2014-ին Երեւանի քաղաքապետարանի բյուջեից շուրջ 30 միլիոն դրամի կոնյակ ու մոտ 1.5 մլն դրամի թանկարժեք կոնյակի բաժակներ էին նվիրել մայրաքաղաքի հյուրերին, ինչը մամուլում մեծ արձագանք էր ստացել: Խոսքը Երեւանի տարիքը խորհրդանշող՝ «Էրեբունի-Երևան 2796» խորհրդանշով եւ հոբելյանական լոգոյով ավելի քան 1000 կոնյակի մասին է, որը տոնակատարությունների ժամանակ որպես հուշանվեր տրվել են մայրաքաղաք ժամանած պաշտոնական պատվիրակությունների անդամներին եւ հյուրերին:
Այսօր ԱԺ-ում լրագրողներն այդ առնչությամբ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանից երբ հետաքրքրվեցին՝ անիմաստ ծախսեր ինչո՞ւ եք անում, կարելի է խնայել՝ նա պատասխանեց. «Քաղաքապետարանի բոլոր ծախսերը հիմնավորված են, բոլոր ծախսերը բյուջեում ծրագրավորելուց առաջ ունեն տնտեսագիտական հիմնավորում: Դրանց անհրաժեշտությունն է հիմնավորված, ծավալն է հիմնավորված: Այնպես որ, մի մտածեք, թե քաղաքապետարանում բյուջեն կազմում են աչքաչափով: Քաղաքապետարանում նստած են պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք այդ բյուջեն կազմում են բյուջետային գործընթացին համապատասխան»:
Մեր հարցին՝ ո՞վ է խմել այդ թանկարժեք կոնյակից՝ փոխքաղաքապետը պատասխանեց. «Այդպես կրնկակոխ չեմ հետեւել, թե կոնյակն ով է խմել»:
Հարցին՝ արծաթե 400 հազար դրամանոց բաժակների տնտեսական հիմնավորումը ո՞րն է՝ փոխքաղաքապետը պատասխանեց. «Նվիրել ենք դա մեր պատվիրակություններին, հա, ի՞նչ է եղել»:
Կարդացեք նաև
Հարցին՝ բյուջեն այդքան մե՞ծ է, որ այդքան ճոխ նվերներ եք անում՝ նա պատասխանեց. «Ուրեմն Երեւան քաղաքը պակաս չի աշխարհի ոչ մի քաղաքից: Երեւան քաղաքն այդ գավառական հոգեբանությամբ չի տառապում, այո,՛ իր եկած հյուրին Երեւանի քաղաքապետարանը գիտի պատվով ընդունել ու պատվով ուղարկել, եղա՞վ»:
Նա ասաց, որ շատ կուզենար, որ բյուջեն մեծ լիներ: Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ մեծ լիներ բյուջեն, որ ավելի թանկ կոնյա՞կ խմեիք՝ փոխքաղաքապետը հունից դուրս եկավ. «Տղա ջան, արդեն զավեշտի ես վերածում: Մասնագիտությանդ մեջ մնա կոռեկտ ու մի՛ լազվի, դու արդեն սկսեցիր լազվե՛լ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ