Մայրաքաղաքում և հանրապետության մարզերում երեկվանից արդեն մեկնարկել է «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ» ծրագիրը:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում մինչև մայիսի 31-ը կանցկացվի 36 միջոցառում՝ 18 ուղղություններով:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:
Նրա խոսքով՝ սա լավագույն հնարավորությունն է ամփոփելու տարվա ընթացքում գեղարվեստական կրթության ոլորտում իրականացրած աշխատանքները, ինչպես նաև վեր հանելու թերացումներն ու բացթողումները:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ արդեն 4 տարի է, ինչ յուրաքանչյուր տարվա մայիսի վերջին շաբաթը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել է «Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ», և Հայաստանն ի սկզբանե միացել է այդ նախաձեռնությանը:
«Գեղարվեստական կրթության միջազգային շաբաթ»-ը յուրօրինակ ստուգատես է,- այսպես ձևակերպեց Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյանը.- այդ ընթացքում հանրությանն են ներկայացվում գեղարվեստական կրթության կարևորությունը, արտերկրի առաջավոր փորձն այս ոլորտում, ինչպես նաև վերջինիս զարգացմանն ուղղված բոլոր այն նախադրյալները, որոնք ստեղծվել ու ամրապնդվում են ՀՀ կառավարության, պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ծրագրերով»:
Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի տնօրենի խոսքով՝ ծրագրում փորձել են ընդգրկել գեղարվեստական կրթության բոլոր ուղղությունները: Ծրագրի ընթացքում նաև համատեղ համերգներ կանցկացվեն՝ մի մարզից կգնան մեկ այլ մարզում ելույթ ունենալու կամ տվյալ մարզի ներկայացուցիչների հետ համատեղ հանդես կգան:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ