Լրահոս
Օրվա լրահոսը

Օվկիանոսը փնտրելով ․․․ Ռուբեն Ֆիլյան

Մայիս 26,2015 17:57

Այնտեղ, որտեղ ցամաքը վերջանում է, որտեղ շոշափվում է հորիզոնի գիծը, այնտեղ, որտեղ օվկիանոսի կապտականաչավուն ջրերը ձուլվում են երկնքում լողացող եթերային ամպերին…աստղազարդ երկինքը ժպտում է մեզ…ցամաքն արդեն իսպառ չկա: Օվկիանոսի ջրերը կլանում են մեզ կատարելապես: Մթություն է, ոչինչ չի երևում, թախծոտ մայրամուտին արևը վաղուց արդեն լողացել-անցել է երկինքներում, հրաժեշտ տվել մեզ ու թաքնվել մինչև հաջորդ օրը…Սպասում ենք հաջորդ օրվան, անհամբեր ենք սպասում: Որպեսզի Գոայի ամենաազատ լողափերում կրկին արևածագ լինի, տխրությունը դադարի և լույսն ու ուրախությունը կրկին պարուրի մեր հոգնատանջ հոգիները: Առավոտյան վեր ենք կենում Կավելոսսիմ լողափում, հայտնաբերում, որ Գոայում ոչ այնքան ազատություն է մնացել, հիփփիների բաղձալի ազատությունը, որքան ազատության ուրվականը, որը շարունակ շրջում է այս կողմերում․․․

Ժամանակին, անցյալ դարի 70-ական թվականներին Երևանում արևավառ արտաքնով և պայծառ ժպիտով մի երիտասարդ կար: Նրան հաճախ էին տեսնում բացօթյա սրճարաններում, բոհեմական շրջապատում: Նա բարի էր ու լուսավոր, անկեղծ ու բաց, և այդ ամենը կիսում էր ամբողջ աշխարհի հետ: Ապրում էր իր փոքրիկ կարպետապատ սենյակում, որը կարծես ձեղնահարկ լիներ…համ տուն էր, համ տուն չէր, կամ բնակատեղի, կամ թաքստարան, հոգու ապաստարան, վերջին հանգրվան: Ամենանոր ու վերջին ձայնասկավառակները, ֆիլմերը, գրքերը առաջինը հենց նրա մոտ էին հայտնվում, և նա կրկին կիսում էր ամենը բոլորի հետ: Կարծես վաղ քրիստոնեական համայնքում: ԵՎ Աստված տեսավ, որ Բարի էր…Ռուբենը սակայն շուտով հոգնեց սին ու դատարկ բոհեմից, անիմաստ ու աննպատակ գինարբուքներից, թունդ ծխախոտի անվերջանալի քուլաներից, որոնք մշուշում էին գիտակցությունը, դատարկ ու պարծենկոտ խոսակցություններից: Ռուբենը փակվեց սենյակում, ու սկսեց Նարեկացի վերընթերցել…խորապես տարվեց միջնադարյան գրականությամբ, Մեր Վերածննդի ասեղնահյուս պոեզիայով: Ռուբենը փակվեց աշխարհից…հեռացավ ու մոռացավ: Չգոյությունը դարձավ գոյություն, անէությունը՝ էություն: Ռուբենը հետզհետե փորձում էր հաղթահարել նյութի դիմադրությունը: Ապրելով իր Սուրբ հողի վրա, իր հայրենիքում, նա մի պահ իր հայացքն ուղղեց դեպի Արևելք, դեպի աշխարհի հնագույն քաղաքակրթությունը, լույսի ամենամեծ աղբյուրներից մեկը՝ Հնդկաստանը: Ռուբենը տարվեց հնդկական փիլիսոփայությամբ, զբաղվեց յոգայով ու մեդիատացիայով: Նա առաջիններից էր, որ կարատե էր պարապում: Միգուցե ժամանակի հետ էլ նա դառնար գուրու և հիմներ իր աշրամը…միգուցե…եթե…

Հենց այսպես սկսվեց Ռուբենի լույսի ու բարության ճանապարհը…որով առաջինը հենց ինքը քայլեց, քայլեց փնտրելու ինքն իրեն ու նաև այս աշխարհի հավերժական ու անիծյալ հարցերի պատասխանները: Ռուբենը գտավ ինքն իրեն…իսկական: Սակայն այն, ինչը որ նա փնտրում էր, ավաղ, այստեղ չէր, երկրի վրա չէր, երկինքներում էր, հեռու տիեզերքում: ԵՎ նա մեկնեց ուխտագնացության՝ երկնային եթերի տիրույթներ:

Մասնագիտությամբ՝ լրագրող, կոչումով՝ գրող…շատ շուտով նա այդ կոչումից էլ հրաժարվեց: Ու ընթացավ հանդեպ յուր լռությունը, դադարեց գրելուց: Տպագրեց իր ՛՛Անծանոթ ինքնակենսագրությունը՛՛, գրեց մանրապատումներ, հեքիաթներ, պատմվածքներ, որոնք հետագայում համեմատեցին ափաչափ արձակի հետ: Մարդկային կյանքի անեկդոտիկ պատումներ…ՈՒ նաև իր ստեղծագործության պսակը՝ փառահեղ մի վեպ, որ և խորհուրդ էր, և մարգարեություն՝ «Քո երկրի դեսպանը»…և այնքան արդիական, որ եթե մենք այսօր էլ չնկալենք այն, ապա կկանգնենք մեր ներկայիս երկիրը կորցնելու վտանգի առջև…մեր սուրբ երկիրը, մեր Վերջին երկիրը: ԵՎ չմոռանանք, որ գիրքն այս տաղանդավոր գրվել է հենց մեր՝ հայկական սուրբ հողի վրա, հայրենիքում, սնվելով կենարար ակունքից:

Ռուբենի նախնիները Արևմտյան Հայաստանից էին, մեր պապերի կորուսյալ երկրից…Վեպն էլ ամբողջ ներծծված է թախիծով ու կարոտով հանդեպ մեր ժողովրդի կորուսյալ դրախտը, այն հողերի, որոնցից արտաքսվեցինք…Արտաքսում դրախտից…Սեր, որին կարոտում են…Կին, որին սիրում են…Մեզ լույս է պետք, բարություն ու ջերմություն, հանգստություն, խաղաղություն, անվրդովություն:

PrevPhoto
NextPhoto

Գրեց ու հեռացավ, նույնիսկ չտպագրեց, թողեց ու գնաց: Մեկնեց Լեհաստան, Ֆրանսիա, Եգիպտոս, Հորդանան, և ի վերջո հաստատվեց Հնդկաստանի Գոա նահանգում: 70-ականների վերջն էր, հիփփիական նոնկոմֆորմիստական հեղափոխության, հիփփիների ազատականության փառապանծ ժամանակները: Ռուբենը եկավ Գոա ու ապրեց այստեղ իր կյանքի ամենալուսավոր ժամանակները, ամենաերջանիկ, պայծառ ու անհոգ: Ռուբենը չմահացավ, ոչ չմահացավ, քանի որ Շիվայի Սուրբ հողում մահ չկա, անմահություն է, բնության անվերջանալի շրջապտույտ: Սեր 7 կյանքերի համար…Ռուբենը քայլեց իր լույսի ճանապարհով, սփռելով բարություն, կիսելով այն բոլոր մարդկանց հետ անխտիր, բոլորի, ովքեր իր քույրերն ու եղբայրներն էին: Նա չմահացավ, թերևս հասավ միստիկական Շամբալային…այն տեղը, որը փնտրում են բոլորը, ովքեր քայլում են հոգևոր գիտելիքի ճանապարհով: Այն ամենի մասին, ինչը որ կարոտում են, ինչի համար որ թախծում են․․․

Կավելոսսիմ լողափից, որ Գոայի ծայր հարավում էր, Պալոլեմ ամենախաղաղ լողափից ոչ շատ հեռու, մենք ճանապարհվում ենք Մարգաո, որ հարավային Գոայի տնտեսական կենտրոնն է: Մարգաոյում նստում ենք տեղական, բազմագույն ներկերով գունազարդված ավտոբուս և գնում Փանաջի կամ Փանջիմ, որ Գոայի մայրաքաղաքն է: Կենտրոնական Գոայից՝ Փանաջիից Մանդովի գետով գնում ենք դեպի Մապուսա, որն արդեն հյուսիսային Գոայում է, դրա մարզկետրոնն է: Մապուսայից Չապորա գետով ճանապարհվում ենք Գոայի գիշերային կյանքի կենտրոններ՝ Անջունա և Վագատոր, գիշերում այնտեղ, ակնկալելով առավոտյան, արդեն լուսաբացին սկուտերով, որը բաց է աշխարհի բոլոր քամիների համար գնալ ու վերջապես հասնել Արամբոլ լճակ․․․

Խունկ ու անուշաբույր ենք վառում Ռուբենի հոգու հանգստության և հիշատակի համար… Իսկ ապա գնում ենք Դաբոլիմ միջազգային օդանավակայան, նստում ինքնաթիռ, վերադառնում Մեր երկիրը, մեր Վերջին երկիրը…սիրով, հույսով, հավատով…լույսով ու բարիքով:

 

Մարիա ԹՈՔՄԱՋՅԱՆ

Հնդկաստան, Գոա նահանգ, Արամբոլ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031