Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի փոխմարզպետը շնորհակալություն է հայտնում, որ այնպիսի ընտանիք ունի, որը չի ընկնում միջադեպերի մեջ

Մայիս 26,2015 17:33

Այսօր ԱԺ հանձնաժողովների նիստերում մարզպետարանների 2014-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկումն էր: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի փոխարեն ԱԺ էր եկել փոխմարզպետը՝ Վաչե Գրիգորյանը:

Լրագրողների հարցին՝ չե՞ք վախենում Սուրիկ Խաչատրյանից, որ իր հետ աշխատում եք՝ նա պատասխանեց. «Ինչի՞ պիտի վախենամ»: Դիտարկմանը, որ կարող է ծեծի, աչքը հանի՝ փոխմարզպետը պատասխանեց. «Անտակտ է ձեր հարցը: Ինչո՞ւ պետք է ինձ ծեծի»:

Նա ասաց, որ Սուրիկ Խաչատրյանը Սյունիքում թշնամիներ չունի:

Մեր հարցին՝ ո՞վ կարող էր համարձակվել, որ այնտեղ, որտեղ Սուրիկ Խաչատրյանն իրեն զգում է ինչպես ձուկը ջրում, կրակեր նրա վրա՝ Վաչե Գրիգորյանը պատասխանեց. «Ես չգիտեմ դուք ինչի մասին եք ասում, Սյունիքը նրա ծննդավայրն է, եւ նա այնտեղ զգում է՝ ինչպես իսկական սյունեցի հայրենասեր մարդ: Ես չեմ կարծում, որ նա ինչ-որ մեկից վախենում է: Թող վախենան նրանք, ովքեր ունեն վատ նկատառումներ»:

Ինչո՞ւ է Սուրիկ Խաչատրյանի ընտանիքը միշտ նման միջադեպերի մեջ հայտնվում՝ փոխմարզպետը պատասխանեց. «Դա ընտանեկան հարցեր են, ես կապ չունեմ: Իրա տղան ի՞նչ կապ ունի մեր այսօրվա խոսակցության հետ»:

Հարցին՝ կարդացե՞լ եք Սուրիկ Խաչատրյանի դիսերտացիան՝ փոխմարզպետը պատասխանեց. «Իսկ խի՞ պիտի մարզպետի դիսերտացիան կարդամ: Չկա պետական ծառայության այդպիսի գործառույթ, որ ես պիտի կարդամ մարզպետի դիսերտացիան: Նա այդ դիսերտացիան ինձ հետ չի քննարկել»:

Անդրադառնալով Սյունիքում անընդհատ հնչող կրակոցներին ու միջադեպերին՝ փոխմարզպետն ասաց, որ չի տեսնում այնպիսի աշխատանք, որ պետք է կատարեն Սյունիքում եւ չեն կատարել, դրա համար բարձիթողի վիճակ է մարզում:

Հարցին՝ Սուրիկ Խաչատրյանն ավելի շատ օգո՞ւտ, թե՞ վնաս է տվել Սյունիքին՝ Վաչե Գրիգորյանը պատասխանեց. «Օգուտ է տալիս: Թե ինչու են անընդհատ միջադեպեր լինում, ես միայն ցավում եմ կատարվածի համար, որովհետեւ ես չեմ համարում ճիշտ այն վիճակը, երբ կրակում են որեւիցե մարզի մարզպետի վրա»:

Հարցին՝ իսկ եթե մարզպետի որդինե՞րն են կրակում, աչք հանում՝ փոխմարզպետը պատասխանեց. «Ես աչք հանելու մասին տեղեկություն չունեմ, որ աչք են հանել»:

Լրագրողները պնդեցին, որ պատասխանի, ինչո՞ւ Ձեր ընտանիքն էլ չի ընկնում նման միջադեպերի մեջ, միայն Սուրիկ Խաչատրյանի ընտանիքն է ընկնում, ուրեմն մի բան կա, չէ՞՝ փոխմարզպետը, ի պատասխան, շնորհակալություն հայտնեց, որ այնպիսի ընտանիք ունի, որ միջադեպերի մեջ չի ընկնում. «Խորին շնորհակալությունս եմ հայտնում, որ դուք տեղյակ եք, որ չի ընկնում, հուսամ, որ չի ընկնի իմ ընտանիքը այդպիսի վիճակների մեջ: Բայց յուրաքանչյուրս էլ ապահովված չենք դրանից»:

Փոխմարզպետը հույս հայտնեց, որ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքը կհասնի հաջողությունների, ինչպես մեր բոլոր հայ ընտանիքները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031