Մայիսի 23-ին Իտալիայի Գորիցիա քաղաքում կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով, որը կազմակերպել էին “èStoria” մշակութային ասոցիացիան և Գորիցիայի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:
Գիտաժողովի բանախոսներն էին Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը, Պադովայի համալսարանի պրոֆեսոր, հայտնի գրող Անտոնիա Արսլանը, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ, Սիենայի համալսարանի պրոֆեսոր Մարչելլո Ֆլորեսը: Այն վարում էր “Corriere della Sera” օրաթերթի հեղինակավոր լրագրող Անտոնիո Կարիոտին:
Բանախոսները հանգամանալից ներկայացրեցին Հայոց ցեղասպանության պատմությունն ու հետևանքները, Թուրքիայի ներկայիս ժխտողական քաղաքականությունը և միջազգային հանրության անդրադարձնելը:
Կլոր սեղանի ավարտին ամփոփիչ խոսքով ելույթ ունեցավ Ֆրիուլի-Վենեցիա-Ջիուլիա նահանգի մշակույթի նախարար Ջիաննի Տորենտին, ով ընդգծեց իտալական հասարակայնության լայն շրջանակներին՝ հատկապես երիտասարդությանը, Հայոց ցեղասպանության մասին իրազեկելու կարևորությունը:
Կարդացեք նաև
Գիտաժողովի ավարտից հետո բանախոսները Հայոց ցեղասպանության թեմայով հարցազրույց տվեցին RAI ռադիոընկերությանը:
ՀՀ ԱԳՆ