Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի (ԵԳՊԱ) հագուստի մոդելավորման բաժնի ավարտական կուրսի ուսանողներն այսօր Հայաստանի նկարիչների միությունում ներկայացրին իրենց դիպլոմային աշխատանքները:
«Ամեն տարի Նկարիչների միությունում ենք կազմակերպում մեր ուսանողների դիպլոմային աշխատանքների պաշտպանությունը,- ասաց ԵԳՊԱ ռեկտոր, պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ Արամ Իսաբեկյանը,- այս տարի որոշեցինք նաև ցուցադրություն կազմակերպել, որը, կարծում եմ, հետաքրքիր գաղափար է»:
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի 28 ուսանողներ ներկայացրին մոտ 110 զգեստ: Ամեն մեկը 4-5 զգեստ է մոդելավորել:
«Զգեստներից շատերն ազգային ինչ-ինչ տարրեր ունեն իրենց մեջ: Այս տարի շեշտը հնարավորինս դրել ենք ազգայինի վրա»,- ասաց ԵԳՊԱ համակարգչային-գեղարվեստական նախագծման և դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Հայկ Փայասլյանը:
Կարդացեք նաև
ԵԳՊԱ հագուստի մոդելավորման բաժնի ավարտական կուրսի ուսանողուհի Մերի Թարխանյանը, օրինակ «մինիմալիզմ» թեմայով զգեստների հավաքածու էր ներկայացրել: Ասաց, որ ոգեշնչվել է ճապոնական մինիմալիստական ոճով արված ինտերիերից և ներկայացրել է փայտից պատրաստված աքսեսուարներ:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ