Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք չէ գրանցել Կոմիտասին կամ Արամ Խաչատրյանին»

Մայիս 27,2015 12:30

Ասում է Ռուբեն Բաբայանն ու հավելում՝
երբ գրավոր ենք ներկայանում աշխարհին, գրանցման կարիք չկա

Որոշ ժամանակ առաջ, մշակույթի նախարարության կողմից հայտարարվեց, որ այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների պահպանման ցանկում փորձելու են ընդգրկել ազգային քոչարին եւ որի համար արդեն կազմվել է համապատասխան հայտն ու ուղարկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակ: Պատասխանելով «Առավոտի» հարցերին՝ եթե ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատի Հայաստանի ներկայացրած հայտը, արդյոք կարո՞ղ ենք ձեռքբերում համարել, թե այլ կերպ կանվանեք՝ գուցե ինքնության պայքար՝ ավելի շատ արժեքներ այդ ցանկում ներգրավելու դեպքում, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը հետեւյալն ասաց. «Երբ ինչ-որ պատմական հուշարձան է ընդգրկվում այդ ցանկում, նրանց պաշտպանության տակ է հայտնվում, եւ դա շատ լավ է լինում, քանի որ այնտեղ արգելվում է դրանում փոփոխություններ, նորաձեւություններ անելը, իսկ ոչ նյութականը մի քիչ այլ է: Պատմության ընթացքում մշակույթն այնքան է խառնվել, որ օրինակ՝ նույն ուտելիքները, պարերը ավելի շատ ունեն տարածաշրջանային, քան ազգային բնույթ: Օրինակ, տոլման կերել են, կամ լավաշը թխել են տարբեր ազգերի մարդիկ, ովքեր ապրել են այս տարածաշրջանում: Եվ ես չեմ կարծում, որ ինչ-որ մի ուտեստ, առավել եւս այս տարածաշրջանում, կերել են միայն հայերը, ու մենք չենք կարող ասել, որ Ադրբեջանում միայն ադրբեջանցիներ են ապրել, Վրաստանում՝ միայն վրացիներ եւ այլն…»: Դիտարկմանն էլ՝ լավ չէ՞, որ եւս մեկ հայկական մասնիկ գրանցվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում, Ռուբեն Բաբայանը պատասխանեց. «Գուցե շատ լավ բան է, բայց ես դրա օգուտը չեմ տեսնում: Բոլոր դեպքերում, կողքից ավելի մեծ ուշադրություն դարձնելով, թե ինչքանով ենք մենք զարգացնում ու պահպանում մեր մշակույթը՝ ավելի ճիշտ է, որովհետեւ այդ ճանապարհին միշտ շատ դժվարություններ են լինում եւ թղթի վրա գրվածը ոչինչ չի տալիս, եթե գործնականում ոչինչ չենք անում: Լավաշն էլ ընդգրկեցինք, իսկ հետո…»:

Ռուբեն Բաբայանը կարծում է, այս ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկը համալրելու առումով ժողովուրդները մրցապայքարի մեջ են մտել, սակայն մտածում է, որ սա ավելի շատ բնորոշ է ազգային մշակույթից զուրկ ժողովրդին, քանի որ նրանք են առաջին հերթին ուզում գրանցել իրենց ինչ-որ մի բանը: Ռուբեն Բաբայանը հիշեց, որ մի անգամ Ջիվան Գասպարյանին Թուրքիայում հարցրել են, թե ում է պատկանում դուդուկը եւ նա հանճարեղ պատասխան է տվել, ասելով, որ դուդուկը պատկանում է նրան, ով այդ պահին նվագում է. «Սա այն ժամանակ էր, երբ թուրքերը դուդուկն իրենցն էին համարում: Այ, սա ավելի կարեւոր է, երբ մենք ազգայինը տարածում ենք, պահպանում, տանում, ոչ թե գրանցում: Երբ մենք գրավոր ենք ներկայանում աշխարհին ու մեզ ճանաչում են մեր մշակույթով, գրանցման կարիք չկա: Ես կարծում եմ, որ, օրինակ, պետք չէ գրանցել Կոմիտասին կամ Արամ Խաչատրյանին…»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ քոչարին հայկական լեռնաշխարհում ամենատարածված ու մինչ այժմ ամենապահպանված հայկական պարն է, իսկ «քոչ» արմատը, ամենայն հավանականությամբ, կապ ունի չամորձատված՝ չկրտած ոչխարի-խոյի գոչ, ղոչ եւ խոչ անվանումների հետ։ Քոչարի պարի ճիշտ ձեւի մեջ հստակ պահպանվել, կոնսերվացվել են հնագույն շարժումների արմատները, երբեմնի վարքագիծը, ցատկոտումն ու թռչկոտումը, մարտը, խոյերի ու այծերի պոզահարման, այծամարդու շարժումները:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031