Լրահոս
Օրվա լրահոսը

Պե՞տք են, արդյոք, պետական ավարտական քննություններ

Մայիս 27,2015 12:00
qnnutyun

Մայիս ամսվա երկրորդ կեսը հանրապետության բոլոր բուհերում ավարտական քննություններ են ընթանում` քննական հանձնաժողովի նախագահով, հանձնաժողովի ընդգրկուն կազմով, որով եւս մեկ անգամ ընդգծվում է այդ գործընթացի կարեւորությունը: Այնուհանդերձ, կարծում եմ, որ պետական ավարտական քննական գործընթացն, ինչպես որ այժմ այն ընթանում է, արդեն սպառել է իրեն եւ ժամանակն է նոր մոտեցումներով առաջնորդվել շրջանավարտի ունակությունները գնահատելիս:

Այսօր աշխատաշուկան է առավել արժեւորում համալսարանական գործունեության վերջնարդյունքը` «գիտելիք+կարողություն+հմտություն» ձեւաչափով: Եթե նախկինում պետությունն էր չափանիշներ սահմանում կրթված եւ գիտելիքներով հարուստ շրջանավարտին գնահատելիս, ապա մեր օրերում, գիտելիքին զուգահեռ, շրջանավարտի կրթական գործընթացի վերջնարդյունքին գումարվում են նաեւ մասնագիտությամբ աշխատելու ոչ միայն կարողությունները, այլեւ դրանք կյանքի կոչելու հմտությունները: Իսկ պետական ավարտական քննությունների կազմակերպման ներկա ձեւաչափը, մեր կարծիքով, առավել շեշտադրում է կատարում շրջանավարտի գիտելիքներին՝ առավելապես շրջանցելով նրա մասնագիտական կարողություններն ու հմտությունները:
Որպես կանոն, քննական հանձնաժողովի անդամները պրոֆեսորադասախոսական անձնակազմից են, որոնք ի զորու չեն օբյեկտիվորեն գնահատելու շրջանավարտին` հենց գործատուի տեսանկյունից: Իսկ վերջինս առավելապես արժեւորում է սկսնակ մասնագետի աշխատանքային կարողություններն ու հմտությունները: Եվ պատահական չէ, որ բուհն ավարտելուց հետո շրջանավարտները մեր հանրապետությունում երկար ժամանակ աշխատանք չեն գտնում` հենց աշխատանքային փորձի բացակայության պատճառով: Աստիճանաբար ակնհայտ է դառնում, որ աշխատաշուկան առավելապես վստահում է աշխատանքային փորձին, քան շրջանավարտի կողմից կուտակած ակադեմիական կրեդիտներին:

Պատահական չէ, որ ավարտական քննությունների պրակտիկան այլ ձեւաչափ ունի արեւմտյան բուհերում: Այնտեղ չեն գործում ներկայացուցչական քննական հանձնաժողովներ, որոնք, չգիտես թե ինչու, իրենց առաքելությունն են համարում եւս մեկ անգամ ստուգելու շրջանավարտի գիտելիքները, որը բազմիցս արդեն իսկ արվել է ուսանողի՝ բուհում սովորելու տարիներին: Փոխարենը՝ ավարտական տարում ուսանողին հանձնարարվում են կոնկրետ աշխատանքային խնդիրներ, իրավիճակներ, հետազոտություններ, որոնց լուծումները տեղ են գտնում վերջինիս ավարտական աշխատանքում, որը ընդամենը գնահատվում է բուհի եւ ավարտական պրակտիկայի (internship) համատեղ ղեկավարների կողմից, առանց ավելորդ «սարսափազդու» հանձնաժողովների: Հենց այս ճանապարհով են կամուրջներ կառուցվում բուհի եւ աշխատաշուկայի միջեւ, որի պակասն այսօր մենք այդքան շատ զգում ենք, եւ որն, ի դեպ, Բոլոնիայի գործընթացի առաջնահերթություններից է համարվում:

ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ
26.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031