Լրահոս
Օրվա լրահոսը

«Բուհերի ապակենտրոնացումը հարուստ երկրների համար է»

Մայիս 27,2015 13:30

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն աղքատ Հայաստանի
պարագայում հարցին նման լուծում տալը իրատեսական չի համարում

ՀՀ քաղաքաշինության նախարարին կից կոլեգիայի ընդլայնված նիստում օրեր առաջ Գյումրիի նախկին գլխավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանն առաջարկել էր որոշ բուհեր տեղափոխել Գյումրի եւ այլ քաղաքներ՝ նպատակ ունենալով բեռնաթափել Երեւանը, իսկ ազատված շենքերը վաճառելու եւ հյուրանոցների վերածելու հաշվին՝ իբր այդ գումարներն ուղղել Գյումրիի եւ մյուս քաղաքների հզորացմանը: Որոշ մասնագետներ առաջարկն անվանել էին աղետալի, իսկ Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հեգնել էր, թե տարածաշրջանի զարգացմանն աննախադեպ կնպաստի Էյֆելյան աշտարակը Փարիզից Երեւան տեղափոխելը, իսկ մարզահամերգային համալիրը՝ Երեւանից Գյումրի:

Թեմայի վերաբերյալ «Առավոտը» զրուցեց կրթության ոլորտի փորձագետ, ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանի հետ: Պարոն Խաչատրյանը փաստեց, որ իր տպավորությամբ՝ վերջին շրջանում ինչ-ինչ կեղծ խնդիրներ են մեջտեղ բերվում, եւ արդյունքում՝ կրթական համակարգի հիմնական հարցերը թողած, մարդիկ սկսում են քննարկել այս պահին անկարեւոր ու ոչ հրատապ հարցեր: Նրա ձեւակերպմամբ, դրանցից են 12-ամյա պարտադիր կրթության ու բուհերը Երեւանից տարհանելու հարցերը. «Այս պահին Հայաստանը պատրաստ չէ բուհերը Երեւանից մարզեր կամ այլ քաղաքներ տեղափոխելուն: Նախ ենթակառուցվածքների տեսանկյունից հարցը դիտարկենք, թե ինչու է հարմար Երեւանը. Երեւանը համեմատաբար լավ դիրք ունի՝ կողքին լիքը խոշոր քաղաքներ կան՝ Աբովյան, Արտաշատ, Էջմիածին, Արմավիր, Հրազդան եւ այլն, որտեղից հսկայական թվով ուսանողներ ամեն օր գալիս-գնում են եւ լրացուցիչ ծախսեր, այդ թվում կեցության, նրանց ծնողները չեն կատարում:

Պատկերացրեք՝ եթե բուհերը տեղափոխվեն Գյումրի, միակ քաղաքը, որ Գյումրիի կողքին է, դա Արթիկն է, եւ եթե ողջ Հայաստանի ուսանողները գնան այնտեղ, ընտանիքների ծախսը եւ հոգսը ինչքա՜ն կմեծանա: Էլ չեմ խոսում այն մասին, թե ինչքան հեռու է Գյումրին, օրինակ՝ Սյունիքի մարզից, Վայոց ձորից կամ Արցախից, այսինքն՝ այդպիսով լրացուցիչ դժվարություններ ու հոգս ենք դնելու այդ ուսանողների ընտանիքների վրա»: Մյուս խնդիրն, ըստ Սերոբ Խաչատրյանի, այն է, որ Գյումրին պատրաստ չէ այդքան ուսանողների սպասարկել. «Քաղաքի փողոցների ասֆալտապատումը, ընդհանուր վիճակն ահավոր է: Այլ պատճառ էլ կա՝ Երեւանում դասախոսները համատեղությամբ մի քանի տեղ են աշխատում, նրանց թվում են բազմաթիվ խմբագիրներ, եթե մարդկանց տանեն Գյումրի, կկարողանա՞ն այդ մարդիկ այդքան աշխատանքներ գտնել՝ համատեղությամբ աշխատելու համար: Այսօրվա մեր դասախոսներից շատերը կրկնուսույց են, թարգմանիչ, լրագրող, մեկը նույնիսկ կառավարության անդամ է, եթե այս մարդիկ գնան Գյումրի, գտնելո՞ւ են աշխատատեղեր, որ համատեղեն, չէ՞ որ դասախոսի աշխատավարձը շատ ցածր է, այդ մարդիկ միայն դասախոսի աշխատավարձով կարո՞ղ են ապրել: Ի վերջո, բուհը միայն լսարան չէ, բուհերը ունեն ենթակառուցվածքներ, բազաներ, կենտրոններ, Գիտությունների ազգային ակադեմիա, թանգարաններ, որոնցից օգտվում են, այսինքն՝ լսարանից դուրս կրթությունն ապահովելու ենթակառուցվածքներ: Մի խոսքով, ապակենտրոնացումը շատ լավ է, բայց դա նախատեսված է հարուստ երկրների համար, իսկ Հայաստանի նման աղքատ երկրի համար լավ է, որ բուհերը մի տեղ են, կողքին մետրո կա, ուսանողներին հեշտ է հասնելը»:

Կրթության փորձագետը փաստում է, որ միշտ «դրսից» լավ գաղափարներ են բերվում Հայաստան, սակայն դրանք ոչ միշտ է հարմար տեղայնացնելը, դրանցից մեկն էլ ապակենտրոնացումն է, որը լուրջ ներդրումներ է պահանջում: Դրա փոխարեն Սերոբ Խաչատրյանն այլ բան է առաջարկում. «Եթե ուզում ենք ուժեղացնել Գյումրին, ապա Գյումրիում եղած բուհերում ու ֆակուլտետներում պետք է ներդրումներ անենք, դրսից դասախոսներ հրավիրենք, աշխատավարձերն այնքան բարձրացնենք, որ Երեւանում ապրող դասախոսը մտածի Գյումրիի լավագույն պայմանների մասին ու ցանկանա այնտեղ տեղափոխվել, կամ ԵՊՀ-ի, Ագրարային եւ մյուս համալսարանների ուսանողն ասի՝ Գյումրիում կրթության որակն ավելի բարձր է, գնամ այնտեղ սովորեմ: Թե չէ՝ շենք տանել-բերելով հարց չի լուծվում: Այո, ընդհանուր առմամբ, ես էլ եմ դեմ, որ այսքան բուհ կենտրոնանա Երեւանի կենտրոնում, բայց սա աղքատ երկրի համար էժան տարբերակ է: Ինձ որ մնար, բոլոր համալսարաններն անտառներում կդնեի, որ երեխաները կենտրոնանային սովորելու վրա: Տնտեսությունը կրթության վրա պետք է գումար ներդնի, ինչը չի անում, ու այսօր բուհերի բյուջեն 70-75%-ով գոյանում է ուսանողների վարձերից, սա՛ է իրականությունը»:

Հավելենք, որ օրերս կայացած ասուլիսում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ է դեմ արտահայտվել բուհերի ապակենտրոնացմանը: «Բուհերը շենք չեն, կենդանի մեծ օրգանիզմներ են, մենք քանի տարի է՝ քննարկում ենք կառուցվածքային արդիականացման հարցը, բայց վեր կենալ ու նման բան հայտարարել՝ առանց լիազոր մարմնի կարծիքը հարցնելու, անհասկանալի է…»,- ասել է նախարարը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ asrc.am-ից

«Առավոտ» օրաթերթ
26.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031