով մեղադրանք, որով քննիչի կատարած նախաքննության որակն ինքը կասկածի տակ է դրել նախորդ փուլում:

Հարկ եմ համարում նշել, որ ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Ա. Հարությունյանի գրավոր պատասխանը, թե դատախազի՝ քննիչին վարույթից հեռացնելու մասին որոշումը բողոքարկման ենթակա չէ, ապա գտնում եմ, որ այդ որոշումն ըստ էության ցուցում է, իսկ օրենքի համաձայն՝ քննիչն իրավասու է բողոքարկել դատախազի յուրաքանչյուր ցուցումը:

Վերջում այս հարցի վերաբերյալ փաստաբան Արթուր Գրիգորյանի հումորը. «Մնում է քննիչի իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիա մշակել»:

ԳՈՒՐԳԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
փաստաբան

«Առավոտ» օրաթերթ
26.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031