Չնայած հունիսի 12-28-ը Բաքվում կայանալիք Եվրոպական ամառային 1-ին խաղերին Հայաստանի մասնակցել-չմասնակցելու շուրջ հանրային միասնական տեսակետ չկա, որոշում կայացված է եւ Հայաստանի մարզիկները պատրաստվում են մեկնել մրցավայր եւ պայքարել բարձր տեղերի համար:
Այսօր «Դիալոգ» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հանդիպումը լրատվամիջոցների հետ հենց այդ խնդրին էր նվիրված: Հրաչյա Ռոստոմյանը լրագրողներին տրամադրեց վեց մարզաձեւերում մեր հավաքական թիմերի հաստատված կազմերը եւ նշեց, որ այս պահի դրությամբ մեր մարզիկների անվտանգության եւ կազմակերպական աշխատանքներում որեւէ խնդիր չկա: «Մեր պատվիրակության, որի ղեկավարը ես եմ, առաջին խումբը մեկնում է հունիսի 10-ին, իսկ հետո թիմերը Խաղեր կժամանեն խումբ առ խումբ: Դուք տեղյակ եք, որ Եվրոպական խաղերը մեր ոչ մի ազգային ֆեդերացիայի տարեկան ծրագրում ընդգրկված չի եղել: Ուստի ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն ինձ հանձնարարել է մինչեւ Խաղերն ամենայն լրջությամբ զբաղվել մեր մասնակցությամբ բոլոր մարզաձեւերի հավաքականների մարզիչների եւ մարզչական խմբերի առաջ քաշած խնդիրներով՝ լրացուցիչ ուսումնամարզական հավաքներ, մասնակցություններ միջազգային մրցաշարերի, նյութատեխնիկական անհրաժեշտ բազաների ապահովում եւ այլն: Բարձրացված խնդիրները առանց որեւէ ուշացման ու ամենաբարձր մակարդակով իրականացվել են եւ այդ աշխատանքները հիմա էլ շարունակվում են: Այդ ամենը, ինչպես նաեւ կազմակերպիչ երկրի՝ Խաղերի ընթացքում բոլոր ֆինանսական ծախսերից (Ադրբեջանն իր վրա է վերցրել բոլոր երկրների ֆինանսական ծախսերը: Ա. Հ.) կտրականապես հրաժարվելը բավականին մեծ գումարներ են կազմում եւ այդ բոլորը ՀԱՕԿ-ի նախագահը վերցրել է իր վրա», – ասաց Հրաչյա Ռոստոմյանը:
Ճշտող հարցին, թե ինքը կոնկրետ Բաքվից, կազմակերպիչներից անվտանգության երաշխիքներ ստացե՞լ է եւ դրանք որեւէ ձեւով թղթի վրա ֆիքսվա՞ծ են, բանախոսը պատասխանեց. «Սա այն դեպքը չի, որ որեւէ խոսքով առաջնորդվես: Անվտանգության բոլոր երաշխիքները ստացել ենք երկու կազմակերպությունների՝ Միջազգային օլիմպիական կոմիտեից, Եվրոպայի օլիմպիական կոմիտեից եւ եւ Ադրբեջանի ամենաբարձր մակարդակի իշխանությունից: Եթե այդ երաշխիքները չլինեին, ոչ ՀԱՕԿ-ի որոշումը կլիներ, ոչ էլ ես այսօր ձեր առջեւ նստած կլինեի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ