Համոզված է Շտուտգարտի օպերայի
եւ բալետի թատրոնի առաջատար մենապարող Արման Զազյանը
Շտուտգարտի օպերայի եւ բալետի թատրոնի առաջատար մենապարող Արման Զազյանը կրկին հայրենիքում է: Ներկայումս արտիստը ներգրավված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մշակութային միջոցառումների շրջանակներում ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանի խորեոգրաֆիայով բեմադրվող «Զույգ արեգակներ» միջազգային նախագծում:
Արման Զազյանը 2004թ.-ից հանդես գալով Շտուտգարտի թատրոնում, քանիցս հյուրախաղերով հանդես է եկել Երեւանում, մասնակցել է բալետային գալա համերգների, ինչպես նաեւ եվրոպական թատրոններում հայ պարողների հիմնած «Հզոր զգացմունքներ» շոու-բալետի ելույթներին:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ նա կարեւորեց երեւանյան իր այս այցը: Նշեց, որ հիշյալ նախագծի իրականացման համար նաեւ արտերկրից (Ճապոնիա, ԱՄՆ, Ֆրանսիա, Իսրայել, Հունաստան) հրավիրված են իր 8 կոլեգաները, հետո էլ ասաց. «Վերջապես Երեւանում բեմադրվեց բալետային նորարարական ներկայացում, որը սինթեզն է ժամանակակից, մոդեռն, նեոկլասիկ ոճերի: Ամենակարեւորը՝ սա մեր պատմությունն է, որտեղ Նարեկացու խոսքն է, Թորոս Ռոսլինի մանրանկարչությունը, Արշիլ Գորկու աբստրակտ նկարչությունը, երաժշտությունն էլ գալիս է Մաշտոցից, Նարեկացուց, Արամ Խաչատրյանից ու Ալան Հովհաննեսից, Բաբաջանյանից ու Տերտերյանից՝ հասնելով մինչեւ ամերիկաբնակ կոմպոզիտոր Աշոտ Արիյան: Այստեղ պատասխանատու է իմ դերը: Ռուդոլֆ Խառատյանն ինձ վստահել է Տիեզերական եկեղեցու վարդապետի տիտղոսակիր Նարեկացու կերպարը: Հաշված օրեր են մնացել պրեմիերային, բայց կարող եմ ասել, որ «Զույգ արեգակները» ներկայացնում է ոչ միայն համամարդկային արժեքներ, այլեւ եղեռն ապրած հայ ազգին, որը մեր օրերում եւս շարունակում է մասնակցությունը համաշխարհային արվեստի հարստացման գործընթացին»:
Յորմա Էլո, Քրիստիան Սպուկ, Դեմիս Վոլպի, Մաուրո Բիգոնզեթի, Մարկո Գրեկե եւ այլ ճանաչված խորեոգրաֆների հետ աշխատած հայ արտիստն ասաց, որ Ռուդոլֆ Խառատյանի «Զույգ արեգակները» առանց երկմտելու կարելի է ներկայացնել արեւմտյան ցանկացած թատրոնում:
Մեր դիտարկմանը, թե ավելի շատ ժամանակակից, մոդեռն բալետային ներկայացումների ձգտող Եվրոպան, ինչպես ասում են՝ լրիվ աչքաթող է արել դասական բեմադրությունները, Արման Զազյանը պատասխանեց. «Նայած թատրոն: Իսկապես կան բալետային խմբեր, որոնք աչքաթող են արել դասականը: Ինչ վերաբերում է Շտուտգարտի օպերայի եւ բալետի թատրոնին, մեր խաղացանկում դասական եւ ժամանակակից ներկայացումների հարաբերությունը 50-50 է»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարներում` Արման Զազյանը՝ դասական եւ ժամանակակից բալետներում
«Առավոտ» օրաթերթ
26.05.2015