«ՀԱՕԿ-ն այն կազմակերպություններից մեկն է, որտեղ բոլոր կարծիքները հաշվի են առնվում ու որոշումներն ընդունվում են կոլեգիալ: Յուրաքանչյուր մարզիկ եւ մարզիչ իր տեսակետն արտահայտելու իրավունք ունի: Բաքվի Եվրոպական խաղերի յուրահատկությունն ու առանձնահատկությունը հաշվի առնելով՝ ՀԱՕԿ-ի գործկոմի նիստին, բացի 15 անդամներից հրավիրել էինք նաեւ ֆեդերացիաների ներկայացուցիչներին, մարզիչներին: Բոլորն իրենց կարծիքներն արտահայտեցին:
Բուռն քննարկումներից, դրական եւ բացասական կարծիքներից եւ հաշվարկներից (ինչ կտա մասնակցությունը, ինչ վնաս կկրենք չմասնակցելու դեպքում) հետո միաձայն, նաեւ մարզիչները, որոշվեց, որ պետք է մասնակցել այս խաղերին: Միեւնույն ժամանակ որոշվեց նաեւ, որ պարտադրանք չի լինելու: Այնպես որ, բոլոր այն մարզիկները, որոնց անունները ես հայտարարեցի, պատրաստ են այս մրցումներում Հայաստանի պատիվը բարձր պահել, ինչպես այլ երկրներում», – Եվրոպական ամառային խաղերին մասնակցելու որոշումը մեկնաբանեց ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին. տեղյա՞կ է, արդյոք, թե իրենց զավակների՝ Բաքու մեկնելու մասին ինչ են մտածում մարզիկների ծնողները: «Իհարկե, յուրաքանչյուրի տանը քննարկումներ եղած կլինեն: Բայց մենք դրանից տեղյակ չենք: Եթե բողոք կամ դժգոհություն լիներ, ավելի շուտ լրատվամիջոցները կիմանային: Մի բան կարող եմ ասել. Բաքու մեկնելու պատրաստ բոլոր մարզիկներն էլ հասուն տարիքի հասած մարդիկ են: Ես չեմ ճանաչում այնպիսի հայի, որը մանկուց երազել է Բաքու գնալ: Մանավանդ, 1988 թվականի սերունդը: Բայց հիմա ունենք այն, ինչ՝ ունենք. ԵՎՕԿ-ի անդամ 50 երկրի որոշում, որ այդ Խաղերն անցկացվելու են Բաքվում: Ու արդեն հազարորորդ անգամ պիտի կրկնեմ, որ Եվրոպական խաղերը Բաքվի սեփականությունը չի: Դա ԵՎՕԿ-ինն է, ինչպես Լոնդոնի օլիմպիական խաղերը ՄՕԿ-ինն էին, այլ ոչ թե Անգլիայինը», – մեկնաբանեց Հրաչյա Ռոստոմյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ